Եմենի հութիների չափ էլ չկանք

Քարի դարի կենդանակերպ, կապկանման արարածը մարդ է դարձել անհատական մրցակցության շնորհիվ։ Հետո այդ մարդը պետություն է կերտել՝ որպես տանիք, վահան՝ հարեւանի դեմ եւ սկսել է մրցակցել մյուս պետությունների հետ։ Բայց իրականում ոչ թե պետությունն է մրցում հարեւան պետության հետ, այլ պետության բանական, ուղեղակիր, հզոր մարդիկ են կազմակերպում մյուս մարդկանց եւ մրցակցում հարեւան պետության իրենց նմանների հետ։ Իսկ որպեսզի մրցակցային մարդը կայանա, գլխավոր պայմանն այն է, որ մարդը մարդ մնա` ինքնասիրություն, արժանապատվություն ունենա, կողքի կանգնածին գնահատելու, արժեւորելու ազնվություն, կարողանա իր մեծ ու փոքր սխալներն ընդունել եւ առավել ընդունակին, արժանիին դարձնել առաջնորդ։
Հիմա եկեք մի պահ սթափ նայենք մեր շուրջն ու տեսնենք, թե ում ենք մեծարում եւ արժեւորում, ում անունն ենք էլիտա դրել, ում ենք հանձնել մեր ճակատագիրը, թե` մեզ ղեկավարի, տար դեպի բարեկեցիկ ու լուսավոր ապագա։ Սթափ նայելով սրան, նորմալ, բանական մարդը կհասկանա, որ ցավալին, ողբալին այն է, որ այս իրականությունը մենք՝ ինքներս ենք ստեղծել՝ մի փոր հացի համար ծախվելով, անարդարության, անօրինությունների վրա աչք փակելով, մեր մարդկայինն ու ազգայինն ենք ջախջախել՝ հօգուտ նախկին ու ներկա, մեղմ ասած, թյուրիմացությունների։ Ապա նայեք, թե մեր ծնած, մեր հարկերի հաշվին ապրող հազարավոր ոստիկանները ոնց են ատամներով պաշտպանում իրար փոխարինելով իշխանության ղեկին հայտնված, երբեմնի ծաղկուն երկիրն ավերած, տնտեսությունը վերացրած, կրթական համակարգը, գիտությունը ողբալի վիճակի հասցրած քաղաքական արկածախնդիրներին։
Ու գլխավոր մեղավորն ամենեւին իշխանության ղեկին նստածները չեն, այլ մենք ենք եւ առաջին հերթին մեր անազնվությունն է՝ ինքներս մեզ ու մեր կողքին կանգնած մարդու հանդեպ։ Մեր շուրջը եղած անարդարությունները չնկատելով, անօրինությունների առաջ աչք փակելով, մեր կողքին կանգնած արժանավորին «քցելով», որ տեղը գրավենք, մեր մեծամտությամբ, տգիտությամբ ու ինքներս մեզ Երկիր մոլորակի ամենախելացին ու ամենատաղանդավորը հռչակելով, աստիճանաբար կերտեցինք այս «սոդոմ-գոմորը», որտեղ հպարտանում են սեփական խայտառակ պարտությամբ ու դարավոր ոսոխի, ցեղասպանի շահերը սպասարկելով, նրա պատվերով սեփական պատմությունը խմբագրելով, ազգայինը ջնջելով, երկրի պաշտպանական վահան-բանակը վերացնելով, թշնամուց խաղաղություն մուրալով։
Մարդկության պատմության մեջ նման այլ դեպք հիշո՞ւմ եք։ Աշխարհին մինչ այդ անհայտ Եմենի հութիները ժամանակակից զենքեր են ձեռք բերել, այնքան հզորացել, որ Պաղեստինի ժողովրդին, Գազայի բնակչությանն աջակցելու, պաշտպանելու համար ձեռնոց են նետել աշխարհի հզորներին՝ ԱՄՆ-ին ու նրա խամաճիկը դարձած զարգացած ու հզոր այլ երկրներին։ Աշխարհում 21-րդ դար է, նոր աշխարհակարգ է ստեղծվում, իսկ մենք մեր «կոտրած տաշտակն» ավելի ենք ջարդուխուրդ արել, ինքնապաշտպանական բոլոր միջոցները վերացրել, բաց ծով ենք դուրս եկել ու գիշատիչներից խաղաղություն ենք մուրում, փոխանակ կռիվ տանք։
Իսկ եթե նայեինք մեր շուրջը, կհասկանայինք, կխոստովանեինք, որ «անկախական» կոչվող վերջին երեք տասնամյակում մենք ոչ միայն մեկ միլիմետր առաջ չենք շարժվել, այլեւ կիլոմետրերով հետ ենք գլորվել ու այսօր ինքներս ենք զոհասեղանին դրել մեր երկիրը, որի թշնամին ոչ միայն դրսում է...
Գարեգին Վարդանյան
Կարծիքներ