Հինգ, տասնհինգ, քսանհինգ, երեսունհինգ տարի անց

Հինգ, տասնհինգ, քսանհինգ, երեսունհինգ տարի անց

Եթե հետահայաց նայենք Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությանը (իսկ փետրվար-մարտ ամիսներին ցանկանաս, թե ոչ` դա անում ես, որովհետեւ կա 1988-ի փետրվարի 20, 1998-ի փետրվարի 4, 2008-ի մարտի 1), ինչ-որ նախախնամությամբ թե զուգադիպությամբ՝ բոլոր բեկումնային իրադարձությունները տեղի են ունեցել հնգամյա-տասնամյա հերթագայությամբ:
Այդ իրադարձությունների շարքում վերջինը 2018-ի գարնան իրադարձություններն էին, երբ մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովը երկրի նախագահ ընտրեց Միացյալ Թագավորության քաղաքացի Արմեն Սարգսյանին, իսկ իրեն մեծ կոմբինատոր երեւակայած եւ Արմեն Սարգսյանին էլ խամաճիկի դերում Հայաստան բերած Սերժ Սարգսյանն ամենքին ցույց տվեց, որ բաց չի թողնելու իշխանության ղեկը: Սահմանադրություն խեղել-աղավաղելու, սահմանադրական հանրաքվե կեղծելու, անձնիշխանություն հաստատելու, երիտհանրապետական դատարկություններին պետական պաշտոններում նշանակելու եւ նման այլ դատապարտելի ու հանցավոր քայլերով (որոնց կուլմինացիան անձամբ ինձ համար ՀՀ ղեկավարության ավանդական կեցավայրը` կառավարական դաչաները սեփականաշնորհելու անամոթությունն էր) Սերժ Սարգսյանն ամենքին սպառիչ ցույց տվեց, որ ինքը չի պատրաստվում հասարակությանը ՀՀԿ-Քոչարյան-«ղարաբաղյան կլան»-ից ազատ ապրելու հնարավորություն թողնել: 

Ոչ միայն ներկան, այլեւ ապագան ուզուրպացնելու այդ մոլուցքի, ցավալի, բայց օրինաչափ հետեւանքը եղավ այն, որ հասարակության մեծ հատված դուրս եկավ փողոց եւ Նիկոլ Փաշինյանի կարգի խեղկատակ ու իմաստակ մեկին առջեւը գցած՝ օխլոկրատիկ ընդվզումով գահընկեց արեց Սերժ Սարգսյանին էլ, ՀՀԿ-ին էլ, ղարաբաղյան կլանն էլ: Իհարկե, վերջիններիս հետ ինչպես էլ վարվեին կամ վարվեն, նրանք դրան արժանի էին: Արժանի էին ոչ միայն իշխանության կերակրատաշտից հեռացվելու, արդարադատության առջեւ կանգնելու, երկու տասնամյակ գողացած-կուտակած միջոցներից, շարժական ու անշարժ գույքից զրկվելու, այլեւ առհասարակ արժանի էին ողջ-ողջ պատմության աղբանոց նետվելու, ինչը եւ իրենց հետ պատահեց: 

Սակայն իշխանության քսանամյա ուզուրպացիան օխլոկրատիկ ընդվզումով ավարտելն օրինաչափորեն դարձյալ բացասական հետեւանքի հանգեցրեց: Սերժ Սարգսյանի ու իր արբանյակների փոխարեն այժմ էլ փողոցից իշխանության եկան ամեն մարդկային արժանիքից զուրկ, «արժանապատվություն» բառն ագամ երեւի կյանքում չլսած, անկիրթ, ողորմելի, թուլամիտ արարածներ, որոնց հավաքական անունով կոչեցին ուսապարկեր: Երեւի բացի ուսապարկերից եւ պետական միջոցները յուրացնող իրենց ընտանիքներից, ուրիշ մեկը Հայաստանում ուսապարկերի մասին դրական կարծիք չունի եւ ցանկանում է դրանց օր առաջ տապալված ու արդարադատության առջեւ կանգնած տեսնել: 

Անկասկած, հերթը դրան էլ կհասնի, բայց անհամեմատ կարեւոր հարցն այստեղ այն է, թե իսկ ով էր մեղավոր, ում մեղավորությունն էր ավելի մեծ` հասարակությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանի, որ Փաշինյանի կարգի մի աղճատված արարած Հայաստանում իշխանության ղեկին կանգնեց: Հասարակության ընդվզած հատվածը միանշանակորեն մեղավոր էր, որ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ղարաբաղյան կլանին իշխանությունից հեռացնելու մոլուցքից կուրացած՝ իրեն նեղություն չպատճառեց՝ բանականության մի թույլ նշույլ պահպանել եւ մտածել, թե ում են իշխանություն բերում: Ինձ 2018-ին էլ թվացել է եւ հիմա էլ թվում է, որ Փաշինյանին Հայաստանի առաջնորդ կարգելն ուղղակի հայհոյանք ու վիրավորանք է Աստծո հասցեին: Հայաստանի հազարամյակների պետականության պատմության մեջ այդպիսի մերժելի ու նզովյալ արարած չէր եղել ու իշխանության չէր մոտեցել: Ամբոխը, որ կարող էր Փաշինյանի պես մեկին իշխանության բերելու մեղք գործել եւ Աստծուն այդպես վիրավորել, միանգամայն արժանի էր Աստծո պատժին, ինչին էլ, երկյուղում եմ՝ արժանանում է: 

Միեւնույն ժամանակ կա հարցի մյուս կողմը` իսկ ո՞վ եւ ինչպե՞ս, ի՞նչ քայլերով հասարակությանը նման մոլեռանդ ամբոխի վերածեց, որ նա ոչինչ չտեսնի ու չգիտակցի` Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատվելու մտասեւեռումից բացի: Ո՞վ անվերջ ու անդադար ընտրություններ կեղծելով 0 վարկանիշ ունեցող ՀՀԿ-ին ու ղարաբաղյան կլանին պահեց իշխանությունում, ո՞վ 2008-ի մարտին զինված ուժեր հանեց Հայաստանի ժողովրդի դեմ` իշխանության ուզուրպացիան շարունակելու համար, ո՞վ էր հասել այնտեղ, որ հայտարարում էր, թե մնում է իշխանության, որ իրեն փոխարինողներ աճեցնի: Դրան հասան Սերժ Սարգսյանը, ՀՀԿ վերնախավը, Քոչարյանը` վերջնահաշվում, Հայաստանում իշխող կլանը` իր արբանյակներով: 

Եվ այժմ իրենք էլ պակաս չեն պատժվում՝ ոչ միայն դատվում ու կուտակած հարստությունն են կորցնում, ոչ միայն հասարակության դատապարտումին են ամեն պահի բախվում, ոչ միայն արդեն ամենքը մոռացել են, թե Սարգսյանը, Քոչարյանը եւ մյուսները երբեւէ Հայաստանում իշխանություն են եղել կամ առհասարակ եղել են, այլեւ, ինչն ամենից դաժան է, բայցեւ արդար, ինչպես մի ժամանակ ղարաբաղյան պատերազմի խորքին այդ մարդիկ կարծել էին, թե from zero to hero` «ոչնչից հերոսի են վերածվել», այնպես էլ հիմա դաժան ճակատագրով ետ` դեպի ոչնչի իրենց վիճակին են վերադառնում:  Աստված այս անձանց հետ էլ է արդար վարվում: 

Մնում է միայն հասարակության այն հատվածի հարցը, եւ, վստահաբար, այդ հատվածը հասարակության մեծամասնությունն է, որոնք ո՛չ Սերժ Սարգսյանի ու մյուսների հանցանքների հետ են առնչություն ունեցել, ո՛չ էլ մոլեռանդ ամբոխի հետ օխլոկրատիկ հեղաշրջում են իրականացրել: Հասարակության հենց այս հատվածն է, որ երկու տասնամյակ պայքարելով Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած կլանի ու նրա արբանյակների դեմ՝ մնացել է բարոյական բարձրության վրա, իսկ 2018-ին էլ չհարելով, քննադատելով ու հեռու մնալով իշխանազավթության գնացող մոլեռանդ ամբոխից` մնացել է գիտակցական բարձրության վրա: 

Հենց այս մարդիկ էլ Հայաստանի հույսն են եւ արժեքը, հազարամյակների մեր փառահեղ պատմության ծանրության կենտրոնը, ում շնորհիվ, հակառակ ամեն ցնցումների, մենք ընթացել ենք առաջ ու հակառակ ամեն ներքին դիմակայության՝ երբեք քաղաքացիական բախումներ չենք ունեցել: Ինչպես հազարամյակներ առաջ, այնպես էլ այսօր: Հասարակության հենց այդ բարոյական ու գիտակից հատվածն է, որ մեզ այդքան սիրելի է դարձնում հայոց պատմությունը, հայերին ու Հայաստանը: Ամենքից ու ամեն ինչից վեր ու սիրելի: