«Դատախազ». ստուգաբանության փորձ
Քանի որ հայրենի իշխանությունները քաջատեղյակ են, թե Աստծո ամեն օր՝ ո՛ր պահին, ո՛ւմ հետ եւ ի՛նչ են անում ՀՀ հպարտ քաղաքացիները, ինքնախոստովանական ցուցմունք տամ, որ երեկ ամբողջ օրը զբաղված էի․․․ բանասիրական որոնումներով։ Մեծ ցանկություն ունեի նորից ճշտել «դատախազ» բառի արմատները, դրանց ստուգաբանությունը։ Հունիսի 16-ի իրադարձային ֆոնին դա շատ հետաքրքիր էր։
«Դատախազ» բառը, ուրեմն, բաղկացած է երկու արմատից՝ «դատ» եւ «խազ»։ Հենց սկզբից ասեմ, որ «դատ» արմատն ամենեւին չի նշանակել այն, ինչ այսօր մենք գիտենք։ Բառը ծագել է պահլավերեն, պարսկերեն «դատ» արմատից եւ նշանակել է, ուշադրությո՛ւն, ոչ թե ուղղակի դատ կամ դատաստան, այլ՝ «օրենք», «արդարություն»։ Ես խիստ կասկածում եմ, որ, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազը գիտի այս ստուգաբանության մասին։ Այսօր նա ապացուցեց, որ չգիտի։ Ի դեպ, «դատ» բառը նշված երկու իմաստով կա նաեւ բազմաթիվ այլ հին լեզուներում, ասել է թե՝ օրենքը եւ արդարությունը վաղնջական ժամանակներից նույն նշանակությունն ունեն բոլոր լեզուներում։ Բայց ես, թույլ տվեք ասել, աճառյանական այս ստուգաբանությանը մի քիչ կասկածում եմ․․․ հայերենի առումով․ մեր լեզվում այդ բառը հազիվ թե «օրենք», «արդարություն» նշանակի, հակառակը միանգամայն հնարավոր է։
«Դատախազ» բառի երկրորդ բաղադրիչի ստուգաբանական նշանակությունը՝ «խազ», Աճառյանին ծանոթ չէ, ինչպես ինքն է նշում իր հռչակավոր Արմատականում, բայց ես ուզում եմ սեփական վարկածը բերել բառի ստուգաբանական մեկնության մեջ։ Ես՝ հետինս բանասերներից, կարծում եմ, որ դա նույն «խազ» բառն է, որ նշանակում է՝ «նշան», «գիծ»։ Եվ դա արդարության եւ օրենքի այն նշանն է կամ գիծը, որը չպիտի հատի որեւէ մահկանացու, եթե նույնիսկ նա ՀՀ գլխավոր դատախազն է։
Բնականաբար, վստահ չեմ, որ ՀՀ գլխավոր դատախազն այս ստուգաբանությունը կընդունի․ նա հաստատ կսպասի, թե խնդրո առարկայի վերաբերյալ ի՛նչ կասի ՀՀ գլխավոր «բանասերը»։ Իսկ գլխավոր «բանասերի» մասնագիտական գիտելիքներին, ասեմ՝ իմանա, ես ամենեւին չեմ վստահում։
Կարծիքներ