Արսեն Թորոսյանը գաղափարական մակարդակում արդարացնում է դավաճանությունը

Արսեն Թորոսյանը գաղափարական մակարդակում արդարացնում է դավաճանությունը

Նախօրեին առիթ ունեցա Հ1-ի եթերով դիտել Արծվիկ Մինասյանի եւ Արսեն Թորոսյանի բանավեճը։ Թեման բավական հետաքրքիր էր՝ Սահմանադրության փոփոխություն կամ նոր Սահմանադրության ընդունում, Անկախության հռչակագիր, ազգային իղձ եւ այլն։ Բանավեճի բովանդակային կողմին դեռ անդրադառնալու առիթներ կունենանք, սակայն մի դրվագ կար, որ հատկապես ուշագրավ էր։

Արծվիկ Մինասյանը, խոսելով Անկախության հռչակագրի մասին, նշեց, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է վերջինիս ակունքներում, եւ քանի որ Արսեն Թորոսյանն էլ ժամանակին եղել է ՀԱԿ-ական, ապա հարց է առաջանում, թե արդյոք Արսեն Թորոսյանը փոխե՞լ է իր համոզմունքը։ Արծվիկ Մինասյանի ճշտող հարցին Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ համոզմունքը կարելի է փոխել՝ կախված ժամանակից, հանգամանքներից եւ այլն։ Հենց սա է, որ, ըստ մեզ, ամենից մեծ գայթաքարը եղավ այդ հարցազրույցում իշխող ուժը ներկայացնող Արսեն Թորոսյանի խոսքում։

Փաստորեն, նա գաղափարական մակարդակում անձամբ իր մոտեցումը կամ գուցե թե իր քաղաքական թիմում տիրապետող մտայնությունը ձեւակերպելով՝ բարձրաձայնեց մի թեզ, որը, ըստ էության, ոչնչացնում է անձի՝ հանրության մեջ կեցության կարեւոր բաղադրիչներից մեկը հանդիսացող վճռականության, հաստատակամության, սեփական համոզմունքների հանդեպ հավատարմության եւ դրանց համար պայքարելու հաստատակամության սկզբունքները, դրանով իսկ արդարացնելով ցանկացած տեսակի դավաճանություն, ճամբարափոխություն, ուրացում եւ այլն։ Բացի այդ, ցանկացած միջավայրում՝ լինի բիզնես, քաղաքականություն, թե գործունեության այլ ոլորտ, անձի լրջությունը չափվում է նաեւ նրանով, թե որքանով է վերջինս հավատարիմ իր սկզբունքներին ու համոզմունքներին։ Համոզմունք փոխելը ողջ աշխարհում դիտարկվում է որպես լրջության պակասի, անլրջության, անսկզբունքայնության նշան։

Հետեւաբար, նաեւ այս իմաստով Արսեն Թորոսյանը չափազանց վտանգավոր թեզ առաջ քաշեց։ Ու եթե այդ թեզի կիրառումը, քարոզչությունը նա սեփական օրինակով է ապացուցում, ապա այստեղ հարց է առաջանում, թե որքանով նման անձն իրավունք ունի զբաղեցնելու քաղաքական որեւէ պաշտոն կամ զբաղվելու քաղաքականությամբ։ Ի դեպ, պատմության մեջ միլիոնավոր օրինակներ կան, երբ մարդիկ սեփական քաղաքական, կրոնական կամ ազգային համոզմունքների համար նույնիսկ գնդակահարվել են, մահապատժի ենթարկվել, սակայն երբեք թույլ չեն տվել, որ իրենց ճակատին դրվի դավաճանի, ուրացողի կամ ճամբարափոխի աղվեսադրոշմը։ Իսկ իր հայացքներից հրաժարված, իր սկզբունքներին դավաճանած գործիչներին ինքը՝ հանրությունն է պատժում՝ նրան մղելով լուսանցք եւ հեռացնելով քաղաքական ասպարեզից։