Սցիլայի եւ Խարիբդայի արանքում

Սցիլայի եւ Խարիբդայի արանքում

Հայաստանյան հասարակության պառակտվածությունն առկա էր դեռեւս նախկինների իշխանության օրոք: 2018-ի մայիսին քայլարածների իշխանության գալը պայմանավորված էր այդ պառակտվածության ահագնացումով: 2020 թվականի պատերազմը կարծես թե նպաստում էր դրա՝ եթե ոչ վերացմանը, ապա գոնե մեղմացմանը: Սակայն խայտառակ պարտությունն ի չիք դարձրեց այդ գործընթացը: Բացի դրանից, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի եւ նրա ուսապարկերի ջանքերով այն կրկին ակտիվացավ: Հատկապես անցյալ տարվա արտահերթ խորհրդարանական ընտրության քարոզարշավի շրջանակում: Այնուհետեւ այն շարունակվեց առանց տատանումների եւ նույն մակարդակի վրա ընթանում է մինչեւ այսօր: Իսկ այս օրերին այդ պառակտվածության հերթական դրսեւորումը դարձավ ռուսական զինուժի հատուկ ռազմական գործողության նկատմամբ վերաբերմունքը: Կամ, ավելի ճիշտ՝ դրա մակերեսային արտահայտությունը՝ ընդհանրապես Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը: Եվ եթե ավելի ճշգրիտ ձեւակերպենք, ապա ուղղակի ռուսատյացությունը:

Ընդ որում, ռուսական զինուժի հատուկ ռազմական գործողության ընթացքը ռուսատյաց շրջանակում մի նոր առասպելի ծնունդ տվեց: Ինչը, նրանց տեսակետից, կարելի է բնորոշել որպես ռուսական զինուժի անպարտելիության վերաբերյալ միֆի վերացում: Բնականաբար, հենց այդ կարծիքն է միֆի դրսեւորում, քանի որ ռուսական զինուժի առջեւ չի դրվել, այսպես ասած, նորմալ պատերազմական միջոցներով տիրել Ուկրաինային: Իրականում նման խնդիր ուղղակի գոյություն չունի: Որովհետեւ ավելի քան պարզ է, որ ռուսական զինուժի գործողությունը հենց հատուկ է անվանվել իր բնոյթի պատճառով: Այն ոչ թե լայնամասշտաբ պատերազմական գործողություն է, այլ ուկրաինական հարձակողական պոտենցիալը վերացնելու գործողություն: Իսկ դա ենթադրում է ոչ թե 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի տիպի, այլ լրիվ այլ ընթացք: Եվ ռուսական բանակն էլ առաջ է շարժվում հենց այդ նախագծի շրջանակում: Եվ եթե Ռուսաստանն այնպիսի պատերազմ նախաձեռներ, ինչպիսին արեց Ադրբեջանը 2020-ին, ապա կասկածում եմ, որ Ուկրաինան կդիմանար մի քանի օրից ավելի: Իհարկե, ներկայացված երեւույթն ընկալելը բարդ բան չէր, սակայն պետք է լիներ նման բան ընկալելու ցանկություն: Իսկ ռուսատյացությունը, բնականաբար, ի վիճակի չէ իրականությունն ընկալելու ցանկություն դրսեւորել:

Այս առումով ավելի հետաքրքիր է կամ, ավելի ճիշտ, զավեշտական է Փաշինյան Նիկոլի վերաբերմունքի խնդիրը: Որպես ժամանակին հակառուսական կողմնորոշման «գերագույն գլխավոր» ներկայացուցիչ՝ նա կողմ է ռուսական զինուժի պարտությանը: Որպես ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ, այսպես կոչված, խաղաղ դարաշրջանի մեկնարկի «ճարտարապետ»՝ կրկին Ուկրաինայի հաղթանակի կողմնակից է: Սակայն որպես ռուսական ազդեցության տակ ամբողջապես հայտնված երկրի (ի դեպ, հենց իր պատճառով) վարչապետ՝ նա չի կարող ազատություն տալ իր զգացմունքներին: Եվ ոչ միայն իր, այլեւ սեփական ուսապարկերի զգացմունքներին: Եվ այդ պատճառով է Ազգային ժողովի իր մանկլավիկներին հրահանգել ձայն-ծպտուն չհանել եւ չարտահայտել որեւէ վերաբերմունք ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ: Կամ, եթե դա անհնար լինի, խոսել կարճ եւ խիստ չեզոք տոնայնությամբ: Եվ ինչպես «Հրապարակն» է գրել, «ինքն էլ զգուշավոր է եղել, եւ պատգամավորները չեն հասկացել՝ Փաշինյանի համար որն է ցանկալի ելքը»: Պատկերացնո՞ւմ եք ժամանակին ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն ձեռք առնողի խղճալի վիճակը: Իհարկե, հասկանալի է նման կեցվածքը եւ նույնիսկ ցավակցության արժանի: Որովհետեւ հնարավորության դեպքում թե՛ ինքը եւ թե՛ իր շրջապատն այնպիսի ոգեւորությամբ կգլխավորեին եւ առաջ կտանեին հակառուսականության շքերթը: 

Այդ տեսակետից ինձ զարմացրեց եւ նույնիսկ հիացրեց (զուտ պետական մտածողության առումով) Վրաստանի վարչապետի հայտարարությունն արեւմտյան սանկցիաներին մասնակցելուց հրաժարվելու մասին: Ինչը բնական էր եւ խիստ պրակտիկ․ պետությունը կարող է հսկայական գումարներ կորցնել, եթե միանա այդ սանկցիաներին: Փաստորեն, Վրաստանը պետք է ազատվեր հեղափոխական Միխայիլի իշխանությունից, որպեսզի պետությունը շարժվեր ոչ թե գաղափարական, այլ պրակտիկ շարժառիթներով: Ինչը, պետք է ընդունել, խիստ գովելի առաջընթաց է: Հատկապես եթե հաշվի առնենք, որ Վրաստանը վաղուց դուրս է եկել ռուսական ազդեցության գոտուց եւ հանգիստ կարող էր միանալ արեւմտյան տերությունների քաղաքականությանը: Եվ ոչ միայն դուրս է եկել, այլ հակառուսականության կողմնորոշման առաջամարտիկներից է: Թե՞ արդեն ոչ թե «է», այլ՝ «էր»: Ինչեւէ, այսպես եմ ես պատկերացնում պետական մտածողություն կոչվածը: Ինչը, դժբախտաբար, չես ասի այսօրվա հայաստանյան իշխանության վերաբերյալ՝ նույնիսկ հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմի առումով Նիկոլի զգուշավոր կեցվածքը:  

ՀԳ. Հոդվածի վերնագրի իմաստը երկու հավասարապես վտանգավոր երեւույթների միջեւ ընկնելու մասին է: Իսկ Սցիլան եւ Խարիբդան, ըստ հին հունական դիցաբանության, Մեսինական ծոցի երկու ափերի ժայռերին ապրող հրեշներ էին: