Ազատագրողների պակաս չունենք

Ազատագրողների պակաս չունենք

Ազատագրական շարժման հիմնադիրներից Նաիրի Հոխիկյանի կազմակերպած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը թափ չի հավաքում: Տեսնես՝ ինչո՞ւ: Հայաստանում, սփյուռքում ու Արցախում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող չկա՞, թե՞ Հոխիկյանն ինչ-որ բան այնպես չի անում: Իմ դիտարկումներն ու միջազգային վստահելի կազմակերպությունների հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում այսօր Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, ռեյտինգը 20 տոկոսի էլ չի հասնում: Հետեւաբար, ի՞նչ է մտածում մնացած 80 տոկոսը, որ չի մասնակցում Հոխիկյանի ստորագրահավաքին: Հարցն ինքնին շատ պարզ է, բայց փաստը, որ ստորագրող չկա, խոսում է բարդ, իսկ ես կասեի՝ խայտառակ իրողությունների մասին:

Գամ շարժման անվանումից՝ «Ազատագրական»: «Ազատագրում»-ը լուրջ բառ է, եւ կարիք չկա ամեն առիթով այն օգտագործել: Հիմա որ հարցնեմ՝ էդ ի՞նչ եք ազատագրում, ում եք ազատագրում, ումից եք ազատագրում, վստահ եմ, չեք կարող պատասխանել: Առնվազն 90 տոկոս հայերով բնակեցված երկրում հնարավոր չէ ինչ-որ բան ինչ-որ բանից ազատագրել: Իրավիճակն այլ էր 90-ականների սկզբին, երբ Արցախն էր ազատագրվում՝ ումի՞ց՝ գիտեինք, ինչո՞ւ՝ դա էլ գիտեինք: Բայց հիմա ի՞նչ է ստացվում՝ մենք Հայաստանն ուզում ենք ազատագրել Նիկոլի՞ց, Նիկոլի կողմնակիցների՞ց, նիկոլավարի մտածող հայերի՞ց: Կարծում եմ՝ այս դեպքում այլ բառ պետք է օգտագործել: Ձեւակերպման հարց է: Ես, օրինակ, կհայտարարեի Նիկոլին ու նրա խունտային իշխանությունից վռնդելու ստորագրահավաք: Ուկրաինայում իրավիճակի սրման կապակցությամբ կարելի էր նույնիսկ ավելի սուր բառեր օգտագործել: Դարձյալ օրինակ՝ Զելենսկու եւ Պուտինի արանքում խաղեր տվող քաղպուտանկաներ մեզ պետք չեն…

Կարող ենք հիշել նաեւ, թե ինչով ավարտվեց Արցախն ու արցախցիներին Բակո Սահակյանից ազատագրելու ծռիստական շարժումը՝ էն, որ «մարշ ածելով» ուզում էին ճեղքել պաշտպանությունն ու Շուշիի տակով մտնել Ստեփանակերտ: Մինչեւ այսօր չեմ կարողանում հասկանալ, թե նրանց այդքան ավտո ո՞վ էր տվել: Բա մի երկու հատ էլ պիկապ տայիք, որ հասնեին 44-օրյա պատերազմին: Ինչեւէ, արցախցիներն իջան իրենց սարերից ու Բերձորում տփեցին «ազատագրական» «ծռերին»: Այն ժամանակ «ծռերն» ավելի խիստ բառ էին օգտագործել՝ «Ազգային ազատագրական շարժում», եւ տպավորություն էր ստեղծվել, թե գնում էին Արցախ՝ արցախցիներին մնացած արցախցիներից ազատագրելու համար: Չստացվեց: Պատճառը նույնն է՝ հնարավոր չէ 100 տոկոսով արցախցիներից կազմված երկրում «ազգային ազատագրական» պայքար սկսել կամ նույնիսկ նախաձեռնել:
Ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ՝ հիմա դու ի՞նչ ես ուզում Հոխիկյանից, նա ընդամենը ստորագրահավաք է սկսել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Կարճ կապեմ՝ Հոխիկյանն այս պահին ինքնագործունեությամբ է զբաղված: Ստորագրահավաքը լուրջ ակցիա է, իսկ Հոխիկյանը դրան մոտեցել է ամենաանլուրջ ձեւով:

Հոխիկյանը պետք է իմանար, որ էշ նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու: Հոխիկյանը չգիտե՞ր, որ հետո ստիպված է լինելու ստորագրահավաքի մասնակիցների թվեր ներկայացնել: Հավանաբար, գիտեր: Ահավասիկ․ թիվ է ներկայացնում՝  Եռաբլուրից սկսված ստորագրահավաքի առաջին օրը հավաքվել է 60 ստորագրություն…

Ընդամե՞նը… Եռաբլուրո՞ւմ… Լավ չես աշխատել, Հոխիկյան: Ես կասեի՝ անարգել ես Եռաբլուրը, որտեղ 44-օրյա պատերազմի հերոսների ու անմեղ զոհերի թարմ շիրիմների մոտ տակավին բազմամարդ է: Նիկոլը կարող է հրճվել, ճախրել երկնքում, որ Եռաբլուրը եռապատկելուց հետո էլ իր հրաժարականը պահանջող չկա: Նիկոլի հետ այդպիսի կատակ չի կարելի անել, Հոխիկյան ջան: Հաջորդ օրվա՝ փետրվարի 27-ի դրությամբ թիվը 2․900 ստորագրություն էր կազմել, որոնք հիմնականում Երեւանից էին: Հոխիկյանն ասել է՝ մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում Արցախից եւ մարզերից, որ բնակիչները չեն կարողանում էլեկտրոնային տարբերակով ստորագրել, ուստի անհրաժեշտություն կա, որ մենք այցելենք մարզեր եւ Արցախ։ Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, թե Երեւանում որտեղ կարելի է մասնակցել այդ ստորագրահավաքին, ի՞նչ կայք կամ սոցցանց այցելեմ՝ ստորագրելու համար: Ինձ թվում է՝ պատկերն ավելի խայտառակ է մարզերում եւ սփյուռքում, որտեղ Հոխիկյանի ստորագրահավաքի մասին քչերը գիտեն: Եվ ուրեմն՝ ի՞նչ է ուզում Հոխիկյանն այդ մարդկանցից՝ որ միանգամից նետվեն չիմացած բանի տակ ստորագրելո՞ւ: Ո՞ւր է Հոխիկյանի կազմակերպչական խումբը, որ պետք է վերցներ «պետիցիան» եւ ընկներ դռնեդուռ:

Հիրավի հեշտ գործ չէ ստորագրահավաքը, մանավանդ երբ չունես այն անցկացնելու նվազագույն հմտություններ: Դա բանավոր սոցհարցում չէ, որ հաճելի տոկոսներ նկարես ու լուրջ մարդու դեմքով ներկայանաս հանրությանը: Պետիցիան գրավոր փաստաթուղթ է, որտեղ նշվում են նույնիսկ ստորագրողի հասցեն, զբաղմունքը եւ այլն: Հակառակ պարագայում քո այդ թուղթը ոչ մեկին պետք չէ: Ժողովրդին էլ պետք չէ, որովհետեւ ժողովուրդն այդ թվերը տեսնելուց հետո սկսում է զզվել ինքն իրենից եւ անգամ «ամենաազնիվ նպատակներով» այսպիսի ստորագրահավաք կազմակերպողներից: 

Նիկոլը դեռ շնորհակալություն չի՞ հայտնել, պարոն Հոխիկյան: