Ազատվել միֆերից

Ազատվել միֆերից

Մենք` հայերս, չափազանցված պատկերացումներ ունենք մեր ազգի մասին: Այսպես ասած, լեգենդների մի ամբողջ փունջ ուղեկցում է մեզ մեր ողջ պատմության ընթացքում, որից ազատվել չենք կարողանում, եւ որից ազատվելը հայրենիքին դավաճանելուն համազոր բան է դարձել:

Լեգենդ թիվ 1. Մենք շինարար ազգ ենք: Բայց այս լեգենդը սկսում է հօդս ցնդել, երբ սկսում ես շրջագայել աշխարհով եւ տեսնում ես, թե ի՜նչ շինություններ են այլ ազգեր կառուցել: Ինչքան հարմարավետ ու գեղեցիկ են նրանց բնակարաններն ու տները, ինչքան խնամված ու ակնահաճո են նրանց գյուղերն ու քաղաքները:

Լեգենդ թիվ 2. Մենք բարեհամբույր, հյուրընկալ, բարի ազգ ենք: Գուցե ինչ-որ չափով հյուրընկալ ու բարեհամբույր ենք այլազգիների հանդեպ, սակայն սեփական ազգի ներկայացուցչի կոկորդը կարող ենք կրծել, եթե նրա հայացքներն ու մոտեցումները փոքր-ինչ տարբերվեն մերից: Մեր բարությունից հետք անգամ չի մնում, երբ մտնում ենք Ֆեյսբուք: Այստեղ առկա չարության, ատելության, հայհոյանքի ու մերժման հարահոսի մեջ հասկանում ես, որ անծանոթ մարդուն, իրենց թերի գիտելիքների ու պատկերացումների շրջանակներում, պատրաստ են հոշոտել ու ոչնչացնել: Գուցե նույն մարդու դուռը բախես, չմերժի քեզ հյուրընկալել, բայց համացանցում, համակարգչի մոտ նա մի իսկական մոնստր է դառնում` չներելով ոչ մի այլախոհություն:

Լեգենդ թիվ 3. Մենք մշակութային ազգ ենք, շատ ենք սիրում գիր-գրականություն, ուսում, դպրոց: Մինչդեռ մշակույթը Նարեկացին ու Չարենցը, Սարյանն ու Թումանյանը չեն, մշակույթը հարգանքն է ծառ ու ծաղկի, հուշարձանների նկատմամբ, երաժշտական ճաշակն է: Իսկ թատրոնների տոմսերի եւ գրքերի վաճառքի ցուցանիշներն արդեն ամեն ինչ ասում են կարդալու, սովորելու, գրականության հանդեպ սիրո ու հարգանքի մասին: