Փաշինյանը «տարգաշների» ու «աբսլուգների» հասարակություն է ձեվավորում

Փաշինյանը «տարգաշների» ու «աբսլուգների» հասարակություն է ձեվավորում

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք Հայաստանում տնտեսական զարգացում հնարավոր չէ: Սա աքսիոմ է. ոչ մի բանական մարդ երկարաժամկետ ներդրում չի անի մի երկրում, որի իշխանությունը գտնվում է անսկզբունք, ամեն ինչում անհետեւողական մարդկանց ձեռքին, մի երկրում, որն անպաշտպան է թշնամական երկրների հարձակումներից,  երկրում, որի հասարակությունը որեւէ վստահություն չունի իր ապագայի եւ նույնիսկ վաղվա օրվա նկատմամբ, եւ որի կենտրոնում կարող է պայթյուն լինել եւ մի քանի րոպեում մի քանի տասնյակ մարդու կյանք խլել: 

Որքան էլ ցինիկ հնչի, Փաշինյանին էլ պետք չէ Հայաստանի զարգացումը: Զարգացած տնտեսություն՝ նշանակում է զարգացած եւ ապահովված հասարակություն, որը չի կարող հանդուրժել Փաշինյանի կիսագրագետ ու որեւէ բանի անընդունակ իշխանությունը: Փաշինյանին պետք է սոված, անգրագետ ու ապատիայի մատնված հասարկություն, որը կարող է սնվել ստով եւ կիսասոված գոյություն պահպանել՝ բավարարվելով իշխանության կողմից իրեն նետվող հումանիտար օգնությամբ: Ժամանակին Փաշինյանն ասում էր՝ Սարգսյանի իշխանությունը հատուկ է աղքատության մեջ պահում հասարակությանը, որ յուրաքանչյուր ընտրությանը հնարավորություն ունենա 10 հազար դրամ ընտրակաշառքով վերարտադրվել: Իշխանության գալով՝ Փաշինյանը որոշեց, որ այդ տեսությունն իր իշխանության ամրության եւ գոյության միակ երաշխիքն է, եւ որոշեց այդ տեսությունը հիմնավորապես ներդնել կյանքում: Չնայած դրամի արժեզրկմանն ու գների անասելի բարձրացմանը, Փաշինյանը կարողացավ հասնել նրան, որ լինեն մարդիկ, ովքեր կքվեարկեն նույնիսկ 2 հազարի դիմաց, իսկ 10 հազարը կհամարեն երկնային մանանա:

Ավելի մեծ ցինիզմ է, երբ նման պայմաններում Փաշինյանը տնտեսության զարգացմանը նվիրված ինչ-որ միջոցառումներ է կազմակերպում, ինչպես վերջերս Դիլիջանում գտնվող Կենտրոնական բանկի ուսումնագիտական կենտրոնում անցկացված երկօրյա քննարկումը,  որը նվիրված էր տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության մշակմանը: Վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհուրդը նիստ է անում, իսկ պաշտոնական հաղորդագրություններում ոչ մի խոսք չկա, թե արդյոք այդ նիստի ընթացքում քննարկվե՞լ է տնտեսության համար այս պահին ամենաակտուալ` դրամի արժեւորման հարցը: Հայաստանի տնտեսվարողները, նրանց միավորող հարյուրավոր կազմակերպություններ տեւական ժամանակ է՝ ահազանգում են, որ արժեւորվող դրամը ոչնչացնում է իրենց բիզնեսը, իրենց արտադրանքը դառնում է անմրցունակ, կորցնում են մեծ ջանքերի ու ժամանակի ընթացքում ձեռք բերված շուկաներ, հսկայական ֆինանսական կորուստներ են կրում, փակվում են աշխատատեղեր, բայց Հայաստանի իշխանությունը քար լռություն է պահպանում այդ ահազանգերի նկատմամբ: Անտարբերության ամենաակնհայտ դրսեւորումը դրամի փոխարժեքն է: 

Հայաստանի իշխանություններն ասում են, որ մենք ձեզ հետ խոսելու բան չունենք. Ոչինչ, որ ձեր բիզնեսը մեռնում է, բայց Հայաստանի տնտեսությունը զարգանում է: Չե՞ք հավատում, նայեք պաշտոնական վիճակագրությունը եւ կտեսնեք, որ մենք նույնիսկ երկնիշ տնտեսական աճ ունենք: Ոչինչ, որ արդյունաբերողները, շինարարները, բարձրտեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունները քայքայվում են, փոխարենն աճում են առեւտուրը եւ սպասարկման ոլորտը: Իսկ բանկերը նույնիսկ ծաղկում են՝ գերշահույթ ստանալով անտրամաբանական միջնորդավճարներից:

