Մեր իրավաբաններն ամեն ինչ կհիմնավորեն

Մեր իրավաբաններն ամեն ինչ կհիմնավորեն

Մեզ հաճախ հանդիմանում են՝ «Սերժ Սարգսյանի ժամանակ ինչո՞ւ էիք լռում»։ Մեր արխիվից հերթական հոդվածն ենք տպագրում։

Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը կայացած ՀՀԿ խորհրդի նիստում, բացի «բնակլիմայական» թեմաներով էքսկուրսներից, անդրադարձավ նաեւ ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների շուրջ քննարկումներին։ Հիշեցնենք, որ քաղաքական ուժեր կան, օրինակ՝ «Համախմբումն» ու ՀԱԿ-ը, որ դեմ են ապրիլի 2-ին ընտրություն անցկացնելուն։ «Համախմբում»-ից իրավաբան պատգամավոր Էլինար Վարդանյանն է ներկայացրել օրենքի տեսանկյունից հիմնավորումներ՝ նշելով, որ դա հակասում է Ընտրական օրենսգրքին եւ Սահմանադրությանը, որ օրենքով ապրիլի 2-ը չէ, որ պետք է լինի ԱԺ հերթական ընտրության օրը, այլ ապրիլի վերջին տասնօրյակը։ Բացի իրավական հիմնավորումներից, ապրիլի 2-ը նաեւ էմոցիոնալ հենք ունի՝ 2016-ի քառօրյա պատերազմի տարելիցի օրն է, եւ բարոյական չէ այդ օրը համապետական ընտրություն անցկացնել, ասում են՝ մարդիկ այդ օրը պետք է մնան տանն ու սգան մեր զոհերի հիշատակը։

Անդրադառնալով այս թեմային՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դեմ չէ ընտրությունը մի քանի օրով հետաձգելուն, եթե ընտրությանը մասնակից բոլոր քաղաքական ուժերի հետ այս հարցում համաձայնության գան։ Նա շեշտը դրել է հուզական-բարոյական հիմնավորումների վրա․ «Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծումն է, եւ դրա մասին դեռ կհրապարակեն փորձագիտական դիրքորոշումներ»։ Սակայն, հենվելով իրավաբանների «համոզիչ փաստարկների եւ հիմնավորումների» վրա, Սերժ Սարգսյանը հնչեցնում է մի շատ վտանգավոր միտք․ «Եթե գանք քաղաքական համաձայնության, ապա վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, եւ ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի»։

Սրանով երկրի առաջին դեմքը, կարելի է ասել, ոտնահարում է ՀՀ-ում գործող օրենքներն ու Սահմանադրությունը՝ հասկացնելով, որ իրենց ձեռքն է, ինչ էլ որոշեն, իրենց իրավաբանները համապատասխան հիմնավորում կգտնեն եւ կլեգիտիմացնեն ցանկացած որոշում։ Եվ կարեւոր չէ, որ դա կարող է օրենքի խախտում լինել։ Ենթադրենք, ընտրության օրն օրենքով հենց ապրիլի 2-ն է, եւ դա նույնիսկ մեկ օրով հետաձգելը կարող է լինել օրենքի խախտում, բայց եթե հասարակության մի շերտ պահանջում է փոխել օրը, Սերժ Սարգսյանը կարող է հեշտությամբ օրենքը խախտել եւ փոխել ու հետո այդ խախտումն «օրինականացնել» իր իրավաբանների միջոցով։ Սա «ինչքան ուզենք, այնքան կխփենք» տրամաբանության շրջանակներում է, ինչը փաստում է, որ մեր երկրում օրենքն իրենք են, ոչ թե օրենսգրքերը, Սահմանադրությունը կամ դատարանները։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից։ Բայց նա որոշեց ձեռնպահ մնաց Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը մեկնաբանելուց․ «Սկսեմ հետեւյալից, որ յուրաքանչյուր պարագայում իմ որեւէ դիտարկում կամ տեսակետի, մոտեցման ներկայացում, բնականաբար, ընկալվում է որպես ԿԸՀ դիրքորոշում։ Հետեւաբար, այս պարագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար կարեւորագույնը հետեւյալն է՝ սահմանված է ընտրությունների օր, Ընտրական օրենգիրքը սահմանել է գործառույթները, որոնք պետք է իրականացվեն դրանց իրականացման ժամկետներում։ Մենք այս տիրույթում ենք։ Եվ ես կսահմանափակվեմ այսքանով»։

Իսկ եթե օրը փոխվի, ԿԸՀ-ի աշխատանքի դինամիկան կփոխվի՞, սահմանված մյուս ժամկետների փոփոխություն կլինի՞։ Մուկուչյանը դարձյալ հստակ ոչինչ չասաց․ «Ցանկացած պարագայում, եթե կան օրենքով ամրագրված պարտադիր իրավանորմեր, դրանք պատշաճորեն պետք է իրականացվեն։ Դա է մեր առաքելությունը։ Իսկ ինչ վերաբերում է ապագային, եթե այսպես լինի, այ, եթե այնպես լինի, ապա յուրաքանչյուր պարագայում, երբ կլինեն հստակ փաստական հանգամանքներ, դրան համապատասխան կկազմակերպվի ԿԸՀ աշխատանքը, եւ մենք էլ կներկայացնենք մեր տեսակետը»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
01.31.2017 թ․