1991 թվականի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ կարևորագույն մեկնակետ․ Բակո Սահակյան

1991 թվականի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ կարևորագույն մեկնակետ․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անկախության օրվա առթիվ:

«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:


1991 թվականի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ կարեւորագույն մեկնակետ, նոր ճանապարհի սկիզբ: Դա ինքնիշխան ու ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհն է՝ հիմնված ազգային ու համամարդկային արժեքների վրա:

Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ նա լինի, պարտավոր է հոգու խորքում միշտ վառ պահել Հայրենիքի գաղափարը, իր ավանդն ունենալ հայոց անկախ պետականության ամրապնդման ազգանպաստ գործում:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ու մեր ողջ ժողովրդին այս նվիրական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու հաղթանակներ՝ ի բարօրություն ու բարգավաճում Հայաստանի Հանրապետության», - ասված է ուղերձում։