Անմոռանալի նվեր

Անմոռանալի նվեր

Գիրք նվիրելու օրվա առթիվ

Է՜յ դու ջահել, հպարտ հասակ,
Անցար ոսկե ամպի պես...

Ավ. Իսահակյան

Ի՞նչ է պատանեկությունը, ի՞նչ է ջահել տարիքը: Իսկապե՞ս, մարդու «ջահել հասակը» ոսկե ամպ է: Ա՞մպ է պատանեկությունը, շո՞ղ, մեղեդի՞, գիսա՞ստղ, երա՞զ, չվող հա՞վք...

Բոլոր մնացած բարեմասնություններից առաջ պատանեկության տարիքը գրքի երկրպագության տարիքն է: Ե՞րբ ենք մենք կարդում, կարդում ամեն օր, ամեն ազատ ժամ, եթե ոչ այդ տարիքում: Հանենք այդ տարիքում կարդացած գրքերը, եւ մեր հիշողության մեջ կմնան զանազան լրագրերի, ամսագրերի, վավերագրերի, տեղեկագրերի չոր լեռնաշղթան եւ սոցիալական ցանցերի՝ հաճախ զավեշտի նմանվող գրառումները:

Գրքերի աշխարհ:

Այսօր էլ հիշում եմ լուսահոգի մորս բացատրած ընթերցանության «տեխնոլոգիան».
- Պառկած մի կարդա, աչքերիդ հեռավորությունը գրքից՝ 30 սմ, կարդալիս ոտքերդ մի շարժիր, թքոտ մատներով էջը մի շրջիր, կիսատ էջը մի ծալիր, գիրքը երկու տակ մի արա, մատներով մի ճմրթիր... 
Մորս ձեռքի տակ գրքերը քիչ էին, ինձ օգնության էր գալիս հատկապես հորս հորաքույրը՝ բնատուր մանկավարժական տաղանդով օժտված Սրբուհի տատը: Նա իր մորից ժառանգած մի սեւ սնդուկ ուներ՝ լեփ-լեցուն գրքերով:
- Ոչ մեկին գիրք չեմ վստահում, բայց քեզ կտամ, տեսնում եմ՝ կարդում ես, մանավանդ, գիտես պահել,- ասում էր նա ինձ:

Նրա սնդուկից, որքան հիշում եմ, կարդացել եմ Վիկտոր Հյուգոյի «Թշվառներ»-ը, Շիրվանզադեի «Քաոս»-ը, Նար-Դոսի «Մեր թաղը», Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղությունը» եւ ամենավերջում՝ այդ ժամանակ նոր լույս տեսած Բոգդան Վերդյանի «Ծաղիկներս մնացին հեռվում» գիքը: Ի դեպ, վերջինս առաջին գիրքն էր, որի հանրային քննարկմանը ներկա եմ եղել Շնողի մշակույթի տանը: Քննարկմանը ներկա էին նաեւ մայրս եւ հորս հորաքույրը:

Գիրքը, կարծում եմ, ամենաանմոռանալի նվիրն է: Ընծայագրով գիրքն ուղղակի սրբություն է: Խորին խորհուրդ ունի այն իրողությունը, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ նոր տոմարով փետրվարի 19-ը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Նույն ամսվա 10-ն էլ գրող-մանկավարժ, հրապարակախոս Ալբերտ Փարսադանյանի ծննդյան օրն է: Ու իմ գրադարակում մի առանձին անկյունում հավաքվել են նրա 17 գրքերը․ 16-ը՝ ընծայագրով, մեկը՝ առանց ընծայագրի․ չհասցրեց: Գիրքը նվեր, անմոռանալի նվեր է, բայց մեր կողքին քիչ չեն նվեր ստացողները, անգամ անձնական միջոցներով գիրք ձեռքբերողները, ովքեր ուղղակի մոռանում են, որ գիրքը միայն կարդալու համար է: Սեփական գիրքն անգամ հարստություն է միայն այն դեպքում, երբ տիրոջ ուղեղին են հասնում նրանում ամրագրված գաղափարները, մտքերը, հույզերը: 

Շատ անգամ եմ ափսոսանք ապրել, որ բախտ չեմ ունեցել տեսնել ու շփվել Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Ղազարոս Աղայանի հետ... Ու ամեն անգամ ինձ օգնության են հասնում նրանց գրքերը: Հիմա, երբ հիշում եմ Հովհաննես Թումանյանին, առաջինը ձեռքս եմ առնում Հայկական գրական հանրագիտարանների առաջնեկը՝ «Հովհաննես Թումանյան» հանրագիտարանը: Հատկապես, որ բանաստեղծին հիշեցնող մի մեծ շրջապատ (Հովհաննես Այվազյան, Գառնիկ Շախկյան, Սուսաննա Հովհաննիսյան, Ռոզա Ղազումյան, Վահագն Սարգսյան...) ինձ քաջածանոթ է: Ուրախ եմ, որ բացառությամբ լուսահոգի Գառնիկ Շախկյանի, նրանք դեռ մեր կողքին են ու պատրաստակամ՝ լրացուցիչ մանրամասներ ավելացնել գրքում տեղ գտած փաստական նյութին: Երբեք չեմ մոռանա այն զգացմունքները, որ ունեցել եմ Գառնիկ Շախկյանի խորիմաստ ընծայագրերին առնչվելիս: 

...Գիրք նվիրելու օրը տոն է՝ ազգային տոն: Այդ օրը տնից կարելի է դուրս գալ գոնե մեկ գրքով, ճանապարհին նվիրելու ակնկալիքով: Գիրք նվիրելու արվեստում կարելի է ներառել նաեւ գրքի փոխանակությունը: Տոնի խորհրդով գոտեպնդված՝ ուզում եմ առաջարկել, որ բացօթյա սրճարաններում բացվեն «բաց գրադարաններ»: Նման մի գրադարան կա Վանաձորի «Արցախ» պուրակում: Եթե ուզում ես տեղում գիրք կարդալ, վերցրու՝ կարդա: Եթե ուզում ես տուն տանել, պարտավոր ես տեղը դնել մեկ ուրիշ գիրք: Այս ճանապարհով կարող են պրոպագանդվել նաեւ նոր հրատարակվող գրքերը: Ուզում եմ ընթերցողն իմանա, որ գիրք նվիրելու առթիվ իմ խոհերի ամբողջացմանը օգնեց հանրաճանաչ Հրաչյա Հովհաննիսյանի «Ոսկե ամպ» հուշագրական վիպակի վերընթերցումը:

Եկեք միասին օրը տոն դարձնենք: Կարդա՛նք, նվիրե՛նք, փոխանակե՛նք գրքեր:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