Մեռնում ենք, որովհետև աղքատ ենք ու չպատվաստված

Մեռնում ենք, որովհետև աղքատ ենք ու չպատվաստված

Այսօր աշխարհում պաշտոնապես արձանագրվել է  կորոնավիրուսով վարակվելու շուրջ 250 հազար գրանցված նոր դեպք՝ ըստ Worldometers-ի։ Հաշվի առնելով տարբեր երկրների ժամային գոտիներով պայմանավորված տվյալների թարմացումները՝ թիվը կարող է օրվա ընթացքում ավելանալ։ Ընդհանուր առմամբ, «զրոյական պացիենտի» արձանագրումից ի վեր, անցնող 2 տարիներին ողջ աշխարհում գրանցվել է մահվան 5 միլիոնից ավելի դեպք։

Հայաստանում թվերը վախեցնող են․ փոքր՝ 3 միլիոն բնակչություն չունեցող երկրում՝ օրական 42, 50, 68 մահ։ Քովիդից մահերի կորագծի պատմական պիկը գրանցվեց մոտ օրերս՝ նոյեմբերի 2-ին, հասնելով օրական մահվան 68 դեպքի։ Նույն օրը՝ նոյեմբերի 2-ին, շուրջ 7 միլիարդանոց Երկիր մոլորակի վրա գրանցվել է մահվան 7 հազար 131 նոր դեպք։ Սա աշխարհում քովիդից մահվան դեպքերի կորագծում բավականին համեստ ցուցանիշ է եւ սա այն դեպքում, երբ 50-60 միլիոնանոց երկրներում՝ Իտալիայում, Գերմանիայում, այդ նույն օրական ցուցանիշը հոկտեմբերի վերջին օրերին եւ նոյեմբերի սկզբին կազմում է ընդամենը 40, 50, 60 մարդ։ 

Քովիդ բուժող համաճարակաբան Արմեն Օհանյանին հարցրինք, թե ինչով է պայմանավորված այն, որ Հայաստանում քովիդից մահերն այդքան շատ են, իսկ աշխարհում արդեն հստակ նվազում է նկատվում։ Նա ասաց․ «Ոչ մի բանով, սովորական ընթացք է։ Այդտեղ արտառոց բան չկա»։ Ինչպե՞ս հասկանալ․ պարզվեց՝ նկատի ունի «հիվանդության ագրեսիայի, աճող թվերի համեմատ եւ մեր երկրի հնարավորությունները հաշվի առնելով»։ «Մեր հնարավորություններ» ասելով էլ բժիշկը նկատի ունի մեր բուժսպասարկման որակը, մակարդակը, ֆինանսական հնարավորությունները։
Այսինքն՝ մենք չունենք դեղերի այն արսենալը, ինչը որ կա ողջ աշխարհում։ «Չունենք ԱՄՆ-ի կամ նույն Եվրոպայի հնարավորությունները»,- ավելացրեց բժիշկը։ Ի՞նչ դեղեր կան, որ պետպատվերի շրջանակներում չունենք։

Օրինակ՝ մոնոկլոնակալ հակամարմիններ։ Մեկ այլ բժիշկ էլ, որ ցանկացավ անանուն մնալ, ասաց. «Մահերի կառուցվածքը մենք չենք հասկանում։ Մենք շատ խիստ ինֆորմացիայի պակաս ունենք։ Այսինքն՝ մենք չգիտենք, թե ովքեր են մահանում ու ինչի են մահանում։ Ու չեմ զարմանա, որ հետագայում պարզվի, որ շատ-շատ մահեր հենց քովիդի անվան տակ են անցնում։ Կամ՝ պրոտոկոլային բուժման սխեմաներ կան, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ բուժումը սխալ է կազմակերպվել։ Կամ՝ բուժումն անփորձ բժիշկներն են անցկացնում, որովհետեւ փորձառու մասնագետներ այլեւս չեն մնացել կամ գրեթե չեն մնացել։ Շատ-շատ հարցեր կան։ Ես՝ անձամբ, ներսից գիտեմ, որ էն ջահել էրեխեքին տանում-նստացնում են որպես բուժող բժիշկ։ Իսկ փորձառու մասնագետներից անձամբ մի քանիսին գիտեմ, որ զզված դուրս են եկել։ Ու մասնավոր պրակտիկայով, անգամ՝ հեռակա, բուժում են ու էսքան ժամանակ մի հատ մահ էլ չեն տվել։ Համակարգային մի հատ կրիզիս են ստեղծել թե՛ պատվաստման տակտիկան որոշելու, թե՛ մարդկանց բուժելու առումով։ Դա ոնց որ թե ոչ մեկին պետք էլ չէ, պարզապես մի պլանկա կա դրված, որ ինչ-որ թվեր ցույց տան` ցույց տան, որ մահերը շատանում են։ Իրական առողջապահության մասին ոչ ոք չի մտածում»։ 

Մի ուշագրավ երեւույթ․ աշխարհում մահվան պիկերը համավարակի այս գրեթե 2 տարիներին գրանցվել են 2021 թ․ հունվար-փետրվար ամիսներին, երբ կորոնավիրուսից օրական, միջինացված թվերով, աշխարհում մահացել է 18 հազար մարդ, եւ ապրիլին, երբ նույն ցուցանիշը եղել է 15 հազարի միջակայքում։ Այս տարվա մայիսից սկսած՝ մահվան կորն աշխարհում իջել է, նվազագույն ցածր աստիճանի է հասել ամռան ամիսներին եւ սկսել է փոքր-ինչ բարձրանալ աշնանը՝ ջեռուցման սեզոնին (փակ տարածքները եւս նպաստում են հիվանդության տարածմանը)՝ մնալով օրական 10 հազարի սահմանագծում, իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ավելի ու ավելի իջնելով․ 6000-8000-ի միջակայքում։

Այս վիճակագրությունից առաջին հայացքից կարելի է պարզել, որ, այնուամենայնիվ, պատվաստված երկրներում մահերն իջնում են այն երկրներում, որտեղ բնակչությունը 70 տոկոսից ավելի բարձր պատվաստման ցուցանիշ ունի՝ ամբողջությամբ 2-րդ դեղաչափը ներառյալ: Այդ երկրներում եթե ոչ հիվանդացությունը, ապա գոնե մահացությունն էականորեն նվազել է։ Հոկտեմբերի 12-ի տվյալներով՝ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացած երկրների թվում առաջատարներից է Դանիան, որտեղ պատվաստման երկրորդ չափաբաժինը ստացել է երկրի բնակչության 75․44 տոկոսը, հոկտեմբերի 14-ին չի գրանցվել հիվանդության եւ մահվան որեւէ նոր դեպք։ 

Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ ամբողջությամբ պատվաստված է երկրի բնակչության 84.39 տոկոսը, նույնպես 2 օրվա կտրվածքով ոչ մի մահ, ոչ մի նոր դեպք չի եղել։ Իտալիայում շուրջ 60 միլիոն բնակչությունից պատվաստում ստացել է բնակչության 76․05 տոկոսը, ամբողջությամբ պատվաստված է (երկրորդ դեղաչափը ներառյալ) 69․37 տոկոսը։ Մահացության պիկն այս երկրում արձանագրվել է 2020 թ․ մարտի 27-ին․ այդ օրը գրանցվել է 921 մահ։ Հաջորդ պիկը եղել է 2020 թվականի դեկտեմբերի սկզբներին․ դեկտեմբերի 3-ին, օրինակ, գրանցվել է 992 մահ։ Ապրիլի 10-ից մահվան դեպքերի թիվն աստիճանաբար իջել է՝  հոկտեմբերի 7-ին հասնելով օրական 47 դեպքի։ 

Իսկ շաբաթվա վիճակագրական կտրվածքով (նախորդի հետ համեմատած)՝ դեպքերն աստիճանաբար նվազել են։ 

ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում, ինչպես ընդունված է ասել՝ այլ զարգացած երկրներում պատվաստումը սկսել են 2020 թվականի դեկտեմբերից, մեզ մոտ՝ այս տարվա։ Բժիշկ Արմեն Օհանյանը համաձայն է՝ չպատվաստված լինելու հանգամանքն էլ կա։
Ասում է` մեզ մոտ վիճակը վատ է, իսկ արտերկրում` լավ, որովհետեւ պատվաստված են, որովհետեւ բժշկության մակարդակն այլ է, դեղորայքային սպասարկումն այլ է. «Այդ ամենը դեր է խաղում»։