Ես պետության մարդ եմ ու պաշտպանելու եմ պետությունը

Ես պետության մարդ եմ ու պաշտպանելու եմ պետությունը

Սյունիքի մի շարք համայնքապետեր, ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, թե Սյունիքի մարզի որեւէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել, հակադարձել էին, թե Արմեն Խաչատրյանի արած ամենածանր աշխատանքը Գորիսի համայնքապետարանում սուրճ խմելն է եղել։ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Իրենց ասածը բացարձակ իրականությանը չի համապատասխանում, Գորիսի համայնքապետարանում, այո, սուրճ հյուրասիրել են, եւ ամեն անգամ ասում եմ այդ մասին, բայց ես իմ կատարած աշխատանքը որեւէ կերպ չեմ փորձել լուսաբանել եւ ֆեյսբուքյան գրառումներ չեմ արել, նկարներ չեմ դրել, լրատվամիջոցներին հարցազրույցներ չեմ տվել կատարված աշխատանքների եւ այդ օրերի մասին եւ դա արել եմ միտումնավոր, որովհետեւ կարծում եմ, որ ընդհանրապես անհրաժեշտություն չկա արածը լուսաբանել, չգիտեմ, Ֆեյսբուք եւ այլն։ Այս պահին էլ ձեռնպահ եմ մնում ինչ-որ բան ասելուց, ժողովուրդը լավ գիտի, Գորիսի տարածքում տեղակայված ստորաբաժանումները, հատուկ ծառայությունները լավ գիտեն, բայց էս պահին հլը որ չեմ ասի, թե ինչ, կփորձեմ տեսնեմ՝ ինչքան իրենք առաջ կգնան»։

- Հուսով ենք՝ հայրենիքը չի մոռանա, կգնահատի Ձեր արածը։

- Պետք էլ չի, որ հայրենիքը գնահատի իմ արածը։

- Իսկ միտումնավո՞ր էիք փորձում ցեխ շպրտել սյունեցի համայնքապետերի ուղղությամբ՝ ասելով, թե չեն պայքարել թշնամու դեմ։

- Ուրեմն ասեմ, որ եթե ցեխ շպրտելու միտումնավորություն կա, ապա դա դրսեւորվել է իրենց կողմից եւ ոչ թե՝ իմ։ Դուք լսե՞լ եք իմ հարցազրույցը։ Բոլոր հաղորդումների, ելույթների ժամանակ որեւէ անդրադարձ չեմ արել իմ կատարած աշխատանքին, միշտ անդրադարձ եմ կատարել համայնքի կատարած աշխատանքներին։ Եթե դիտեք, կտեսնեք, թե ես ինչքան բարձր եմ գնահատել համայնքում կատարված աշխատանքները։ Այդ օրը Para.TV լրատվամիջոցը հարցնում է ինձ պատերազմից, թե համայնքի ղեկավարներն իրենց ջոկատներով դիմակայել են թշնամուն, եւ իմ պատասխանն ամբողջությամբ վերաբերել է պատերազմից հետոյին, պատերազմից հետո որեւէ թշնամուն դիմակայելու կամ մարտական գործողությունների մեջ մտնելու անհրաժեշտություն չի եղել։ Իմ ասելիքը դա է եղել։ Եվ ինչո՞ւ են նենգափոխում թե՛ լրատվամիջոցի հարցը, թե՛ դրա հետ կապված պատասխանները, եւ այս ամբողջ աժիոտաժը, որ ստեղծվել է, ինձ մոտ հարց է առաջանում՝ գուցե պե՞տք է եղել իրենց, որ այդպես ներկայացնեն։ Դրա համար առայժմ լռում եմ, որ հասկանամ՝ էլ որտեղից ում ձայնն է գալիս։

- Գուցե լրագրողը նկատի է ունեցել այն, որ ադրբեջանցիները սահմանազատման աշխատանքներ են իրականացնում GPS-ով, եւ Սյունիքի համայնքապետերն են իրենց ուժերով փորձում դիմակայել դրան, իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում։

- Ոչ, լրագրողի հարցը վերաբերում էր նրան, որ պատերազմից հետո, եւ դա այն լրատվամիջոցն է, որը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորության տակ է գործում՝ Para.TV-ն, Վահե Հակոբյանի․․․

- Ի դեպ, այդ լրատվամիջոցի եւ կոմբինատի փողերից սնվել են նաեւ ձեր որոշ պատգամավորներ․․․

- Հա, բան չեմ ասում, հիմի ով ինչից ա սնվել․․․ ես չգիտեմ՝ ով որտեղ ա աշխատել, էդ պատգամավորների կյանքի, առողջության եւ անցած ճանապարհի համար որեւէ կերպ պատասխանատվություն չեմ կրում, ես շատերի մասին շատ տեղեկություն ունեմ։ Բայց իմ խոսքը վերաբերել է պատերազմից հետոյին։

- Ձեր արած հայտարարությունների համար Ձեզ խիստ քննադատեցին, շատերն ասում են՝ ինչո՞ւ է Արմեն Խաչատրյանը վարկաբեկում ինքն իրեն․․․

- Օրինակ՝ ո՞ր  հայտարարությունները։

- Այն, որ կուրծք ծեծելով պաշտպանում եք իշխանություններին եւ ուզում եք ցույց տալ, թե Սյունիքում որեւէ խնդիր չկա։ 

- Ուրեմն, ես պետականամետ մարդ եմ եւ պաշտպանելու եմ պետությունը եւ պետականությունը՝ ով ուզում է լինի։ Եթե մեկը փորձի ինչ-որ պրովոկացիա անել, խուճապային տրամադրություններ ստեղծել, պետության եւ պետականության հեղինակությունը վարկաբեկել, որ չկա պետություն, այլ կան անհատներ, որոնք իրենց վրա վերցրել են պետության դերը, ես հաստատ էդ մարդկանց չեմ ասելու դրական խոսքեր, որովհետեւ ես պետության մարդ եմ ու պաշտպանելու եմ մեր պետությունը՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության։ Մեկին կարող է դուր է գալիս, հազարին էլ դուր չի գալիս։

- Ամեն դեպքում, Ձեր այսօրվա գործունեությամբ եւ հայտարարություններով վարկաբեկում եք ինքներդ Ձեզ։

- Ո՞ր հայտարարությունները կոնկրետ, ո՞րը դուրներդ չի եկել։ Օրինակ, որ ասում եմ՝ Ալիեւի հայտարարությունը ցինիզմ ա․․․ Ալիեւին շատ ավելի ուրիշ ձեւ կքննադատեի եւ շատ ավելի ուրիշ ձեւ կպատասխանեի, եթե չունենայինք գերիներ։ 

- Իրենք էլ մեզ մոտ ունեն գերիներ, բայց Ալիեւը շարունակում է հոխորտալ եւ Հայաստանի ղեկավարի հասցեին ամենալկտի արտահայտությունները թույլ տալ, ծաղրել, հոլովակներ են սարքում, որի համար ես՝ որպես քաղաքացի, շատ վատ եմ զգում, կարծում եմ՝ Դուք էլ։

- Իհարկե, մենք՝ բոլորս ենք վատ զգում, բայց հաշվի առ այն հանգամանքը, որ մենք գերիներ ունենք, եւ Ալիեւն այդ ցինիկ հայտարարությունները, որ անում է, այդ ցինիզմը երկար չի տեւելու, եւ դա մենք պետք է ապացուցենք մեր աշխատանքով եւ ամեն ինչով։ Ուղղակի չեմ ուզում Ալիեւին պատասխանեմ նույն տոնով, ասեմ, որ ինքը գլուխը պատին ա տալիս, եւ նման այլ արտահայտություններ։