Արեւմուտքը չի հանգստանում

Արեւմուտքը չի հանգստանում

Բրիտանացի քաղաքագետ, Բիրքբեկի պրոֆեսոր Ռոբ Սինգհը հայտարարել է, որ Ուկրաինայում Արեւմուտքի սադրանքը չափազանց անիրատեսական է: Նա սադրանք է գնահատել Համայնքների պալատի պաշտպանության կոմիտեի ղեկավար Թոբիաս Էլվուդի եւ բրիտանացի այլ գործիչների այն դրույթը, որ Ուկրաինայում ռուսական հարձակումը զսպելու լավագույն միջոցն այդ երկրում Հյուսիսատլանտյան դաշինքի դիվիզիա տեղակայելն է։ Ապա բրիտանացի պատգամավորը զարգացրել  է ռուս-ուկրաինական պատերազմում ՆԱՏՕ-ի միջամտության տեսլականը:

Զապորոժիեի ատոմակայանին (ԶԱԷԿ) Ռուսաստանի հնարավոր ռազմական հարվածի արդյունքում, բնականաբար, տեղի կունենա ռադիացիայի հնարավոր արտահոսք դեպի դաշինքի անդամ երկրներ, իսկ դա (ԶԱԷԿ-ի միջուկային ռեակտորին հարվածելու դեպքում), նրա ասելով, կհանդիսանա ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի խախտում: Այդ հոդվածի համաձայն, հարձակումը կազմակերպության անդամներից որեւէ մեկի վրա դիտարկվում է որպես հարձակում բոլոր անդամների վրա։ 

Բրիտանացի գործընկերոջ կարծիքը պաշտպանել է Իլինոյս նահանգից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Քինզինգերը՝ հայտարարելով, որ ռադիացիայի ցանկացած արտահոսք մարդկանց կսպանի ՆԱՏՕ-ի երկրներում։ Բարեբախտաբար, բրիտանացի պատգամավորի եւ նրա ամերիկացի գործընկերոջ մտքով չի անցել մեղադրել նաեւ քամուն եւ քամուն քոթակելու համար հատուկ հոդված փնտրել Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրությունում: Ճիշտ այնպես, ինչպես պարսից արքա Քսերքսեքս Ա-ն, որ հրամայեց քոթակել Դարդանելի նեղուցի ջրերը (Ք. ա. 5-րդ դար), քանի որ դրա վրա կառուցված նավակամուրջը չէր դիմացել ալիքների ճնշմանը:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա իրականությունը 180 աստիճանով այլ է: Օգոսոտոսի սկզբից ուկրաինական զինված ուժերն են արեւմտյան սպառազինության շնորհիվ հարվածներ հասցնում ԶԱԷԿ-ին: Եվ մինչեւ նշված պատգամավորը փորձում է որեւէ պատրվակ գտնել ՆԱՏՕ-ական միջամտության համար, Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել ԶԱԷԿ-ի տարածքին: Դրա հետ մեկտեղ ռուսական ուժերին են մեղադրում նման գործողություն անելու մեջ: Հիշեցնեմ․ ԶԱԷԿ-ը գտնվում է ռուսական ենթակայության տակ անցած տարածքում, եւ, բնականաբար, ոչ մի տրամաբանություն չկա, թե ռուսները հրթիռակոծում են իրենց տարածքում գտնվող ատոմակայանը: Ի դեպ, վերջերս ատոմակայանի աշխատակազմը տեսաուղերձով դիմել է Ուկրաինայի ղեկավարությանը՝ կոչ անելով դադարեցնել կայանի հրթիռակոծումը։ Իսկ ԶԱԷԿ-ի աշխատակազմը մնացել է ուկրաինական: 

ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի առումով Լեհաստանն ավելի առաջ է գնացել: Հիշեցնեմ, որ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր մերձբալթյան երկրների հետ միասին Լեհաստանն առաջնային տեղ է զբաղեցրել ԵՄ  հակառուսական քաղաքականության մեջ: Լեհաստանի պաշտպանության նախարար Վոյցեխ Սկուրկեւիչը Ռուսաստանին սպառնացել է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով ոչ միայն ատոմակայանից հնարավոր ռադիոակտիվ արտահոսքի, այլեւ ՌԴ Կալինինգրադի մարզում ռուսական հիպերձայնային հրթիռների տեղակայման պատճառով։

Մինչ այդ պաշտոնապես հայտարարվել էր, որ հիշյալ մարզ են տեղափոխվել երեք ՄԻԳ-31 ինքնաթիռներ, որոնք հագեցած են «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով: Մարզի երկնքում դրանք իրականացնելու են շուրջօրյա մարտական հերթապահություն։ Հիպերձայնային հրթիռներով այդ երեք ՄԻԳ-երը, ենթադրաբար, այնպիսի սպառնալիք են Լեհաստանի համար, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ստիպված է տեղի տալ Լեհաստանի ճնշմանը: Սակայն մինչ Լեհաստանը ռուսական ՄԻԳ-երի վտանգից է խոսում՝ Գերմանիայի Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկին երկրի կառավարությունից պահանջել են գործարկել Ռուսաստանից Գերմանիա գնացող «Հյուսիսային հոսք 2» գազատարը՝ Ուկրաինային ավելի արդյունավետ աջակցելու համար: Նա նշել է նաեւ, որ գազատարի երկրորդ ճյուղը կարող է լուծել գերմանական էներգետիկ ոլորտի խնդիրները, ինչպես նաեւ ժամանակ կտա գազի հոսքերի հետագա դիվերսիֆիկացման համար։