Լույս ու ստվեր

Լույս ու ստվեր

Գարնանն ընդառաջ, միջազգային խոշոր մրցաշարերն ավելի հաճախակի են հաջորդում միմյանց։ Իսկ մեզ համար կարեւորն այն է, որ սովորականից ավելի ենք ուրախալի լուրեր սպասում հայ մարզիկների մասնակցությամբ մրցաշարերից։ Այս օրերին հատկապես աչքի ընկան մեր մարմնամարզիկները։ Ոգեւորությամբ ընդգծենք, որ ամեն ինչ վկայում է այն մասին, որ նրանք լրջորեն ջանում են վերականգնել այն հրաշալի ավանդույթները, որոնց սկիզբը դրել են փառապանծ ռահվիրաներ Հրանտ Շահինյանն ու Ալբերտ Ազարյանը։ Հերթական պատկառելի ստուգատեսում` աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որն անցկացվեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում, մեր մարզիկները տեղեր գրավեցին պատվո պատվանդանի բոլոր աստիճաններին՝ արժանանալով տարբեր մրցանակների, իսկ հենացատկերի վարժությունում վերստին փայլեց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, անզուգական Արթուր Դավթյանը, ով, վստահորեն գրավելով առաջին տեղը, արժանացավ ոսկե մեդալի։ Անցյալ կիրակի էլ Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեցին գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցումները, եւ կրկին հենացատկի վարժություններում Արթուրը չունեցավ իրեն հավասարը եւ տուն վերադարձավ նոր ոսկե մեդալով։ Ինչպե՞ս չասել` շնորհավորում ենք։

Գերմանիայի մեկ այլ քաղաքում` Դյուսելդորֆում էլ շախմատի 10 անվանի գրոսմայստերների մասնակցությամբ անցկացվեց մեծ հեղինակություն վայելող WR Chess Masters մրցաշարը։ Եվ այստեղ լավագույն արդյունքը գրանցեց, առաջին տեղը գրավելով, մեր հայրենակից, ներկայում ԱՄՆ- ում բնակվող Լեւոն Արոնյանը։ 9 հանդիպումից 3-ն ավարտեց հաղթանակով, 5-ը՝ ոչ-ոքի, եւ միայն մեկում կրեց պարտություն։ Այժմ էստաֆետի փայտիկը փոխանցվել է Սերբիայի Վռնյաչկա Բանյա քաղաքին, որտեղ 40 երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստները վիճարկում են Եվրոպայի անհատական առաջնությունը։ Հուսանք, Արոնյանի հաղթանակը կոգեւորի մեր տղաներին։ Իսկ թե կոնկրետ ովքեր տեղ կզբաղեցնեն պատվավոր պատվանդանի աստիճաններին, կիմանանք մարտի 17-ին։

Անցած շաբաթվա մարզական գերազանց ելույթներով բոլորին հիացրեց նաեւ ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը։ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում անցկացված միջազգային պատկառելի մրցաշարում նա արժանացավ ամենաբարձր գնահատականին՝ հաղթանակ գրանցելով վրացի Էդեմի Բոլկվաձեի նկատմամբ` 8:0, եգիպտացի Ամին Մուրադիի նկատմամբ` 11:0, արգենտինացի Ավգուստին Դեստրիբացի` 6:1, կիսաեզրափակչում ուզբեկ Ումիգոն Ջալալովի` 8:2, վճռական գոտեմարտում` ամերիկացի Ջոզեֆ Մակենզի` 8:2 հաշիվներով։ Իսկական հերոսություն։

Այս օրերի կարեւոր իրադարձություններից էր ՖԻՖԱ-ի կազմակերպած հատուկ քվեարկությունը, որի նպատակն էր՝ ի հայտ բերել աշխարհի անցյալ տարվա լավագույն ֆուտբոլիստներին։ Արդյունքում, ինչպեսեւ ակնկալվում էր, ստանալով բոլորից շատ` 52 միավոր, աշխարհի թիվ մեկ ֆուտբոլիստ ճանաչվեց 35-ամյա արգենտինացի Լիոնել Մեսսին։ Դրանից անմիջապես հետո եգիպտական «Ալ- Իտտիհադ» ակումբը նրան առաջարկեց պայմանագիր կնքել՝ մեկ մրցաշրջանում նա կարող է վաստակել 94 միլիոն դոլար։ Ի դեպ, հայտնի դարձավ, որ Մեսսին մերժել է իր ակումբի` ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու առաջարկությունը։ Հաջորդ երկու տեղերը զբաղեցրին Ֆրանսիան ներկայացնող Կիլիան Մբապպեն (44 միավոր) եւ Քարիմ Բենզեման (34)։ Տարվա լավագույն մարզչի պատվին արժանացավ արգենտինացի Լիոնել Սկալոնին, կանանցից բոլորից բարձր գնահատվեց իսպանուհի ֆուտբոլիստ Ալեքսիա Պուզելիանոսը։

Մեկնարկեց նաեւ Հայաստանի ֆուտբոլի առաջնության երրորդ շրջանը։ Անդրանիկ խաղերից առանձնացնենք «Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը, որն ավարտվեց 3:1 հաշվով` հօգուտ հյուրերի։ Հաղթողներից գոլերը խփեցին Պերեսը, Ալեմանը եւ Ջիբրիլը, արարատցիներից` Միլիչը։ Տեղին է արձանագրել նաեւ «Փյունիկ»-«Շիրակ» խաղի արդյունքը` 4:1 հաշվով առավելության հասան դաշտի տերերը։ Չեմպիոններից դիպուկ հարվածներով աչքի ընկան Օտուբանջը (երկու անգամ), Դեսիրեն եւ Կարաբալոն։ Խիստ լարված անցավ ԲԿՄԱ-«Նոա» մրցամարտը` 1:0 հաշվով հաղթեց «Նոան»։ Միակ դիպուկ հարվածով աչքի ընկավ Լովենը։ Շատ հավանական է, որ այս տողերն ընթերցելիս շատերն անկեղծ զարմանք արտահայտեն՝ հարց տալով․ «Չհասկացա, այս ի՞նչ շիլաշփոթ է, խոսքն իսկապե՞ս Հայաստանի ֆուտբոլի առաջնության մասին է, թե՞…»։ Զուր եք կասկածում, սա զավեշտ չէ, այլ մեր ազգային առաջնության արձանագրություններից վերցված փաստացի տվյալներ։ Իսկ ի՞նչ էիք սպասում, մեր թիմի 11 հոգանոց կազմում ընդամենը երեք հայ խաղացող կա…

Հիշեցնենք, որ ֆուտբոլում գործում է դրսից հրավիրված խաղացողների օգտագործման կանոնակարգ` լիմիտ։ Հարազատ մնալով այդ լիմիտին, օրինակ, Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում 25 հոգանոց ակումբային թիմերում 10-12 խաղացող կարող են լինել արտասահմանցի։ Մեզ մոտ այդպես չէ։ Հրավիրվածները գերազանցապես եվրոպացիներ են, իսկ այլ աշխարհամասեր ներկայացնողները հատուկենտ են…

Մեզ մոտ մարզիչներ կան, ովքեր միշտ չէ, որ լիարժեք են գնահատում տեղացիների խաղային ունակությունները եւ դիմում են ավելի ձեռնտու քայլերի։ Ճիշտ է, մյուս կողմից էլ հարց է ծագում` մեզ մոտ, սպորտում ընդհանրապես, մշտապես ուշադրության կենտրոնում գտնվող փոխարինողների, ավելի ստույգ` մանկապատանեկան ասպարեզում արդյո՞ք բավարար աշխատանք է տարվում։ Մեր ֆուտբոլում, ավաղ, սպասելիքները չեն արդարացվում, եւ խոշոր մրցասպարեզներում շարունակ գրանցվում են տխուր արդյունքներ։ Բերեմ թարմ ու կոնկրետ փաստ. մարտի 7-ին մեկնարկեց 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության վճռական մրցափուլը, շուտով ասպարեզ կմտնեն նաեւ 19 ու 21 տարեկանների թիմերը։ Երեք տարիքային ընտրանիների ընդհանուր քանակը կազմել է 69։ Մասնակիցների թվում են նաեւ ոչ այնքան ուժեղ համարվող մրցակիցներ` էստոնացիներ, լատվիացիներ, իսլանդացիներ, լյուքսեմբուրգցիներ, իսկ ահա Հայաստանը ներկայացնող ոչ մի թիմ չկա` մեր տղաները, ստացվում է, անկարող են եղել հաղթահարել նախնական արգելքը եւ զրկվել են հետագա ստուգատեսին մասնակցելու հնարավորությունից։ Սա, պետք է խոստովանել, խիստ մտահոգիչ է, եւ եթե դրությունը չփոխվի, մեր ֆուտբոլի վաղվա օրը կհայտնվի տագնապալի իրականության առջեւ։ Սթափվել է պետք։

Վերջում էլ մարզական այն ցնցող իրադարձության մասին, որը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանի «Գրան պրի» անունը կրող գեղասահքի մրցումների ժամանակ լեփ-լեցուն մարզադահլիճն ուղղակի ցնցեց անսպասելին` կանանց ազատ ծրագրով մեծ ստուգատեսում հաղթանակ տարավ տարիքով ամենափոքր մասնակիցը՝ 15-ամյա հայ աղջնակ Ադելիա Պետրոսյանը։ Բարդ հնարքների անթերի կատարման համար մեր մոսկվացի հայրենակիցն արժանացավ ամենաբարձր գնահատականին եւ վստահ առավելության հասնելով իր բոլոր 11 մրցակիցների նկատմամբ՝ պարգեւատրվեց պատվավոր մրցանակով։ Հուսանք, որ Ադելիայի համար սա կլինի հաղթական մեծ շքերթի սկիզբը։

Միսակ Նազարյան