Եթե զինվորը չպետք է կրակի, պատասխան տա ագրեսորին, էլ ինչի՞ համար է սահմանին կանգնած

Եթե զինվորը չպետք է կրակի, պատասխան տա ագրեսորին, էլ ինչի՞ համար է սահմանին կանգնած

Նիկոլ Փաշինյանը խաղաղություն ասելով, փաստորեն, նկատի ունի այս սողացող պատերազմի վիճակը, որի ժամանակ մենք շարունակ զոհեր ենք տալիս: Իսկ հայ ժողովուրդն ակնկալում է իրական խաղաղություն, բայց արժանապատիվ ճանապարհով: Այսօր ադրբեջանական կողմը Սյունիքի ուղղությամբ կրկին կրակ է բացել, ունենք չորս զոհ: Պաշտպանության նախարարությունն ասում է, որ կպարզեն մեղավորին և կպատժեն, ակնարկելով, որ հայ զինծառայողն է կրակ արձակել։

Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Արցախյան երկու պատերազմների մասնակից, երգիչ Արսեն Սաֆարյանի հետ: 

- Արսեն, Պաշտպանության նախարարությունն ասում է, որ կպարզի, ովքեր են մեղավորները և կպատժի նրանց: Երբևէ կմտածե՞իք, որ հայ զինվորի կողմից` երկրի սահմանները պաշտպանելու փորձը մի օր կասկածի տակ կդրվի….

- Ես այնքան եմ դժվարանում այս մասին խոսել, երբևէ չեմ մտածել, որ կգա մի օր, երբ դիրքում կանգնած զինվորին` թշնամու առաջխաղացման դեպքում կրակելու համար մեղավոր կհամարեն:

- Ի՞նչ եք կարծում` ինչու են հանրությանն անընդհատ պատերազմով սպառնում, այս վախեցնելը ո՞ւր է տանում մեզ: 

- Եթե խոսքը բանակի մասին է, ապա այդ վախ բառն անգամ չեմ ուզում արտաբերել: Բանակը նրա համար է, որ հասարակությունը չվախենա: Եթե պիտի բանակն էլ վախենա, էլ ինչի՞ մասին է խոսքը: Եթե զինվորը չպետք է կրակի, չպետք է պատասխան տա ագրեսորին, էլ ինչի՞ համար է սահմանին կանգնած: Վախենալով սահման չեն պահում, անհնար է: Կյանքի օրենքներից է, մինչև հակահարված չես տալիս, չես ապտակում, դասեր չեն քաղում:

- Իսկ ինչպիսի՞ն է շարքային հայ տղամարդն այսօր: Տպավորություն է, թե այդ վախը համատարած է դարձել:

- Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի հայ տղամարդու արիությունն ու առնականությունը, կռվելու կարողությունը: Վերջերս Գինոսյանը մի հետաքրքիր բան էր ասել. ասել էր, եթե դավաճան եք տեսնում, մատնացույց արեք նրան և այդ մեկ դավաճանին մի ընդհանրացրեք ողջ հայ ժողովրդի հետ: Բոլոր ժողովուրդների մեջ էլ կան վախկոտներ, դավաճաններ, տականքներ, սրիկաներ ու խաբեբաներ, բայց սխալ է նրանց ողջ ժողովրդի հետ ասոցացնելը: Եկեք նրանց մատնացույց անենք, ստանան իրենց պատիժը: Ես իմ ամենավատ երազում անգամ չեմ պատկերացրել, որ այն օրին կհասնենք, որ հայ տղամարդու կերպարը կդնենք կասկածի տակ: Նույնիսկ այդ մասին անկարելի է խոսելը: Պետք է խոսել այն մասին, թե քանի հազար տղաներ են կանգնել սահմանին, պահել մեր հողերը, պաշտպանել մեզ մինչև վերջին շունչը: Չգիտես ինչու պրոպագանդան այլ ուղղությամբ է գնում, լավը պետք է տեսնենք, պետք է մատնանշենք, պետք է խոսենք մեր հերոսների մասին, բայց ողջ օրը խոսում ենք վախկոտների և թռնողների մասին: Որպես ի՞նչ:

- Հայաստանի վարչապետն օրերս ասաց, որ Հայաստանի թիվ մեկ հերոսը` հարկատուն է: Հավանաբար պրոպագանդան հենց այստեղից է գալիս:

- Ո՞վ է` հարկատո՞ւն: Այ քեզ բան: Իսկ գուցե վաղն էլ պարզվի, որ Հայաստանի թիվ մեկ հերոսներն, օրինակ վարորդներն են, որովհետև լավ մեքենա են վարում: Նույն տրամաբանության մեջ է: Հարկատուն հերոս չէ, հարկատուն ուղղակի նորմալ մարդ է, ինչպես ասում են` դա լավ չի, դա նորմալ է: Հարկատուի հերոսը ո՞րն է: Այ էդպես ենք արել, որ հերոս բառը գետնին ենք գցել, ամեն մեկին հերոս ենք ասում: Բայց իրական հերոսները հերոսաբար կռվողներն են, հաջողություն արձանագրողները: Սա խայտառակություն է` ամեն մեկին ասել. դու հերոս ես: Լավ է, երբ մարդիկ իրենց գործը լավ են անում, լավ ասֆալտ են փռում, լավ գինի են պատրաստում, լավ մեքենա են վարում, բայց ինչո՞ւ ենք հերոս բառը բերում կպցնում ամեն մեկին: Տխուր է, շատ տխուր է: Էս ո՞ւր ենք հասել, չգիտեմ, դատում են թշնամու վրա կրակողին…. Այլ հարթության վրա է: Ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ սխալ է: