Բուհերը զգուշավոր լռում են, բայց դա շատ անհանգիստ լռություն է

Բուհերը զգուշավոր լռում են, բայց դա շատ անհանգիստ լռություն է

Ամիսներ առաջ իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստվում են գնալ բուհերի խոշորացման եւ որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, եւ ընթացք տվեցին պրոցեսին։ Վերջին շրջանում քննարկվում է մասնավորապես ակադեմիական համակարգում գործող գիտահետազոտական ինստիտուտները բուհեր տանելու հարցը։ Թե ինչքանով է իրատեսական այդ ծրագիրը, ինչ ռիսկեր կան դրա տակ թաքնված, եւ այդ միավորումից ավելի շատ կտուժի, թե կշահի գիտակրթական համակարգը, ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս Նարինե Դիլբարյանը նկատում է, որ այս ծրագիրը նոր չէ, իրականացվել է Բոլոնյան գործընթացի շրջանակներում, ու կա կուտակված հարուստ փորձ․ «Ընդ որում, այնպես չէ, որ այդ փորձը միանշանակ դրական է, ընդհակառակը՝ մենք ունենք արձանագրված նախադեպեր՝ եվրոպական կրթական համակարգի կողմից, որ, օրինակ, մեր հարեւան Վրաստանում, ինչպես նաեւ հետխորհրդային երկրներում (միակ բացառությունը մերձբալթյան 2 հանրապետություններն էին) նման միավորումը ոչ միայն չի հանգեցրել, այսպես ասած, գիտության զարգացմանը եւ բուհական, ակադեմիական կրթության առաջընթացին, այլեւ հակառակը` ստեղծել է մեծ խոչընդոտներ եւ անկումային իրավիճակ։ Այսինքն, երբ մենք՝ մեր, Վրաստանի ու մյուս խորհրդային պետությունների մեկնարկային պայմանները համեմատում ենք, ապա զգում ենք, որ մենք ավելի շատ հենց այդ աստիճանի վրա ենք, քան մերձբալթյան կրթական մշակույթի, ուստի կարծում եմ՝ նման շտապողականությունը կարող է ակնհայտ հանգեցնել հոնքն ուղղելու փոխարեն աչքն էլ հանելուն, որովհետեւ, եկեք արձանագրենք, որ թե՛ ակադեմիական համակարգում խնդիրներ կան՝ արդյունավետության բարձրացման ու բարելավման ուղղությամբ, թե՛ կրթական համակարգում»։

Ն․ Դիլբարյանն ընդգծում է՝ նախարարությունը կառավարության ղեկավարի հետ պարբերաբար առաջարկում է խիստ ուտոպիական եւ առաջին պահին սարսափ առաջացնող ծրագրեր․ «Հիշում եք՝ բուհերը պատրաստվում էին տեղափոխել Աշտարակ, ստեղծել ակադեմիական քաղաք, այս ծրագրի մասին խոսվեց-ասվեց, բայց չասվեց՝ այն իրականացվելո՞ւ է, թե՞ ոչ։ Խոսվեց մեկ այլ միավորման մասին՝ մանկավարժականի, Բրյուսովի համալսարանների ու ֆիզկուլտինստիտուտի միջեւ, որը կարծես էլի առկախված վիճակում է, ու միայն Մանկավարժական համալսարանն էր, որ համաձայնել էր այդ բավականին արհեստական ծրագրին։ Տեսեք, թե քանի ծրագիր է նետվում՝ մեկը մեկից ամպագոռգոռ, առաջանում են ցնցումներ գիտական եւ ուսումնական կյանքում, եւ ոչինչ չի իրականացվում, բացի խառնակությունից։ Եվ այդ խառնակությունների ընթացքում ինստիտուտները դադարում են նորմալ աշխատել, խաթարվում է գիտական գործունեությունը։ Բուհերի դեպքում՝ եւս․ եթե այդքան բուհերը միավորում ես ու հիմա այդ խոշորացված միավորին կցում ես եւս մեկը, այստեղ ի՞նչ արդյունավետ կառավարման մասին կարելի է խոսել։ Որքան կառավարման օղակները շատ են, ընդ որում՝ բավական տարաբնույթ, այնքան ավելի շատ է համակարգը ծանրաբեռնվում։ Ի՞նչ կապ ունեն, օրինակ, սպորտը՝ իր բնույթով, առաջադրած կրթական խնդիրներով, եւ օտար լեզուների ուսուցումը՝ մանկավարժական կամ ոչ մանկավարժական թարգմանական տեսանկյունից։ Հիմա այդ բոլորին իբրեւ միավորում են, նրանց պետք է ավելանան ինչ-որ ակադեմիական հիմնարկներ, եւ ո՞վ է դա կառավարելու, ի՞նչ ենք ստանալու՝ 1-2 ռեկտոր կամ 1-2 դեկան պակա՞ս։ Ավելին՝ այդ 1-2 հոգու աշխատավարձի կրճատումը բոլորովին չի կարող նպաստել, որ գիտությունը կամ տվյալ բուհն արդյունավետ զարգանա։ Անգամ խոհարարության մեջ էլ չափազանց տարբեր սննդամթերքներ իրար խառնելուց հետո դու չես ստանում արդյունավետ, համասեռ երեւույթ, այլ՝ խառնակություն, որ կարող է ոչ դյուրամարս լինել»։

Ինչպես նկատում է զրուցակիցս, երբ խնդիրները հստակ մշակված չեն, երբ կան բացասական նախադեպեր, չի կարելի այդպիսի շտապողականությամբ նետվել առաջ։ «Ընդ որում՝ կան տարբեր ճանապարհներ, երբ նախարարության հետ հանդիպել էին ակադեմիական ինստիտուտների տնօրենները, ու հետո այդ հանդիպումները շարունակվեցին այլ հարթակներում եւս, իրենք ուրիշ ճանապարհներ էլ էին առաջարկել, շատ ավելի լուսավոր եւ դանդաղ։ Չինական մի ասացվածք կա, ասում է՝ ամենաարագն ու արդյունավետը ոչ թե ուղղակի արագն է, այլ շատ դանդաղը, բայց՝ հետեւողականը։ Այսինքն՝ մենք պետք է գնանք դանդաղ, բայց հետեւողական բարեփոխումների ճանապարհով, առանց բոլորին իրար միավորելու։ Այդ խոշորացման ծրագիրը, որն այնքան էլ նոր չէ, մի տեսակ աղտի պես համակել է մեզ, բոլորին խոշորացնում են, բայց արդյունքում ստանում ենք մարդկանց արտահոսք, հատկապես՝ սահմանային եւ փոքր բնակավայրերից, որովհետեւ այդ դեպքում բժշկական, ուսումնական կենտրոնները տեղափոխվում են համայնքային կենտրոն, իսկ փոքրիկ Հայաստանը վերածվում է մեծ շերեփուկի։ Ես երբեք չեմ հասկացել այդ խոշորացման նպատակը, եւ, ընդհանրապես՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ է ապակենտրոն, ցանցային զարգացումը»։  

Գիտության մեջ ապակենտրոնացումը, ըստ Դիլբարյանի, ունի շատ հաջող նախադեպեր․ «Եթե դու բոլոր ֆիզիկոսներին միավորում ես իրար, չես ստանում արդյունավետ զարգացում, նրանցից ամեն մեկը՝ առանձին-առանձին, կարող է այնպիսի ծրագրեր ներկայացնել, որոնք շատ արդյունավետ լինեն, ու հետո նոր վերջում այդ ամենը միավորվի։ Սակայն, երբ դու բոլորին իրար հետ միավորում ես, առաջանում է խառնաշփոթ, ֆինանսական ոչ հստակություն, թե ով է ղեկավարելու այդ ամենը։ Բացի այդ, կառավարման օղակների ավելացումը բերում է համակարգի աշխատանքի հստակ դանդաղեցման։ Ուստի, կարծում եմ՝ այդ ծրագիրը բնավ մշակված չէ, այն խիստ փոփոխությունների կարիք ունի, եւ պետք չէ բոլորին միացնել, պետք է ցանցային ձեւով զարգացնել գիտությունը, կրթական համակարգը, լավ փորձը բերել միավորել եւ գտնել իրական արդյունավետ ճանապարհը, ոչ թե հապշտապ, այս խնդիրներով բոլորին տեղափոխել Աշտարակ կամ որեւէ այլ տեղ։ Ինչ է, մենք մեկ համալսարան եւ մեկ ակադեմիական ինստիտո՞ւտ ենք ունենալու»։

Այս իշխանությունների իդեա ֆիքսն է՝ մինչեւ 2030-ն ունենալ 4-5 թոփ բուհ, ինչը, սակայն, ըստ Դիլբարյանի, չի կարող աշխատել, քանի որ «այդպես դու չես կարող ունենալ թոփ բուհեր, այդ խոշորացումից մենք չենք ունենալու դա, ես ցույց տվեցի, թե ինչ է տեղի ունենալու, մի՞թե բոլորին մի տեղ կենտրոնացնելով՝ դու կարող ես թոփ բուհ ունենալ վարկանիշային այդ ցուցակներում, ընդհակառակը՝ կառաջանա խառնակություն, ամեն ինստիտուտ կբերի իր ծրագրերը։ Մինչեւ այդ ծրագրերի հստակեցումը, մենք ոչ միայն չենք կարող այդ տասնյակի մեջ գտնվող բուհեր եւ ակադեմիական ինստիտուտներ ունենալ, այլեւ չենք ունենա ոչինչ, եւ կարող է անգամ արձանագրվել մեր բուհերի վարկանիշի իջեցում։ Ճիշտ է, հիմա բուհերը զգուշավոր լռում են, բայց դա հիմնականում շատ անհանգիստ լռություն է, որովհետեւ այդպիսի մեծ օղակների միավորումը չի կարող բերել արդյունավետության։ Սպորտը, մանկավարժությունը եւ օտար լեզուների դասավանդումը միավորելով՝ դու չես հայտնվի թոփ տասնյակում, ընդհակառակը՝ կհայտնվես վերջին տասնյակում»։

Իշխանությունը հույս ունի, որ գիտահետազոտական ինստիտուտները կգան ու կհզորացնեն բուհերը։ «Բայց ինչո՞վ են գալու եւ հզորացնելու, գիտահետազոտական ինստիտուտը բոլորովին այլ խնդիրներ է հետապնդում, նրա խնդիրը չէ դասավանդելը, ձեւավորել աշխատաշուկա, գտնել այն մասնագիտությունները, որոնք արդիական են՝ աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան, դրանց կրթական խնդիրները բոլորովին այլ են, գիտականը՝ ուրիշ։ Բայց կա այսպիսի նպատակ, որ կարելի է մեկ համակարգում լավ զարգացնել ե՛ւ բարձր գիտությունը, ե՛ւ նաեւ նախապատրաստել կադրեր։ 21-րդ դարը նեղ մասնագիտացումների դար է, եւ ունիվերսալ մասնագետները, որոնք ամեն ինչի մասնագետներ են, հիմա ծիծաղ են հարուցում։ Մենք չենք կարող դիլետանտությունը համարել արդյունավետություն եւ թոփ տասնյակի մեջ մտնելու ճանապարհ։ Ակադեմիական գիտնականները կարող են շատ մեծ գյուտեր անել եւ լավ ծրագրեր իրականացնել, բայց լինել շատ վատ դասախոսներ, որովհետեւ դասախոսելը ենթադրում է որոշակի մանկավարժական հմտություններ, եւ այդ ընթացքում դու պետք է հարմարվես լսարանի ունակությունների մակարդակին։ Կրթական խնդիրներն ուրիշ են, իսկ գիտությունը՝ ուրիշ, գիտությունն ընտրյալների զբաղմունք է, իսկ համապատասխան մասնագիտական կրթություն պետք է տալ հնարավորինս լայն շրջանակներին, որպեսզի ունենանք բանիմաց կադրեր, իսկ բանիմաց կադրը դեռ չի նշանակում գիտնական։ Եկեք չկորցնենք մարդկային այդ թանկ կադրերին, որոնք միայնակ իրենց լաբորատորիաներում ամեն ինչ անում են, հրաշալի ծրագրեր են ստեղծում, բայց լսարանում չեն կարողանում հարմարվել, բացատրել այնպես, որ հասկանալի լինի բոլորին։ Դրանք արհեստական նպատակներ են, որ բոլորին բերենք, ամեն ինչ լավ կլինի։ Ես նույնպես երազում եմ այդ օրը, որ մեր բուհերը հայտնվեն վարկանիշային տասնյակում, ուրախ կլինեի, որ 20-յակում էլ հայտնվեին, բայց գնանք ճիշտ ճանապարհով, չբերենք բոլորին իրար խառնենք, հուսահատեցնենք, եւ մարդիկ թողնեն հեռանան, ինչպես սովորաբար լինում է»։