Փաշինյանի ժողովրդավարական պատրանքը

Փաշինյանի ժողովրդավարական պատրանքը

Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցն ըստ էության որևէ նոր բան չհաղորդեց հայ հանրությանը։ Հերթական անգամ առերեսվեցինք եթերային նույն ներկայացման հետ, որտեղ տիրապետող էին սուր, բայց անհետևանք հռետորաբանությունն ու առաջին հայացքից հաստատուն, բայց իրականում անմշակ և երերերուն գաղափարները։ Հարցազրույցի ելակետը  «պետքեների» անվերջանալի կրկնությունն էր։ Արդեն երկու տարի է, ինչ կառավարող թիմի ներկայացուցիչներն իրենց ծրագրային ելույթները սկսում են «պետք է»-ով, պետք է սա անենք, պետք է համակարգը բարեփոխենք, պետք է, պետք է և այսպես շարունակ։ 

Իրականում արդեն իսկ ծամծմված «պետք է»-ի շղարշի ներքո թաքնված է ամբողջական անշարժությունն ու համակարգաստեղծ աշխատանքի բացակայությունը։ Այսինքն, մարդիկ հեղափոխական ճոխ հռետորաբանությամբ այս կամ այն ամբիոնից ելույթներ են ունենում, իսկ ամբիոնից իջնելուց հետո՝ մոռանում խոսքի արժեքն ու անհետանում։ Վարչապետի վերջին հարցազրույցն էլ տեղավորվում է վերոհիշյալ տրամաբանության մեջ։ Նա մի կողմից խոսում էր համակարգային խնդիրների մասին, իսկ մյուս կողմից` լեգիտիմացնում Սերժ Սարգսյանից ժառանգություն մնացած սուպերվարչապետական համակարգը։ Մի կողմից շեշտադրում էր Սահմանադրության հետ առնչվող հիմնախնդիրները, իսկ մյուս կողմից էլ հետաձգում և լղոզում Սահմանադրական բարեփոխումների կամ էլ փոփոխությունների հնարավորությունը՝ նորից լեգիտիմացնելով այն համակարգը, որը պարտադրված է գործող Սահմանադրությամբ։ 

Փաստացի ապրիլի 5-ի հանրաքվեն որևէ աղերս չունի Սահմանադրության իրական բարփոխումների հետ, քանի որ դա ըստ էության մարդաորս է, այլ ոչ թե հիմնային բարեփոխում։ 

Այսինքն Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում շարժվել համակարգային բարեփոխումների և համակարգաստեղծման ճանապարհով ու այս ամբողջ իրարանցումը ընդամենը մարդափոխության պարզ դրսևորում է՝ հեղափոխությունից մինչև հանրաքվե։ Տիրապետող է այն մտայնությունը, թե ամբողջ պրոբլեմը մարդկանց մեջ էր և նրանց չեզոքացումից հետո երկնքից մանանա է թափվելու, քանի որ Սերժը վատն էր, իսկ Նիկոլը լավն է։ 

Իհարկե մենք մերժում ենք քաղաքական գործիչներին վիրավորելու և ծաղրելու պրակտիկան, բայց նաև չենք կարող չարձանագրել, որ «սուպերվարչապետության» վերաբերյալ վարչապետի փաստարկները քաղաքագիտական տեսանկյունից իսկապես զավեշտալի էին։ Փաշինյանը պնդում էր, որ ժողովրդավարության, լեգետիմ իշխանության և կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում «սուպերվարչապետական» համակարգ լինել չի կարող։ Սա իհարկե պարզ բառախաղ է, որի միջոցով վարչապետը մոլորեցնում է հանրությանը։ 

Իրականում «սուպերվարչապետություն» կոչվածը որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի և իշխանության լեգիտիմ լինելու հանգամանքների հետ։ Խոսքն ընդամենը իշխանության ճյուղերի միջև լիազորությունների անհամաչափ բաշխման և դրա հետևանքով հավասարակշռման մեխանիզմների բացակայության մասին է։ Այսինքն, ներկայիս Սահմանադրությունը վարչապետին այնպիսի լիազորություններ է տալիս, որոնց ներգործությամբ այդ ինստիտուտը դառնում է միահեծան և անվերահսկելի։ Փաստացի չկա այնպիսի մի ինստիտուտ, որը կարող է սահմանափակել վարչապետի անվերահսկելիությունը, ինչը հակասում է պառլամենտական հանրապետության տրամաբանությանը։ 

Հանգամանքն այս խոցելի է դարձնում նաև ժողովրդավարության զարգացման հեռանկարը, քանի որ այսպիսի սահմանադրական լիազորություններով վարչապետը կարող է ցանկացած պահի հրաժարվել ժողովրդավարական խաղի կանոններից։ Ի պատասխան այս փաստարկի վարչապետը պնդում է, թե ինքն այն անձը չէ, որը երբևէ կհրաժարվի ժողովրդավարական ավանդույթներից։ Այս պնդումը նույնպես որևէ քննադատության չի դիմանում, քանի որ ժողովրդավարությունը մարդկային ցանկությունների համակարգ չէ, ավելին՝ դրանում կենտրոնական դեր են զբաղեցնում ինստիտուտներն ու փոխզսպման մեխանիզմները։ Այսինքն, վարչապետը ոչ միայն չպետք է ցանկանա դուրս գալ իր լիազորություններից, այլ նաև պետք է չունենա այդ հնարավորությունը։ Իսկ հիմա ստացվում է, որ Փաշինյանը կարող է շրջանցել օրենքը, բայց չի անում՝ ներկայացնելով դա որպես մեծագույն պարգև։ Իսկ մենք՝ անշնորհակալներս, իբրև թե չենք գնահատում մեզ շնորհված այդ պատիվը։ 

Սա իհարկե որևէ կապ չունի ժողովրդավարության հետ, իրականում գործ ունենք ժողովրդավարական պատրանքի հետ։ Կարճ ձևակերպմամբ՝ ժողովրդավարություն մեկ մարդու քմահաճույքով, որը մեզ ներկայացվում է որպես մեծագույն նվաճում։ Ավելին, սա չափազանց կարճ կյանք ունեցող պատրանք է և քանի դեռ Սահմանադրությունը փոխզսպող և սահմանափակող մեխանիզմներ չի առաջարկում, վարչապետը ինչ-որ մի օր վերջնականապես դուրս է գալու վերահսկողությունից։ 

Ահա այս ֆունդամենտալ փոփոխությունների մասին է խոսքը, իսկ Նիկոլ Փաշինյանը համառորեն հեռանում է բուն հարցադրումներից՝ շարունակելով խրվել անցյալի անանցանելի և խորը ճահճի մեջ։ Ի դեպ կոռուպցիա եզրույթի շահարկումն էլ արդեն իսկ փոխակերպվել է պարզունակ բառախաղի։ Վարչապետը կոռուպցիայի մասին խոսելիս հասկանում է միայն պետ․ բյուջեից գողանալու պրակտիկան, բայց իրականում կոռուպցիան շատ ավելի լայն և համակարգային հասկացություն է։ Այն կարող է դրսևորվել ոչ միայն անձի դեպի գողությունը հակվածությամբ պայմանավորված, ընդհակառակը՝ կոռուպցիան հաճախ շատ ավելի արդյունավետ դրսևորվում է «ազնիվ» մարդկանց անարդյունավետ կառավարման հետևանքով։ Ի գիտություն բոլորին՝ անարդյունավետ կառավարումը և պետական միջոցների անհեշվենկատ տնօրինումը պակաս հանցագործություններ չեն, քան պարզ գողությունը։ 

Որպես եզրակացություն նշենք հետևյալը․ փաստացի Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Սերժ Սարգսյանի «սուպերվարչապետական» անվերահսկելի և անսահմանափակ իշխանությունից, իսկ մյուս կողմից էլ բոլորը համակերպվում են, որ պառլամենտական հանրապետությունում խորհրդարանը պետք է խամաճիկի կարգավիճակ ունենա՝ վարչապետի միահեծան տնօրինության ներքո։ Հերթը հասել է Սահմանադրական դատարանին։ Այսինքն, ֆունդամենտալ փոփոխությունների փոխարեն առաջնային պլան է մղվում Սերժի դատավորներին Նիկոլի դատավորներով փոխարինելու գործընթացը։ Փաստացի արդեն իսկ ունենք լեգիտիմության մեկ և բացառիկ կենտրոն, որը կարելի է սահմանել զավեշտ հիշեցնող ձևակերպմամբ՝ ժողովրդավարական ավտորիտարիզմ։ Այսինքն ձևով ժողովրդավական, բայց բնույթով՝ մեկ կենտրոնից կառավարվող։ Սա լրջագույն մարտահրավեր է, որի դառը պտուղները Հայաստանի քաղաքացիները շուտով կվայելեն։