Ռևա՞նշ, թե՞ նոր զիջումներ՝ ո՞ր տեսակն ենք մենք

Ռևա՞նշ, թե՞ նոր զիջումներ՝ ո՞ր տեսակն ենք մենք

Որքան խորամուխ ենք լինում 44-օրյա պատերազմում մեր պարտության եւ Ադրբեջանի հաղթանակի պատճառների մեջ, այնքան համոզվում ենք, որ իրավիճակը մեզ մոտ գրեթե նույնական էր արցախյան առաջին պատերազմում պարտված թշնամու ներքին իրողություններին։ Այն ժամանակ Ադրբեջանը ներքին պառակտումների հորձանուտում էր՝ ներքաղաքական անկայուն իրավիճակում, կանոնավոր բանակ էլ չէր ձեւավորվում։

Երբ մեզ մոտ հարաբերական ներքաղաքական կայունությունը, ներքին համերաշխությունն ու կայացած զինուժի հաջողությունները դրվեցին կասկածի տակ, թշնամին հարձակվեց ու հաջողության հասավ։

Առաջին պատերազմից հետո Ադրբեջանը, բնականաբար, չհամակերպվեց հայոց զենքի փառավոր հաղթանակի եւ սեփական նվաստացուցիչ կորուստների հետ։ Իլհամ Ալիեւն իր նախագահության ամբողջ ընթացքում նույնիսկ չփորձեց թաքցնել սեփական մտադրությունը, այն է՝ մեկուսացնել Հայաստանը, թուլացնել ներսից եւ դրսից, ապա ռազմականապես լուծել արցախյան հարցը:
2010-ից ի վեր սահմանագծում իրադրության հետեւողական լարումը, 2014-ի օգոստոսյան միկրոպատերազմը եւ հատկապես 2016-ի ապրիլյան մարտերը, սակայն, տապալեցին Բաքվի ռեւանշիստական ձգտումները։ Թշնամին այդպես էլ չկարողացավ նույնիսկ մարտավարական գերակայության հասնել մեր նկատմամբ, հարձակումները ճիշտ ժամանակին կասեցվեցին, ավելին՝ ապրիլյան պատերազմի օրերին հայկական զինուժի հակահարձակումների հետեւանքով մի քանի ուղղությամբ թշնամին զգալի մարդկային կորուստներ կրեց։

1994-ից ի վեր Ադրբեջանը չէր էլ կարող երազել Ստեփանակերտը ռմբահարելու մասին։ Ապրիլյան մարտերի ժամանակ նման սպառնալիքն արժանացավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի զգուշացմանը՝ դե թող փորձեն։ Արդյունքում՝ Վարազաթմբի առումը եւ մի քանի հարյուր հեկտարի գրավումը թշնամին ներկայացրեց որպես դարի ձեռքբերում, եւ նրան զարմանալիորեն ձայնակցեց երբեմնի ընդդիմությունը, որի մեծագույն մասն այսօր իշխանության է։

Ժամանակին ապրիլյան մարտերը որպես Հայաստանի համար աշխարհացունց աղետ ներկայացրած Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք Արցախի դեմ նոր պատերազմն սկսվեց Ստեփանակերտի օդային գրոհով՝ ՊԲ հրամանատարի աշխատասենյակի կետային ռմբակոծմամբ։ Այս անգամ արդեն թշնամու պլան մաքսիմումը Շուշին ու Ստեփանակերտն էին։ Հարավային ուղղությունը ճեղքած եւ Արաքսի հովիտը զավթած, ապա անարգել դեպի Արցախի կենտրոն՝ Շուշիի շրջան թշնամու զորաշարժը չկասեցրած, Արցախի միջնաբերդի դարպասներն ադրբեջանցիների առաջ բացած այս գերագույն հրամանատարի համար, պարզվում է, ապրիլյան մարտերը պարտություն էին, իսկ 44-օրյա պատերազմը՝ զարգացման եւ տարածաշրջանային երկարաժամկետ խաղաղության հնարավորություն։

Եթե Փաշինյանի ատելի նախկին նախագահներից որեւէ մեկն ազատագրված տարածքները զիջեր Ադրբեջանին, ռազմական գործողություններն սկսվելու էին ոչ թե Ջրականի, այլ Շուշիի եւ Բերձորի մատույցներից։ Ցավալիորեն, հաջորդ իշխանությունը Փաշինյանից ժառանգելու է մարտավարական առումով սարսափելի աննպաստ սահմաններ եւ ռելիեֆ, ինչը կործանարար կլինի հնարավոր նոր պատերազմի դեպքում։

Բայց անգամ հիմա՝ նման տիեզերական մասշտաբի կորուստներից հետո, Հայաստանը, պարզվում է, որպես նախաքայլ դիտարկում է նոր տարածքների զիջումը՝ խորհրդային քարտեզների մասին պնդումների փաթեթավորմամբ, ինչը պարզապես ինքնասպանության վերջին արարը կլինի։

Դավիթ Սարգսյան