Զգուշացեք, պապիկ է...

Զգուշացեք, պապիկ է...

Մարդ արդեն չգիտի՝ իրեն շրջապատող անծանոթ տատիկ-պապիկներն իսկակա՞ն են, թե՞ ֆեյք: Երևի պետք է այսպես տարբերենք՝ այն տատիկ-պապիկները, որոնք երբևէ, թեկուզ ամենաչնչին առնչություն են ունեցել Փաշինյանի և նրա թավշյա խեղկատակության հետ, ֆեյք են: Այդպիսի մի սերիալ են ցույց տալիս՝ «Ֆեյք մամա»: Լսել եք կամ տեսել՝ չգիտեմ, բայց մտածում եմ՝ եթե ֆեյք մամա կարող է լինել և այն էլ հեռուստատեսությամբ, ապա ինչո՞ւ այդ փայլուն գաղափարից չօգտվել կյանքում: Առաջին փորձը հաջող անցավ: Հանրապետության հրապարակի պողոսահեն բազմությունը չգիտեր ուր մտցնել իր հայրենասիարական զգացմունքները, երբ հարթակ բարձրացրին Արցախյան պատերազմի հերոսի նորահայտ «պապին»: Դժվար է պատկերացնել, որ հենց այդ պահին էին գտել նրան բազմության միջից: Դրան լավ նախապատրաստվել էին, դա ծրագրի կետ էր: Այդպես մենք ճանաչեցինք ու աստվածացրեցինք առաջին ֆեյք պապին:
Հաջորդը ոստիկան Աշոտի «տատը» պետք է լիներ: Ոստիկան Աշոտ, գիտեի՞ր, որ գլխիդ այդպիսի խաղ են խաղալու: Պողոսներ, բա չհարցրի՞ք ինքներդ ձեզ՝ Ոստիկանությունում քանի՞ Աշոտ կար ձեր թավշյա խեղկատակության օրերին:

Հայաստանում ֆեյքերի ինստիտուտի դարաշրջան էր սկսվում: Թաթան երգեց իր թերևս ամենաֆեյք երգը՝ «Երբեք այսքան ուրախ չեմ տեսել հորս ու մորս»: Սուտ: Հայաստան էր մտնում ֆեյք սփյուռքը՝ Արսինե Խանջյան, Սերժ Թանկյան, սոցցանցերում իր բարբարոսությունն էր սկսել ՀՀ ֆեյք քաղաքացիների բանակը:

Ապրիլի 24-ին հերթական պապին տեսանք, անունը՝ Արտուշ: Արտաքինից չէիր կարող գուշակել՝ սովորական պապ է, թե՞ «քայլող ռեկվիզիտ»: Ծաղիկներով ուզում էր գնալ Ծիծեռնակաբերդ, իսկ պարետատան կարգադրությունը կատարող ոստիկանները չէին թողնում: Ոնց էր մղկտում պապին, ոնց էր մղկտում, որ թողնեն իր ծաղիկները խոնարհի Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Եվ մինչ մենք, Արտուշ պապի ոդիսականից զայրացած, կորոնավիրուս էինք «քրֆում», Իշխանությունները գտան պատեհությունից օգտվելու և իր ոտով ձեռքներն ընկած պապին PR գործիք դարձնելու հնարաը: Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան տնամերձում գրեց, որ վարչապետի կարգադրությամբ Արտուշ պապին պետական մակարդակով ուղեկցել են Ծիծեռնակաբերդ: Տեկնոջից հետ չմնաց նաև մարդը, որ ոստիկանի ուղեկցությամբ քայլող Արտուշ պապի նկարը դրեց իր էջում ու, իբր աչքերին չի հավատում, գրեց՝ այս պահին՝ Ծիծեռնակաբերդում: Ու ծնվեց հերթական ասքը Նիկոլի մասին՝ ահա՜, խեղճ պապին չէին թողնում բարձրանալ Ծիծեռնակաբերդ, բայց մեր վարչապետը տեսավ ու կազմակերպեց Արտուշ պապի ուխտագնացությունը: Ինչ ասեմ, դրանից մի քանի ժամ անց պետք է պարզվեր, որ պապը թավշյա կլոունադայի մասնակից է և մեկը Նիկոլին գովերգողներից, որին «նսեմացնելով», PR-չիկները «վսեմացրին» վարչապետին:
Կուրթա՜ն, Կուրթան... Իմ հայրենի Լոռու ամենակոլորիտային գյուղերից մեկը:

Ու հանկարծ պարզվեց, որ ֆեյք կուրթանեցի էլ կարող է լինել: Գրում ու գրածիս չեմ հավատում՝ «չկա տենց բան», չի կարող լինել... Խեղճ մարդուն ի՞նչ օրը գցեց Նիկոլը, որ ինչ է՝ իր աշխատասիրությամբ Երևանում տուն ու տեղ դնելու հեքիաթները պատմի: Մանրամասները բոլորը գիտեն, չկրկնեմ, բայց հիշեցնեմ միայն մաքսատանը խաղարկված մանրապատումը՝ կապված Հայաստանի դրոշի և մաքսատան երիտասարդ աշխատակցի հետ: Նույն օպերայից էր, մի տարբերությամբ, որ մաքսատանը պետք է ցուցադրվեր, թե ինչ հայրենասեր առաջնորդ ունի հայ ազգը: Իսկ ինչ վերաբերում է հայտնի կուրթանեցուն ու մաքսատան աշխատողին, ներողություն խնդրելով ասեմ, որ նրանք այսօր շատ էլ գոհ են, որ այդ թատրոնում «ապուշի» դեր են խաղացել կարգին՝ հոնորարով:

Եվ վերջում ամենամեծ տրագիկոմեդիայի մասին, որ բեմադրվեց կառավարության տան պատշգամբից: Գլխավոր դերում, ինչպես միշտ վարչապետն էր, իսկ մյուսները՝ վարչապետի խոսնակից մինչև Հ1-ի տելևիզիոնչիկներ, «ապուշի» դերում՝ կազմ ու պատրաստ: Տրագիկ մասն արդեն ավարտվել է, երկրորդ արարում կոմեդիան է սկսվելու՝ իրենց աշխատանքում կվերականգնվեն կամ ավելի լավ գործի կգնան հեռացվածները, Պետրոսը նոր եռանդով կկպնի սիրած գործին, խոսնակին հերոսի կոչում կտան, իսկ պողոսներն այս նրբություններից անտեղյակ՝ գլուխները կթափահարեն. «Ա տեհա՞ք ինչ էլավ, մեռնելուց պրծավ Նիկոլը, էդ սաղ նախկինների արածն էր...»: