Արեւմտյան պատժամիջոցներին չի աջակցում երկրագնդի բնակչության գրեթե կեսը․ Մոդեստ Կոլերով

Արեւմտյան պատժամիջոցներին չի աջակցում երկրագնդի բնակչության գրեթե կեսը․ Մոդեստ Կոլերով

Որքան խորանում է ռուս-ուկրաինական պատերազմը, այնքան խստանում են Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Սակայն դա չի զայրացնում կամ անհանգստացնում Ռուսաստանին: Նա նույնպես ձեռնոց է նետել և սկսել է իր կողմից պատժամիջոցներ կիրառել եվրոպական մի շարք երկրների դեմ։ Այս փոխադարձ սանկցիաների մասին զրուցեցինք ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ, ում նկատմամբ նույնպես Արեւմուտքն անհատական պատժամիջոցներ է կիրառել։

«Եվրամիության կողմից արված պատժամիջոցներից մեկն էլ ինձ է բաժին հասել։ Արևմուտքը, այո, կխստացնի պատժամիջոցները, բայց Ռուսասատանն էլ պատասխան պատժամիջոցներ կկիրառի։ Երեկ Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչները միաձայն ասացին, որ իրենց իսկ ստեղծած պատժամիջոցներից կտուժեն նաև իրենք՝ և Եվրամիությունը, և իրենց  քաղաքացիները»,- մեզ հետ զրույցում ասաց Մոդեստ Կոլերովը։

 Կոլերովն ընդգծեց, որ այդ պատժամիջոցների հիմնական մասը բաղկացած է երկու կարևոր բանից՝ այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են օդային հաղորդակցությանը, եւ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառում, իսկ ԱՄՆ-ն չի կիրառում։ Այսինքն, այդ պատժամիջոցներն անգամ Արևմուտքի ներսում հավասարաչափ չեն։ Երկրորդ՝ այդ պատժամիջոցներին չեն աջակցում այն երկրները, որոնք զբաղեցնում են երկրագնդի բնակչության գրեթե կեսը, դրանք են՝ Հնդկաստանը և Չինաստանը։

Մեր այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի այն հայտարարությանը, որ Արևմուտքը չպետք է ռազմական օբյեկտներ կառուցի նախկին Խորհրդային Միության որևէ երկրում, քաղաքագետն ասաց, որ դրանք վաղուց արդեն կառուցված են։ «Կա ավելի հզոր արված հայտարարություն Լավրովի կողմից այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է  Եվրոպայից հանի իր զորքն ու զենքերն ընդհանրապես։ Իսկ ռազմական օբյեկտների դեմ պայքարելն անիմաստ է, դրանք արդեն կան, այդ թվում նաև Հայաստանի տարածքում։ Ոչինչ անել չես կարող։ Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է կիրառել նաև շատ երկրների համար։ Եվ հիմա շատ երկրների համար թռիչքները դեպի Արևմուտք կլինեն շատ թանկ։ Եվ դրա համար արդեն մի շարք արևմտյան ավիաընկերությունների ակցիաների գինն այսօր ընկել է 6-30 տոկոսով։ Այս պատժամիջոցները կմնան դեռ շատ երկար, որովհետև այս պահին գործող պատժամիջոցները Ռուսաստանի դեմ  գործում են տասը տարուց ավելի»։