Ի՞նչ է խանդը. սիրո նշա՞ն

Ի՞նչ է խանդը. սիրո նշա՞ն

Խանդը բազմապլանային, զգացմունքային գամայով հարուստ հուզական վիճակ է: Այս դեպքում կա սեր, ատելություն, վախ: Խանդը լինում է նորմալ կամ էրոտիկ և ոչ նորմալ, որը կոչում են զառանցանք: Երկուսի հիմքում էլ ընկած է կասկածը, ինչպես նաև սիրած էակին կորցնելու վախը:

Խանդն առավելապես դրսևորվում է այն մարդկանց մոտ, ովքեր ձգտում են ինքնահաստատման, դեռ չեն կայացել ու այդ փուլում հանդիպել են մի էակի, որից կախված է իրենց ինքնահաստատումը: Սիրած էակին կորցնելու վախը բերում է խանդի դրսևորման:

Ինքնահաստատված մարդիկ հարուստ գիտելիքներ ունեն: Նրանց մոտ խանդի դրսևորումներ չկան կամ շուտ չեն արտահայտվում, իսկ թերարժեքության, նաև գերարժեքության բարդույթ ունեցողներն ավելի շատ են խանդում: Խանդը դրսևորվում է հավասարապես թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ: Պարզապես, կան դրսևորման տարբերություններ. կինը կարող է չարտահայտել խանդը, իսկ տղամարդկանց մոտ դրսևորումները տարբեր են:

Ի վերջո, պետք է հիշել, որ շատ հարաբերություններ խախտվում են, և շատ ամուսնալուծություններ լինում են հենց խանդի պատճառով:

Կան մարդիկ, որոնք համարում են, որ եթե խանդ չկա, չկա նաև սիրո զգացմունք, բայց դա միշտ չէ, որ այդպես է: Եթե կարճ բնութագրենք խանդը, ապա դա սեփականության իրավունք է ուրիշ էակի նկատմամբ իր բազմաթիվ դառը հետևանքներով:

Թեթև խանդի զգացումը կարող է հանդիսանալ խթանող գործոն ամուսնական կյանքում, այսինքն՝ կարող է բերել սեռական ցանկության խթանմանը և նոր երանգ մտցնել ամուսնական հարաբերություններում, որն իհարկե միապաղաղ կյանքի դեմ պաքարելու միջոց է և վերջապես նորից թարմացնել սիրո զգացմունքը: Շատ ժամանակ ուժեղ խանդը կարող է մեծ բեռ լինել ամուսնական կյանքում:

Խանդում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Այդպիսի ընտանիքում ամուսիններից մեկի համար ընտանեկան կյանքը դառնում է դժոխք: Օրինակ, եթե կինը 5 րոպե ուշանում է աշխատանքից, խոսում է հեռախոսով. գնում է նոր զգեստ կամ հարդարում է մազերը նորաձև և այլն, դա կարող է խանդի և անվերջ հարցաքննումների պատճառ դառնալ:

Իհարկե, լինում է հիմանվորված խանդ, երբ ստույգ տվյալներ կան դավաճանության մասին և փորձը ցույց է տալիս, որ եթե հետագայում ամուսիններից մեկը ներում է այդ դավաճանությունը, նա կարող է անտեղի դրսևորել բազմաթիվ խանդի տեսարաններ: Հոգեբուժության մեջ գոյություն ունի «հիվանդագին խանդ» հասկացություն: Այն կարող է հանդիպել ինչպես որոշակի բնավորության գծերի շեշտվածության, այնպես էլ հոգեկան հիվանդությունների, տղամարդկանց սեռական խանգարումների, խրոնիկական ալկոհոլիզմի ժամանակ: Որևէ տրամաբանություն չի կարող հակառակը համոզել այդպիսի անձնավորություններին: Նրանք կարող են նույնիսկ խանդել ծեր ամուսիններին կամ անկողնում գամված զուգընկերոջը։

Խանդը, առաջանալով ամուսիններից մեկի մոտ, հանգեցնում է այն բանի, որ վերջիվերջո տառապում են երկու ամուսինները, որն էլ բերում է ընտանեկան աններդաշնակության և հեռացնում ու օտարացնում է նրանց: Կարող են զարգանալ զանազան նևրոզներ, որոնց ֆոնի վրա զարգանում են սեռական ցանկության կորուստը, սեռական անկարողությունը տվյալ անձի նկատմամբ, ընտանեկան հետաքրքրությունների կորուստը, ամուսնական պարտականություններից խուսափելու համախտանիշը, և այդպիսի անձնավորությունները ավելի են հակված դավաճանելու իրենց զուգնըկերոջը:

Ստացվում է այնպես, որ ինչքան մենք ուժեղ ենք խանդում, այնքան նպաստավոր պայմաններ ենք ստեղծում դավաճանությունների համար: Իսկ կարո՞ղ է խանդը բացակայել։ Իհարկե կա կանանց և տղամարդկանց մի ստվար զանգված, որոնք ասում են, որ իսպառ չունեն այդ զգացմունքը: Նրանք, օրինակ, ուշադրություն չեն դարձնում, երբ ամուսինը պարում է երիտասարդ կնոջ հետ, կամ երբ ուշ է գալիս տուն, առանց որևէ պատճառի տանից բացակայում է, կամ էլ երբ տարբեր կանայք են զանգահարում նրան և այլն: Պետք է իհարկե գտնել այդպիսի վերաբերմունքի պատճառը:

Մի դեպքում դա կարող է լինել անտարբերություն ամուսնու նկատմամբ, որի հիմքում կարող է լինել հոգեբանական պաշտպանվածությունը ավելորդ չհուզվելուց, չջղայնանալուց և այդ ձևով ստեղծված իրավիճակից խուսափելուց: Այս դեպքում պետք է պարզել ամուսնանալու դրդապատճառը և իհարկե առկա աններդաշնակության գործոնը: Մեր իրականությունում հաճախ կինը կարող է նյութական կախվածության մեջ լինել ամուսնուց և չուզենալով կորցնել այդ կարգավիճակը՝ աչքերը փակել ամեն ինչի նկատմամբ: Մյուս դեպքում ամուսիններից մեկը ապրում է անհոգ կյանքով և կարծում է, որ իրավաբանորեն ամրագրված ամուսնական կյանքը բավարար է, որ իրեն չդավաճանեն: Դա որոշ դեպքերում կապված է ամուսինների անձնային առանձնահատկությունների հետ:

Երրորդ դեպքում խանդի բացակայությունը կարող է կապված լինել ամուսիններից մեկնումեկի չափազանց ինքնավստահության հետ, երբ համարում են, որ նրանց այնքան են սիրում, որ չեն կարող ուշադրություն դարձնել ուրիշների վրա: Որպես օրենք, երբ այդ ամուսիններն իմանում են դավաճանության մասին, ապա դառնում են ամենախանդոտները և պատրաստ են վրիժառության՝ պատասխան դավաճանության: Որոշ ամուսիններ թույլ են տալիս իրենց երկրորդ կեսին միայնակ հանգստանալ և շատ ժամանակ ուրախ են, որ նա բացակայում է: Այստեղ իհարկե կա դրական մասնիկ, այն է՝ հանգստից հետո ավելի մեծ կարոտով ու ցանկությամբ կհանդիպեն, բայց պետք է նայել և այդ վարքագծի արմատներին կամ դրդապատճառներին, որոնք նորից հանգեցնում են ամուսնական աններդաշնակությանը: Որոշ դեպքերում առկա է և թաքնված ազատություն, և խանդի բացակայություն, երբ ամուսինները միմյանց թույլ են տալիս լայն ազատություն իր բոլոր հետևանքներով:

Ամփոփելով վերոնշյալը՝ կարելի է ասել, որ եթե կա սեր և լիարժեք ամուսնական ներդաշնակություն, ապա այդտեղ չեն կարող արմատավորվել խանդը և անվստահությունը: Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: