«Հաղթանակի տոնն» ադրբեջանական հասարակությանը հասցրեց «զանգվածային պսիխոզի»

«Հաղթանակի տոնն» ադրբեջանական հասարակությանը հասցրեց «զանգվածային պսիխոզի»

Նախօրեին Ադրբեջանը նշեց «Հայրենական պատերազմում հաղթանակի տոնը», այսինքն՝ 44-օրյա պատերազմում իր տարած հաղթանակի տոնը։ Նշենք, որ ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը 44-օրյա պատերազմն անվանում է ոչ այլ կերպ, քան «ադրբեջանական հայրենական պատերազմ», իսկ նոյեմբերի 9-ը հռչակել է հաղթանակի օր։ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ արել էին, որպեսզի այդ «տոնական» օրը լիներ հնարավորինս հիշվող, հագեցած ճոխ միջոցառումներով եւ «օրվա խորհրդին համապատասխան»։

Դրա համար մի շարք նշանային միջոցառումներ էին կազմակերպել՝ առավոտյան գոհաբանական նամազ Շուշիի մզկիթում, տոնական մեծ երթ Բաքվում, շքերթ, տոնական համերգ, հրավառություն Բաքվում, Շուշիում եւ Ադրբեջանի մյուս մեծ քաղաքներում, Ադրբեջանի նախագահի՝ Շուշիում տեղակայված ադրբեջանական զորքերի առջեւ ելույթ, Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի Պնախարարի հանդիպում եւ ապա նաեւ՝ համատեղ ասուլիս, Ադրբեջանում իշխող ընտանիքի ներկայացուցիչների շնորհավորական գրառումներ սոցկայքային հարթակներում, մշակութային միջոցառումներ, «Շուշիի ազատագրման մասին» կինոնկարի եւ Փոլադ Բյուլբյուլօղլու տեսահոլովակների պրեմիերաներ, որոնք նկարահանվել էին Շուշիում եւ այլն։ 

Ընդհանուր տպավորությունն այն է, որ գերհագեցած տոնականությունն ուր որ է՝ ադրբեջանական հասարակությանը հասցնելու է զանգվածային պսիխոզի։ Ինքին հասկանալի է, որ Իլհամ Ալիեւն ամեն քայլափոխին իր քարոզչամեքենան լծել է «ադրբեջանցի ժողովրդի միջից պարտվածի հոգեբանական բարդույթը ջնջելու» գործին եւ ինքն էլ ամեն կերպ դրան է հանգեցնում իր գործողությունները, հանրային հարթակներում ներքին լսարանի սպառման համար նախատեսված խոսքեր արտասանում։ Մյուս կողմից, կա այնպիսի տպավորություն, որ իշխանությունները փորձում են այս ամենն օգտագործել «ազգային միասնության» հասնելու համար։ 

Ցավոք սրտի, երեկվանից իրար հերթ չտալով՝ Ադրբեջանի ղեկավարությանը շնորհավորում էին նաեւ «գործընկերները», «դաշնակիցները» եւ «բարեկամները»՝ իհարկե «եղբայրական Թուրքիայի» ղեկավարությամբ, որը տոնական միջոցառումներին ներկայացված էր ռազմական նախարար Հուլուսի Աքարի մակարդակով (ի դեպ, որոշ արեւմտյան փորձագետներ եւ լրատվամիջոցներ ասում են, որ Թուրքիայի ղեկավարի պաշտոնում հենց Աքարն է հաջորդելու Էրդողանին)։ 

Նրանցից հետ չէին մնում նաեւ ռուս, ուկրաինացի եւ այլազգի փորձագետներն ու վերլուծաբանները, որոնք գտնվում են ադրբեջանամետ քարոզչական-լոբբիստական շրջանակների վերահսկողության ներքո կամ սնվում են այդ լոբբիստական-քարոզչական օջախներից։ Բնականաբար, փառաբանվում էին ադրբեջանական զենքի ուժը, զինվորի տոկունությունը, ամեն կերպ ստորացվում էր հայ զինվորը, ամեն կերպ ընդգծվում էր, որ Ղարաբաղն Ադրբեջանի սիրտն է, իսկ Շուշին՝ Ղարաբաղի մարգարիտը։ Մոտավորապես, ահա, այսպիսի մթնոլորտում թե ինչպես է հնարավոր լինելու խոսել «բարիդրացիության», «խաղաղ գոյակցության» կամ «խաղաղության դարաշրջանի» մասին, դժվար է անգամ պատկերացնել, երբ այս միջոցառումները, բնականաբար, ազդում են մարդկանց գիտակցությունների վրա, ստեղծում տրամադրություններ, ձեւավորում համոզմունքներ, մոտեցումներ, ստերեոտիպեր։

Կարեն Ենգիբարյան