Բաքուն պոռոտախոս հայտարարությամբ մատնում է Մոսկվայի հանդեպ ունեցած վախերը

Բաքուն պոռոտախոս հայտարարությամբ մատնում է Մոսկվայի հանդեպ ունեցած վախերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին էլի բավականին «խրոխտ» հայտարարություններ է հնչեցրել, որոնք ակամա մատնում են նրա ունեցած վախերը։ Մասնավորապես, երկրի շրջաններից մեկը ընտանյոք հանդերձ այցելության եւ ինչ-որ նոր օբյեկտների բացման արարողության ժամանակ հանդիպելով քաղաքացիների հետ՝ նա ասել է, որ Հայաստանից ակնկալում է ժամկետներ, թե երբ է բացվելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»:

Հետաքրքրական է այն, որ Ալիեւը բավականին պոռոտախոս կերպով է արտահայտվել՝ ասելով․ «Հայաստանն ու ողջ աշխարհը տեսան, որ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել մեզ: Պատերազմի ժամանակ կային ուժեր, որ փորձում էին կանգնեցնել մեզ, ի դեպ, դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, սակայն չկարողացան կանգնեցնել մեզ: Ես ասում էի, որ մեզ հայտնեն ամսաթիվը, թե երբ կազատեն մեր հողերը, եւ մենք կդադարեցնենք: Այսօր նույնն եմ ասում: Նշե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, եւ այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի»։ Ապա նաեւ հավելել է, որ ադրբեջանցիներն «ինչին ուզում են հասնել, հասնում են»: «Լավ կլիներ, եթե այդ հարցը լուծվեր կառուցողական ճանապարհով, բանակցությունների եւ փոխըմբռնման եղանակով»։

Նախ՝ միանգամից ֆիքսենք Հայաստանի իշխանությունների համար, որ Ալիեւի մտավախությունները կամ ունեցած վախերն ամենեւին կապված չեն Հայաստանի հետ կամ հայկական իշխանությունների, եւ այստեղ պաշտոնական Երեւանը ներկայացնող եւ ոչ մի շրջանակ ծպտուն հանելու ոչ մի տեսակի իրավունք չունի։ Երկրորդ․ ուշագրավ է այն, որ Ալիեւը նոյեմբերի 26-ին կայացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան պետությունների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումից հետո առաջին անգամ երեկ է կրկին խոսել «զանգեզուրյան միջանցքի» մասին՝ այն դեպքում, երբ հանդիպումից գրեթե անմիջապես հետո Սոչիում գրեթե օդանավ բարձրանալիս, ռուսական կրեմլյան քարոզչության մաս կազմող հեռուստահաղորդաշարին տված հարցազրույցում շատ «խելոքացած» խոսում էր «տրանսպորտային ուղիների բացման» մասին՝ չշեշտելով իր կողմից այդքան սիրված «զանգեզուրյան միջանցք» արտահայտությունը։ Երրորդ․ ինքնին հասկանալի է, որ այս հայտարարությունը հիմնականում ուղղված է ներքին լսարանի «որոճալու» համար, իհարկե՝ որոշ շեշտադրումներ նաեւ որպես ազդակներ ուղղվում են Մոսկվային։

Չորրորդ․ հետաքրքիր է, որ երեկ իր պաշտպանության փոխնախարարին Մոսկվա՝ ռուս-ադրբեջանական միջկառավարական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստին մասնակցելու գործուղելուց հետո Ալիեւը որոշում է նման հայտարարություն անել՝ կարծես թե ինչ-որ «առեւտրի» առաջարկ անելով։ Հինգերորդ․ հատկապես Պուտին-Էրդողան վերջին հեռախոսազրույցից հետո, երբ Պուտինն արդեն անմիջականորեն է Դոնբասում թուրքական բայրաքթարների կիրառության խնդրի մասին խոսել Էրդողանի հետ, ասել է, թե այդ ուղղությամբ որոշակի «ամպամածություն է առաջանում», եւ ուկրաինական ճգնաժամի համատեքստում Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների սրացման նոր ալիքի ֆոնին Ալիեւը կարծես թե վախենում է տանուլ տալ ամբողջը եւ փորձում է ռեգիոնալ զարգացումները որոշակիորեն արագացնել՝ գոնե ինչ-որ բանի հասած լինելու համար, քանի որ, նախ՝ փաստացի կերպով միջազգային-իրավական տեսակետից Ադրբեջանի տարածքում ռուսական զորք կա տեղակայված, անկախ այն հանգամանքից, թե դա ինչ «փաթեթավորմամբ» է ներկայացվում, եւ ապա՝ ամեն րոպե կարող է սկսվել «Ղարաբաղի աբխազացման կամ հարավ-օսեթացման» գործընթացը, քանի որ եթե Ռուսաստան-Արեւմուտք լարումը հասավ իր պիկին, ու Մոսկվան որոշեց, որ գնում է մինչեւ վերջ, ապա Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացիայի գործում իր մասնակցությունն ունենալու երազանք մտմտացող Բաքուն շատ բան կունենա մտածելու։

Դե հասկանալի է, որ այդ դիվերսիֆիկացիան նշանակելու է Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազեցում։ Ու եթե Ղարաբաղի աբխազացում լինի, ապա եթե իրենց զբաղեցրած տարածքներից ռուսական զինվորականները հանկարծ, փոխաբերական իմաստով, «փռշտան», ապա Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով դեպի Արեւմուտք հասնող նավթագազային խողովակաշարային ենթակառուցվածքների մոտ կարող են ասել «առողջություն»։ Ու եթե ամեն ինչ այդկերպ զարգանա, հաստատ այդ «փռշտոցը» 10 տոկոսանոց չի լինի։

Այս ամենն ու նաեւ այն, որ Հայաստանը չէ, որ ժամկետներ է ասելու, այլ՝ Ռուսաստանը, Ալիեւը փորձում է ինչ-որ բան խոսել, ինչ-որ կերպ զգացնել տալ իր ներկայությունը։ Եվ, բացի այդ, դատելով Թուրքիայում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական եւ աստիճանաբար քաղաքականի վերածվող ցնցումներից, Բաքուն նաեւ հաշվի է առնում, որ հնարավոր է ոչ հեռավոր ապագայում այլեւս չկարողանա «մեծ եղբոր» վրա հույս դնել։ Հատկապես որ ԱՄԷ ձեռքով «մեծ եղբորն» աստիճանաբար գլորում են դոլարային արտահայտությամբ բազմամիլիարդանոց «պարտքային փոսը»։ Մյուս հարցերի հետ կապված, ինչպես, օրինակ, Ռուսաստանում գործող պրոադրբեջանական լոբբիի ճակատագրի մասին կամ «կրեմլյան աշտարակների» հետ լեզու գտնելու, մանրամասնելու կարիք չկա, քանի որ Ռուսաստանում հիմա կարծես թե որոշակի խմորումներ լինելու են։