Սթրեսակայուն արարածների վերածվելու գաղտնիքը

Սթրեսակայուն արարածների վերածվելու գաղտնիքը

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարությունը նախագիծ է պատրաստել ՀՀ գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի տեղակալների եւ Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների (թվով 21) համար, նախնական հաշվարկով, տարեկան կտրվածքով շուրջ 144 մլն դրամ պետական բյուջեից հատկացում կատարելու վերաբերյալ։ Ըստ այդ նախագծի, պահանջվող գումարը վերը նշված կատեգորիայի պաշտոնյաներին բաժանվելու է հավելավճարների տեսքով:

Գլխավոր դատախազին, ըստ այդմ, վճարվելու է աշխատավարձի 95 տոկոսին հավասար հավելավճար, նրա երեք տեղակալներից մեկին՝ 90, մյուսին՝ 100, եւ երրորդին (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ առնչվելիք)՝ 120 տոկոսին հավասար: Դատախազներին հավելավճար է հատկացվելու 100-ական տոկոսի չափով: 

Նախագծում տրված է նաեւ նշված պաշտոնների համար հավելում նախատեսելու հիմնավորումը. դա այն հանգամանքն է, որ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելը կրում է առանձնակի ռիսկային բնույթ:

Միաժամանակ նշվում է, որ այդ «պաշտոնների համար հավելումներ սահմանելն իր հիմքում ունի օբյեկտիվ չափանիշներ եւ բխում է ողջամիտ անհրաժեշտությունից, քանի որ վերաբերում է ՀՀ դատախազության համակարգում գործող այն ստորաբաժանման դատախազներին, որոնք ի լրումն դատախազի պաշտոնից բխող ռիսկերին, բարձր պատասխանատվությանը եւ լարվածությանը, կատարելու են խիստ յուրահատուկ մասնագիտական պարտականություններ»: Իսկ «խիստ յուրահատուկ մասնագիտական պարտականություններ» հասկացությունը չգիտես ինչ տրամաբանությամբ բացվում է այսպես. «Մասնավորապես, կոռուպցիոն հանցագործություններով գործերի քննության նկատմամբ հանրային հետաքրքրվածության մակարդակը շատ ավելի բարձր է»: Այսինքն՝ այդ մասնագիտական պարտականությունները խիստ յուրահատուկ են, քանի որ կոռուպցիոն գործերով քննության նկատմամբ հանրային հետաքրքրասիրությունը սովորականից ավելի բարձր է: «Իջե՛ք, հասանք»՝ կասեր տրամաբանության փորձագետը սրա առնչությամբ:

Որպես հիմնավորում՝ նշվել են նաեւ միջազգային կառույցներին անդամակցությունից եւ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունը եւ ՀՀ քաղաքացիների առաջ պետության ստանձնած պարտավորությունները: Կա նաեւ մեկ այլ հանգամանք, եւ ես ցանկանում եմ մեջբերել այն ամբողջությամբ. «...անհրաժեշտ է հաշվի առնել, որ, որպես կանոն, կոռուպցիոն հանցագործություններով հանցավոր արարք կատարելու մեջ մեղադրվող անձինք ունեն լծակների հարուստ զինանոց, առավել եւս, եթե զբաղեցնում են կամ զբաղեցրել են ղեկավար պաշտոն իրավապահ համակարգում կամ որեւէ այլ կերպ առնչություն ունեն կամ ունեցել են իրավապահ կամ արդարադատության մարմինների հետ: Նման պայմաններում առավել մեծ են ռիսկերը, որ կոռուպցիոն գործերով հետաքննության եւ նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող եւ դատական քննության ընթացքում որպես մեղադրող հանդես եկող պաշտոնատար անձի՝ դատախազի նկատմամբ ճնշումների փորձեր կնախաձեռնվեն»: 

Ասվածը նշանակում է, որ «ժողովրդի իշխանության» ներկայացուցիչները, որոնք, ենթադրաբար, զբաղեցնում են ղեկավար պաշտոն իրավապահ համակարգում, կօգտագործեն իրենց լծակները՝ այդ դատախազների նկատմամբ ճնշումներ բանեցնելու համար: Ընդդիմադիր մամուլը, ենթադրենք, ներկայացնում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի մերձ շրջապատից ոմանց կոռուպցիոն վարքագծի վերաբերյալ նյութեր, ու դատախազությունը քրեական գործեր է հարուցում: Եվ նրանք էլ ճնշում են բանեցնում նիկոլական դատախազության վրա: Էլ չեմ խոսում նրանց մասին, ովքեր նման պաշտոններ են զբաղեցրել նախկինների օրոք: Պատկերացնում եք՝ «ասֆալտին փռվող կամ պատին ծեփվող» նախկիններն այնքան զորություն ունեն, որ Նիկոլի օրոք ճնշումներ բանեցնեն դատախազների եւ այդ թվում՝ գլխավոր դատախազի ու նրա տեղակալների վրա:

Շարունակենք նախագծի ընթերցումը. «Այս պայմաններում դատախազի գործունեությունն ավելի սթրեսային է դառնում՝ պահանջելով վերջինից՝ կողմի եւ հանրության հնարավոր ճնշումներին դիմակայելու, պետության եւ հանրության շահերը ենթադրյալ կոռուպցիոն հանցագործության քննության ընթացքում լավագույնս ներկայացնելու ունակություն»: Այսինքն՝ սթրեսակայուն լինելու գլխավոր պայմանը լրացուցիչ վարձատրություն ստանալն է: Մինչեւ վերջերս ես կարծում էի, թե սթրեսակայուն լինելու պայմաններից են երաժշտություն լսելը, ընթերցանությունը, սպորտով զբաղվելը, շոկոլադ ուտելը՝ ի վերջո, բայց պարզվում է, որ դրանք հեչ՝ գլխավորն աշխատավարձի հավելավճարն է: Կարծում եմ, որ նման հիմնավորում արարողին ու ներկայացնողին պետք է ներկայացնել հոգեբանության գծով հականոբելյան մրցանակի: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2022 թվականից Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արվելու, քանի որ վերը նշված կատեգորիայի դատախազներն այսուհետ ապահովված կլինեն սոցիալական երաշխիքներով, իսկ ըստ 2019 թվականին ընդունված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության, «վարչական կոռուպցիայի հաղթահարման կարեւորագույն տարրերից է նաեւ անհրաժեշտ սոցիալական երաշխիքների սահմանումը»: Պարզվում է, որ 2020 թվականի պատերազմում խայտառակ պարտությունից եւ դրա հետեւանքով առաջացած սոցիալական հսկայական հիմնախնդիրներից կարեւոր է  վարչական կոռուպցիայի հաղթահարման նպատակով որոշակի կատեգորիայի դատախազներին՝ գլխավոր դատախազն ու նրա տեղակալները ներառյալ, սոցիալական երաշխիքների տրամադրումը: Ինչ վերաբերում է վարչական կոռուպցիային, ապա դա այն է, ինչին մենք ականատես եղանք համապետական եւ տեղական ընտրությունների ընթացքում:

Ի դեպ, որպեսզի անհստակություն չլինի, ասենք, որ վարչական այդ կոռուպցիան նախաձեռնվել էր ոչ թե որպես ընդդիմադիրներ հանդես եկող նախկինների, այլ գործող իշխանության կողմից: 

ՀԳ. Ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների, գլխավոր դատախազի աշխատավարձը՝ հարկերով հանդերձ, այս պահին շուրջ 1 միլիոն դրամ է, տեղակալներինը՝ ավելի քան 700 հազար, դատախազներինը՝ շուրջ 400 հազար: Երեւի այդքան էլ նրանք ստանում էին պարգեւավճարների տեսքով: Մի այդքան էլ հավելավճար ստանալով՝ նրանք, վերջապես, կստանան սոցիալական երաշխիքներ եւ կվերածվեն սթրեսակայուն արարածների: