Ո՞վ է Արցախի ԱԱԾ նոր փոխտնօրենը

Ո՞վ է Արցախի ԱԱԾ նոր փոխտնօրենը

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությանի հրամանագրերով Աշոտ Հակոբջանյանը նշանակվել էր ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, իսկ Արարատ Մելքումյանը՝ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ:

Գնդապետ Արարատ Մելքումյանը («Չոլկա», մականունը ստացել է սանրվածքի պատճառով) ծնվել է 1973 թվականի փետրվարի 1-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում։

Նա ոչ միայն Արայիկ Հարությունյանի մտերիմներից է, այլև՝ Արցախի նախկին և ներկա բարձրաստիճան զինվորականների և քաղաքական գործիչների։ Նա համարվում է «12 ախպերներ» նախկինում ազդեցիկ զինվորականներից մեկը։ Չնայած Հարությունյանի հեղեհեղուկ պահվածքին քաղաքական դաշտում ու քաղաքական գործիչների հետ հարաբերություններում՝ Մելքումյանը բավականին ծանրակշիռ անձ է և փառահեղ մարտակակն ուղի է անցել թե՛ 1990-ականների Արցախյան գոյամարտում, թե՛ 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմում, թե՛ 2020-ի 44-օրյա պատերազմում։

Արցախի 1990-ականների պատերազմի ժամանակ ընդգրկվել է Կարմիր Շուկայի (Մարտունի շրջան) ինքնապաշտպանական ջոկատում։ Նրա հրամանատարներ են եղել Արցախյան զորահրամանատար, Արցախի հերոս, ԱՀ ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, Արցախի հերոս, ՀՀ ազգային հերոս, ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ) նախկին անդամ, լիբանանահայ զորահրամանատար Մոնթե Մելքոնյանը։

Մելքումյանը որպես սպա ծառայել է Արցախի բանակում՝ հասնելով մինչև գնդապետի կոչման։ 2016 թվականին N զորամասի հրամանատարի` մարտական պատրաստության գծով տեղակալ Արարատ Մելքումյանի գլխավորած ջոկատը կասեցրել է նախահարձակ ադրբեջանական ուժերի առաջխաղացումը: Ապրիլի 4-ին վիրավորվել է։ Պարգևատրվել է Հայաստանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

2018-ի փետրվարի 15-ին նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատար, իսկ 2019 թվականի հուլիսի 3-ին՝ ԱՀ այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի որոշմամբ նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար։

44-օրյա պատերազմի ժամանակ զբաղվել է հիմնականում Մարտունու շրջանի ինքնապաշտպանական հարցերով։ Հայ-ադրբեջանական պատերազմում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների համար 2020 թվականի նոյեմբերի 22-ին գնդապետ Մելքումյանին շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում: