Մարդիկ հասկացան, որ իշխանությունը չի կարող դատավճիռներ բեկանել, եթե դրանք ուժի մեջ են մտել

Մարդիկ հասկացան, որ իշխանությունը չի կարող դատավճիռներ բեկանել, եթե դրանք ուժի մեջ են մտել

Քննչական կոմիտեում քննիչներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, դրա համար էլ ոմանք չեն դիմանում` դուրս են գալիս աշխատանքից։ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին 9 ամիսների կտրվածքով մեկ քննիչին 68 քրեական գործ է բաժին հասել։ Բայց թե քանիսն են այդ պատճառով դուրս եկել համակարգից՝ դժվարացավ նշել, նման վիճակագրություն չեն վարում։

«Ընդհանուր առմամբ, աշխատանքը ծանրաբեռնված է եւ այդ ծանրաբեռնվածությանը համարժեք չի վարձատրվում․ սկսնակ քննիչը մոտ 220 հազար դրամ է ստանում, պարգեւավճարներով մոտ 300 հազարին է մոտենում։ Մենք ունենք ե՛ւ գրագետ, ե՛ւ պրոֆեսիոնալ քննիչներ, որոնք նմանատիպ աշխատանքը նմանատիպ ծանրաբեռնվածությամբ կատարում են որպես փաստաբան, բայց ստանում են ոչ թե 300 հազար, այլ 1 միլիոն դրամ»։

- Քանի՞ քննիչ ունեք, եւ վերջին մեկ տարվա կտրվածքով քանի՞սն են դուրս եկել համակարգից։

- Մոտ 700-750 քննիչ ունենք։ Այս պահի դրությամբ, եթե չեմ սխալվում, 10-20 թափուր հաստիք ունենք, որոնց մեջ ունենք ե՛ւ դուրս եկածներ, ե՛ւ կենսաթոշակի գնացածներ, ե՛ւ տարբեր պատճառներով հեռացածներ, բայց վերջին շրջանում Արդարադատության ակադեմիայից մոտ 60 շրջանավարտ ունեցանք, որոնցով վերականգնվեցին թափուր տեղերը։ Մեզ մոտ էնպես է, որ ե՛ւ գնացողներ ունենք շատ, ե՛ւ եկողներ։ Այսօր քննչականը երիտասարդների համար բավականին գրավիչ է․ նրանք գալիս են, որոշակի ժամանակ աշխատում են, մեկն էդ ծանրաբեռնվածությանը դիմանում է, մյուսը՝ ոչ։

- Իսկ եկող տարվա բյուջեն ավելացե՞լ է, որքա՞ն է կազմում նախագծով։

- Ոչ, եթե չեմ սխալվում՝ կրճատվել է․ 2022 թ. բյուջեն 8 մլրդ 340 մլն դրամ է կազմում, իսկ 2021 թվականինը` 8 մլրդ 377 մլն էր։ Մենք համազգեստի հետ կապված խնդիր ունեինք, այս տարի համազգեստի համար նախատեսել էինք գումար, մյուս տարի չի նախատեսվել, նվազումը դրանով է պայմանավորված։

- Իսկ բացի ծանրաբեռնվածությունից, արտահոսքի վրա քաղաքական իշխանության փոփոխությունը, պատերազմն ազդեցություն ունեցե՞լ են, որ մարդիկ իրավապահ մարմիններում այլեւս չցանկանան աշխատել այս իշխանությունների օրոք։

- Մենք նման արձանագրված դեպք, որ պատճառը գրեն դա եւ դուրս գան, չունենք արձանագրված։ Միգուցե ինչ-որ մեկը գնացել է՝ դժգոհ լինելով, ամեն դեպքում՝ դիմում, որ «խնդրում եմ ինձ ազատեք, որովհետեւ էսպես», իմ տեղեկություններով՝ չունենք։

- Գուցե չեն ասել, բայց նկատել եք այդպիսի միտում։

- Գիտե՞ք, ես մոտ 25 տարվա իրավապահ համակարգում աշխատանքի ստաժ ունեմ, վստահաբար Ձեզ ասեմ՝ իրավապահ մարմնի աշխատակիցները մեծամասամբ չքաղաքականացված են եւ, որպես կանոն, քաղաքական հայացքներով, իշխանության սուբյեկտներով պայմանավորված՝ էդպիսի որոշումներ չեն կայացնում։ Չեմ բացառում, որ 1, 2, 3 դեպք եղած լինի, բայց ես չգիտեմ։

- Սակայն երկրի ղեկավարի կողմից հայտարարություններ են հնչում, որոնք առերեւույթ միջամտություն են իրավապահ մարմինների աշխատանքին: Կան գործեր, որոնք քաղաքական ենթատեքստ ունեն, եւ քննիչները տեսնում են, որ անգրագիտություն է այդ ճանպարհով գնալը, բայց կա հստակ քաղաքական հրահանգ, ստիպված են լինում գտնել «հիմքեր» ու «գործ կարել»։

- Վստահաբար ասեմ՝ որեւէ քննիչ չի ուղղորդվում, Ձեզ ուղղակի վստահեցնում եմ։ Եվ մի բան էլ ասեմ՝ քննիչը տարեցտարի, հատկապես վերջին տարիներին, ավելի անկախ է որոշումներ կայացնում։

- Քաղաքական հնչեղություն ունեցող գործերում կան դեպքեր, որ եթե նույնը նախորդ իշխանությունների օրոք լիներ, այսօրվա իշխանությունը դա կդարձներ դրոշակ ու մեծ աղմուկ կբարձրացներ։

- Չեմ ուզում ասել՝ իշխանությունը որ դեպքում ինչպես կարձագանքեր, բայց ես Ձեզ ուղղակի վստահեցնում եմ՝ տարեցտարի քննիչն ավելի անկախ է գործում։ Այսօր քննիչն ինքնուրույն որոշումներ է կայացնում։

- Մեկ օրինակ բերեմ․ օրեր առաջ կալանքից գրավով ազատվեց Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, որը մայրաքաղաքի կենտրոնում կրակել էր քաղաքացու վրա, իսկ ինչ-որ ընտրական ճնշման մեջ մեղադրվող անվանի բժիշկ, ընդդիմադիր պատգամավոր Արմեն Չարչյանը, որն առողջական լուրջ խնդիրներ ունի, գտնվում է կալանքի տակ։

- Նախ՝ կալանավորման-չկալանավորման մասով երեւի թե դատարաններին դիմեք կամ կոնկրետ դատավորներին։

- Բայց նախնական փուլում քննչական մարմինն է, չէ՞, կալանավորման միջնորդություն ներկայացնում։

- Այո, մենք ներկայացնում ենք։ Հիմա Ձեր բերած 2 օրինակով էլ քննչականը ներկայացրել է․ մի դեպքում բավարարվել է, մի դեպքում չի բավարարվել կամ երկու դեպքում էլ բավարարվել է։ Խափանման միջոց փոխելու իրավասություն, տվյալ պարագայում, ունի դատախազը կամ դատարանը։ Քննիչը խափանման միջոց փոխելու մասով իրավասություն չունի, հետեւապես, ես Ձեր հարցին չեմ կարող պատասխանել։

- Հայտնի է, որ նման երեւույթները ստվերում են իրավապահ համակարգի անկախությունը։ Եվ հասարակությունը չի ընկալում Ձեր ներկայացրած իրավական հիմքերը․ մարդիկ ասում են՝ իշխանական պատգամավորի եղբորն ազատեցին, իսկ ընդդիմադիր պատգամավորին, որը հիվանդ է, պահում են կալանքի տակ։

- Կներեք, ո՞վ է ազատ արձակել, հաստատ՝ ոչ քննիչը․․․ Այո, քննիչը միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է, բայց դրանից հետո ինչ-որ զարգացումներ են եղել, որտեղ արդեն քննիչն անելիք չի ունեցել, նրա տիրույթից դուրս է։

- Դուք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում խնդրահարույց կետեր չե՞ք նկատել՝ սկսած դատարաններին վերաբերող ելույթներից մինչեւ քրեական գործեր։

- Այդ հարցերը, կարծում եմ, քաղաքական ենթատեքստ ունեն, թույլ տվեք չպատասխանել։

- Իսկ վերլուծե՞լ եք, թե քննիչների այդ ծանրաբեռնվածությունը հատկապես որ շրջանում է ավելացել, եթե 2018-ից հետո, ապա դա ինչո՞վ է պայմանավորված։

- Մի քանի գործոն կա․ նախկինում այս մանրամասնությամբ, օրենքի տառով, այսպես մանրակրկիտ կարգավորումներով ո՛չ դատավարություն էր իրականացվում, ո՛չ՝ նախաքննություն, որովհետեւ շատ դեպքերում նաեւ փաստաբանները չէին մասնակցում քրեական գործերին։ Իսկ այսօր անգամ կարգապահական հանձնաժողովում ուզում են քննարկել՝ քննիչը խախտում թո՞ւյլ է տվել, թե՞ ոչ, մարդը փաստաբանով է գալիս։ Այն ժամանակ պայմանական 10 քրեական գործից 2-ով էր պաշտպան մասնակցում, այսօր 10-ից 8-ով, 9-ով։ Իսկ եթե պաշտպանը մասնակցում է քրեական գործին, ինքը բազմաթիվ միջնորդություններ, նկատառումներ է անում։ Ես միշտ ասել եմ՝ փաստաբանն օգնում է նաեւ քննիչին այն առումով, որ ինքն ինչ-որ բաներ նկատում է, որը քննիչը չի նկատել։

- Իշխանափոխությունը նպաստե՞լ է գործերի ավելացմանը։

- Իշխանափոխությունը նպաստեց այնքանով, որքանով որ մենք ունեցանք բազմահազար դիմումներ նախորդ 30 տարիների իրադարձությունների վերաբերյալ։

- Դա նորմա՞լ է։

- Ես չասեմ՝ նորմալ է, թե ոչ, որովհետեւ դա թող քաղաքագետներն ու քաղաքականությամբ զբաղվողները որոշեն։

- Մարդիկ ասում են` վերջին 3 տարում ժողովրդին դարձրել են «գործ տվող»։ Մեկը մյուսին 30 տարի առաջ գումար է պարտք եղել, այսօր դիմում է իրավապահներին, որ հետ ստանա։ Սա նաեւ հասարակական հարաբերությունների, մթնոլորտի աղճատմանը չի՞ նպաստել։

- Չէ, ես գնահատականներ, թույլ տվեք, չտամ։ Ես Ձեր ազատությունը չունեմ գնահատականներ տալու առումով։ Պարզապես ամեն մի փոփոխության դեպքում՝ կլինի քաղաքական, պատմամշակութային եւ այլն, հասարակության մոտ նոր հույս է արթնանում, եւ մարդիկ հույս ունեին, որ կայացված, օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ կփոխվեին, բայց օրենքում նման կանոն չկա։ Բայց այսօր այդ մեծ թափը՝ դիմումների քանակության, այլեւս չունենք, որովհետեւ մարդիկ հասկացան, որ օրենքն օրենք է ցանկացած իշխանության ժամանակ։ Եթե կա օրինական ուժի մեջ մտած դատավաճիռ, եւ չկա նոր երեւան եկած հանգամանք, կապ չունի՝ որ իշխանության օրոք ես դու դիմումը ներկայացնում։ Մարդիկ հասկացան, որ այս իշխանությունը հրաշագործ չէ, որ դատավճիռներ բեկանի, եթե այն օրինական ուժի մեջ է մտել։