Տնտեսագիտության մեջ մի տերմին կա` «հոլանդական հիվանդություն», որը Հայաստանի տնտեսության ներկա վիճակի շատ հստակ ախտորոշումն է: 1959 թվականին հոլանդական Գրոնինգեն կոչվող տեղանքում հայտնաբերվեց գազի հսկայական պաշար, որտեղից արդյունահանվող գազը նպաստեց արդյունահանող արդյունաբերության շեշտակի աճին, ինչը հանգեցրեց արտահանման աճին, գուլդենի արժեւորմանը, առեւտրի ու սպասարկման ոլորտի աճին, բայց, դրան հակառակ՝ երկրի արդյունաբերությունը սկսեց անկում ապրել: Գուլդենն այնքան էր արժեւորվել, որ դրսից ապրանքներ ներկրելը դարձել էր անհամեմատ ավելի ձեռնտու, քան Հոլանդիայում արտադրելը: Հոլանդիան, իհարկե, բուժվեց այդ հիվանդությունից, քանի որ երկիրն ուներ գրագետ ու երկարաժամկետ հեռանկար հաշվարկելու ընդունակություն ունեցող իշխանություն, բայց հիվանդության ախտորոշումն ու սիմպտոմները մնացին պատմության մեջ:
Հայաստանում գազի հանքավայր չի հայտնաբերվել, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստանում հայտնվել է մեծ քանակությամբ արտարժույթ: Ռուսաստանցի զբոսաշրջիկները, ժամանակավոր Հայաստանում բնակություն հաստատածները եւ գործարարներն իրենց հետ բերում են հսկայական քանակի արտարժույթ, որը հանգեցրել է դրամի արժեւորմանը: Երկրի ՀՆԱ-ն աճում է, բայց դա թունավոր աճ է, որովհետեւ տնտեսությունը չի աճում համաչափ: Առեւտուրը, սպասարկման ոլորտը եւ բանկերն աճում են, բայց դրամի արժեւորման արդյունքում մյուս ճյուղերը կրում են վնասներ եւ խեղդվում են այդ աճի արդյունքում: Նրանք պահանջում են փրկության միջոցներ ձեռնարկել, որոնք տարբեր են, բայց նրանց պահանջին բանի տեղ դնող չկա: Վաղը, երբ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի, եւ ռուսները կվերադառնան իրենց երկիր,  հնարավորություն կունենան գործարարությամբ զբաղվել իրենց երկրում, Հայաստանի տնտեսական աճի այդ կարճաժամկետ էֆեկտը կվերանա: Իսկ փակված ու ոչնչացված ձեռնարկություններն այլեւս հնարավոր չի լինի վերականգնել: 

Արդյոք Փաշինյանը եւ նրա իշխանության ներկայացուցիչները սա չե՞ն հասկանում: Որքան էլ իշխանությունը լինի կիսագրագետ եւ ոչ կոմպետենտ, նրանք հասկանում են իրենց գործունեության արդյունքում Հայաստանի գլխին բերվող աղետի լրջությունը: Բայց նրանք համոզված են, որ այդ աղետն օգնելու է ամրապնդել իրենց իշխանությունը, դրա համար որոշել են ոչ մի կերպ չպայքարել դրա դեմ: 

Արդյունաբերողները, շինարարները, բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներգրավված մարդիկ հասարակության առավել գրագետ եւ զարգացած հատվածն են: Նրանք անհամեմատ ինքնուրույն են, քանի որ ինքնաբավ են, կախված չեն նաեւ իշխանության քմահաճույքներից եւ կարող են խնդիրներ ստեղծել իշխանության համար: Մինչդեռ առեւտրականները, սպասարկման ոլորտի ներկայացուցիչները որեւէ վտանգ չեն ներկայացնում իշխանության համար: Նրանք անընդունակ են համախմբման եւ միասնական ինչ-որ պահանջներ ներկայացնելու: 

Փաշինյանին ձեռնտու է տարգաշների եւ աբսլուգների իշխանության ղեկավար լինելը, նա դրանից ավելիի չի էլ կարող ձգել: Հասարակության մի մասը Թուրքիայից մայկա-տռուսիկ, նասկի կբերի, կծախի, մյուս մասն էլ ռուսների ու մյուս տուրիստների համար անկողին կհավաքի, տաքսի կքշի, սեղան կդնի-կհավաքի, վարսավիրություն կանի: Փաշինյանին էլ ի՞նչ է պետք որ. կյանքը՝ ուրախ, ապրուստը՝ ձրի: Իհարկե, նման հասարակությունը կործանարար է երկրի համար, բայց փրկություն է Փաշինյանի եւ նրա իշխանության համար:

Ավետիս Բաբաջանյան