Աննա Հակոբյանը կրկնում է Սերժ Սարգսյանի 1999-ին արած հայտարարությունը

Աննա Հակոբյանը կրկնում է Սերժ Սարգսյանի 1999-ին արած հայտարարությունը

Շատ տարիներ առաջ՝ 1999 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի «Օրագիր» օրաթերթն ընդամենը մեկ տարեկան էր եւ գործող իշխանությունների հասցեին հանդես էր գալիս դաժան քննադատությամբ, Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարը Սերժ Սարգսյանն էր։ Երբ «Օրագիր»-ը լցրեց իշխանության «համբերության բաժակը», Սերժ Սարգսյանը դիմեց դատարան՝ զրպարտության եւ հերյուրանքների մեղադրանքով՝ ընդդեմ «Օրագիր» օրաթերթի։ Եւ այնպես ստացվեց, որ դատարանում հայտնվեցին ՆԳ ահարկու նախարարն ու թերթի նորընծա գլխավոր խմբագիրը՝ դեմ հանդիման։

Չնայած այն ժամանակ զրպարտությունը քրեական հանցագործություն էր, բայց այդ հայցը քաղաքացիական դատավարության կարգով էր ներկայացվել եւ «Օրագրի» ամբողջ խմբագրակազմը, թերթի համակիրները, ընդդիմության ներկայացուցիչները ուշադիր հետեւում էին այդ դատավարությանը։ Հանրային համակրանքն անշուշտ թերթի կողմն էր։ Հայցը ծանր հայց էր եւ շահելու հավանականությունը մոտ էր զրոյի, ուստի մարտավարական նկատառումներից ելնելով Նիկոլ Փաշինյանը՝ իր փաստաբանական թիմի հետ որոշեցին հակընդդեմ հայց ներկայացնել Ներքին գործերի նախարարի դեմ։ Այդ ժամանակ Փաշինյանի ներկայացուցիչը փաստաբան Արգիշտի Կիվիրյանն էր, որն, ի դեպ, այսօր նրա ամենախիստ քննադատներից է։ 

Հակընդդեմ հայցի բովանդակությունը եթե կարճ ներկայացնենք, ապա վերաբերում էր Սերժ Սարգսյանի մի արտահայտությանը, որտեղ նա պնդում էր, թե ««Օրագիր» օրաթերթում տպագրվող բոլոր հոդվածները հերյուրանք են եւ զրպարտություն»։ Նիկոլ Փաշինյանն ու իր ներկայացուցիչը հնարամիտ լուծում էին գտել՝ դատարան էին ներկայացրել թերթում տպագրված հոդվածների մի ահռելի ցանկ եւ դատարանում էլ Փաշինյանն իրեն վայել բոցաշունչ ելույթ ունեցավ ու տասնյակ օրինակներ բերեց, որ ՆԳ նախարարը զրպարտում է լրատվամիջոցին, քանզի «Օրագիր» օրաթերթում բազմաթիվ հրապարակումներ կան, որոնք անվիճելի ճշմարտություններ են եւ «բոլոր հրապարակումները զրպարտություն են» արտահայտությունը ոչ մի կերպ չի կարող իրավական առումով ճշգրիտ լինել, ուստի դատարանը պետք է բավարարի «Օրագիր» օրաթերթի խմբագրի հակընդդեմ հայցը։ Եւ օրինակներն էլ, թեեւ մի քիչ սոփեստական էին, մոտավորապես այսպես, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն է, ունի Սահմանադրություն եւ այլն, եւ այլն, բայց իրավական առումով անխոցելի էին։ Փաշինյանի հայցը բնականաբար մերժվեց, իսկ ՆԳ նախարարինը բավարարվեց՝ «Օրագիրը» դրա արդյունքում փակվեց, իսկ մեկ ամիս անց սկսեց հրատարակվել «Հայկական ժամանակը», բայց այս դեպքերը հիշելու առիթն այլ է։

Երեկ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հերթական անգամ ի ցույց է դրել իր ատելությունն ու դժգոհությունը մամուլի հանդեպ եւ Սերժ Սարգսյանի 1999 թվականի վերոնշյալ հայտարարությանը շատ նման մի հայտարարություն է արել, ասելով․ «Մեր ընտանիքի մասին բոլոր հրապարակումները մերկապարանոց ստեր են»։ 
Կյանքը շատ հետաքրքրիր անակնկալներ է մատուցում մեզ՝ ո՞վ կսպասեր, որ նման հայտարարության դեմ 99-ին պայքարող Փաշինյանների ընտանիքը տարիներ անց անգամ լեքսիկոնի առումով կնմանվի նախկիններին ու էլ ավելի նախկիններին եւ կկրկնի նրանց վիճելի ու մերժելի արտահայտություններն անգամ։ Պարզապես այն ժամանակ կար Նիկոլ Փաշինյան, ով որպես խմբագիր մարտնչում էր գործող իշխանությունների դեմ եւ նման համարձակ հակընդդեմ հայցերով պաշտպանում էր իր՝ ազատ արտահայտվելու իրավունքը, հիմա մեր լրատվամիջոցներն ու նրանց խմբագիրներն այնքան խեղճ են ու հնազանդ, որ անգամ իրենց ուղղված վիրավորանքներին չեն արձագանքում, ուր մնաց՝ դիմեին դատարան եւ կարգի հրավիրեին մի արտահայտությամբ իրենց աշխատանքը ջուրը գցող վարչապետի կնոջը։