Վահե Գրիգորյան. «Մութ» մարդը

Վահե Գրիգորյան. «Մութ» մարդը

Նոր իշխանությունների ամենաառեղծվածային կերպարներից մեկը, կարծում եմ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է: Հենց այն հանգամանքը, որ այդ մարդու անվան կողքին իր պաշտոնի անվանումը հնչում է վերապահության մեծ շեշտով, արդեն իսկ նրան դարձնում է առեղծվածային: Իսկապես, ո՞վ է Վահե Գրիգորյանը: Նրա մասին համացանցում եղած կենսագրական եւ աշխատանքային տվյալները չնչին իսկ չափով չեն լուսավորում մարդու «մութ» կերպարը. ինքնակենսագրականները միշտ էլ խաբուսիկ են, նոր իշխանիկների պարագայում`առավել եւս:

Կարծում եմ` այդ կերպարը նույնիսկ յուրայինների համար «մթնեց» այն պահից, երբ, ընտրվելով Սահմանադրական դատարանի անդամ, մարդն Ազգային ժողովի ամբիոնից վերամբարձորեն իրեն հռչակեց ՍԴ նախագահ: Թե դեպի իրավաբանական գիտության մութ խորխորատներ կատարած ի՛նչ խորասուզումների արդյունքում Վ. Գրիգորյանն ի դեմս իրեն «կերտեց» ՍԴ նոր նախագահ, շատերը չհասկացան: Նույնիսկ նրան դատավոր ընտրած խորհրդարանական կենսուրախ ջոկատը վարանոտ լռեց անսպասելիությունից. այնքա՛ն արտառոց էր ասվածը, այնքա՛ն անհեթեթ: Ինչպես ասացի` հենց այդ պահից Վ. Գրիգորյանի կերպարը սկսեց «մթնել»:

Պիտի կարծել, որ իմքայլականների եւ ընդհանրապես իշխանականների սառնությունից ՍԴ նորընծա դատավորն այնուհետեւ հայտնվեց դեպրեսիայի վիճակում: Նա, անշուշտ, բավականաչափ խորամտություն ուներ հասկանալու համար, որ հայտնվել է իրավական, իսկ իր արտառոց հայտարարությանը հետեւած արձագանքից հետո` նաեւ բարոյահոգեբանական փակուղում, ինչը շրջանցելու եւ հաղթահարելու ուժ նա պարզապես չուներ: Նա չդիմացավ միանգամից ՍԴ նախագահ հռչակվելու անհնարինության «տառապալի» ցավին: Նա ինքնամեկուսացավ: Իսկ թե բարոյական կարգի ի՛նչ մղձավանջներ է ապրել մեր հերոսը՝ դժվար է ասել, բայց անկասկած է մի բան. նրան հաստատ տանջել են ինչ-ինչ խնդիրներ, մասնավորապես` նաեւ անձի մ ա ս ն ա գ ի տ ա կ ա ն երկատվածությանն առնչվող, եւ նրա կերպարը ժամանակի հետ ավելի է «մթնել»: 
Բայց դա, այնուամենայնիվ, չխանգարեց Վ. Գրիգորյանին՝ կայացնելու մի որոշում, ըստ որի՝ Սահմանադրական դատարանում ինքն աշխատանքային որեւէ գործունեություն չի ծավալելու, բայց… աշխատավարձ ստանալու է: Եվ քանի որ այդ մարդու` անաշխատ եկամուտներ ստանալու, ավելի ստույգ` պետական միջոցներ յուրացնելու մասին գիտեր ողջ իշխանական դասը, ուրեմն պետք է արձանագրել, որ նրան, փաստորեն, տրվել էր պետական պահպանության ներքո գտնվող սաբոտաժնիկի կարգավիճակ, որից նա շարունակում էր օգտվել մինչեւ վերջերս` մեկ տարի շարունակ:

(Միջանկյալ ասեմ՝ Վ. Գրիգորյանին ես մի բանում, այնուամենայնիվ, պարտական եմ. նրա ակամա միջնորդությամբ ինձ համար ցրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի` իբրեւ բացառիկ անկեղծ պաշտոնյա լինելու պատրանքը, երբ վերջինս մի ճեպազրույցում «խիստ» զարմացավ լրագրողի հարցից, թե ինչու Վ. Գրիգորյանն աշխատանքի չի գնում, բայց աշխատավարձ ստանում է): 
Վահե Գրիգորյանն ինչ-որ իմաստով այս իշխանությունների դեմքն է: Եթե, օրինակ, սոցիալական հարցերի նախարարը կարող է տասնյակ հազարավոր դոլարների միայն պարգեւավճար ստանալ, ընդսմին` համընդհանուր սոցիալական չլուծված խնդիրների առկայության պարագայում, ուրեմն ինչո՛ւ պետք է արտառոց թվա Վ. Գրիգորյանի ձրիակերությունը: Ավելին` Վ. Գրիգորյանի «մութ» կերպարը յուրօրինակ լույսի ներքո է ներկայացնում նոր իշխանությունների բարոյական ըմբռնումները: Հեռավոր մի գյուղի դպրոցի տնօրեն քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել յուրացրած 300 կամ 500 հազար դրամի համար, իսկ միլիոններ յուրացրած Վ. Գրիգորյանին դա կարելի է: Նա «թալանչի» չէ, որովհետեւ «մերն է». ահա իշխանական բարոյականությունը: 

Ի դեպ, ինչո՛ւ հարկ եղավ առանձին անդրադառնալ Վ. Գրիգորյանի «մութ» կերպարին: Մի պարզ պատճառով: Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող բոլոր հակաիրավական եւ հակասահմանադրական զարգացումները մեզ ուղղակի հրում են դեպի այն «լուսավոր» ապագան, երբ մեր հերոսի նման «մութ» կերպարը կդառնա Սահմանադրական դատարանի նախագահ: Եվ իշխանությունների տրամաբանությամբ` ձրիակերությամբ մի ամբողջ տարի օրենք եւ օրինականություն ոտնահարած Վ. Գրիգորյանը կլինի անկախ ՍԴ նախագահ: Բայց դա ողբալի տրամաբանություն կլինի, որքան էլ Վահե Գրիգորյանը հայտարարի, թե` «Սահմանադրական դատարանում այլեւս որեւէ քաղաքական իշխանություն չունի եւ չի կարող ունենալ գերիշխանություն»: Այս «մարգարեական» խոսքերը նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին հուլիսի 5-ին տված հարցազրույցում, ապա շարունակել. «Բոլոր այն քննադատությունները, որոնք ուղղված են եղել վերջին սահմանադրական փոփոխությունների դեմ, իրենց առանցքում ունեցել են մտացածին մեկ կետ, որ նոր իշխանությունը ձեւավորելու է իր քիմքին հաճո Սահմանադրական դատարան»: Բանական ու բարոյական այս ողջ կեղծիքից ակնհայտ է մի բան. մարդը եթե չունի այն ինքնընկալումը, որ վայելելով իշխանությունների աննախադեպ անբարո թողտվությունը` ինքն արդեն իսկ իրեն ստրկացրել է իշխանությանը, եւ դրանից հետո պնդել, թե իշխանությունն այլեւս չի կարող «գերիշխանություն ունենալ» իր պես «խրոխտ» դատավորի վրա, մեծագույն փարիսեցիություն է, ցածրակարգ բլեֆ:

ՀԳ. Այս հոդվածի վերնագրի մի տարբերակ կարող էր լինել` «Վահե Գրիգորյան. ողբերգական մարդը»: Այդ մարդու կերպարում, բացի անձի եւ մասնագետի երկատվածությունից, ես, այնուամենայնիվ, ավելի ողբերգականություն եմ տեսնում:
Ողբերգականություն, որ միայն իրենը չէ: