Երկրի սիմվոլիկան

Երկրի սիմվոլիկան

Անկախ Հայաստանում Հաղթակամար չի կառուցվել: Ոչ էլ՝ Արցախում: Մայիսի 9-ի արցախյան հանդիսություններն սկսվում են ի պատիվ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի կառուցված համալիրից եւ ավարտվում Շուշիում Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղկեպսակադրմամբ: Երեւանում ռազմաքաղաքական էլիտան այցելում է Եռաբլուր եւ Անհայտ զինվորի հուշարձանին: Երկիր այցելող օտարերկրյա առաջնորդները բարձրանում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պետական արարողակարգը չի սահմանում նրանց այցը Եռաբլուր:

Ադրբեջանում «շեհիդների ծառուղի» այցը պարտադիր է բոլոր հյուրերի համար, եթե անգամ նրանք մարզիկներ կամ լրագրողներ են: Ստացվում է, որ մենք Հաղթանակի սիմվոլիկա չունենք: 1992թ. ամռան մի օր Ստեփանակերտում գիշերով խորտակեցին Շահումյանի արձանը: Հետո տեղադրվեց համեստ քար, որի գրությունն ասում էր, որ տեղում պիտի կանգնեցվի պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: 1998թ. Շահումյանի արձանը կրկին կանգնեցվեց, իսկ պատերազմի զոհերի հուշարձան որոշեցին կառուցել Արցախի պետական համալսարանի դիմաց: Հետո այդ մտքից էլ հրաժարվեցին, հուշարձան կանգնեցրին համալսարանի ներքին բակում՝ ի հիշատակ զոհված ուսանողների: Հիմա այնտեղ, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 1-ին առաջին կուրսեցիների երդման արարողություն է կազմակերպվում:

Չունենք մեր Հաղթակամարը: Փոխարենը Ստեփանակերտում կանգնեցվել է ծովակալ Իսակովի կիսանդրին: Նման պատվի արժանացել է նաեւ գեներալ Անատոլի Զինեւիչը: Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին մի համեստ շիրմաքար է բաժին ընկել: Պատերազմի զոհերից հուշարձան կանգնեցվել է Բեկորի գերեզմանին: Երեւանում վերջին տարիներին երկու հուշարձան է կանգնեցվել՝ Նժդեհի եւ Արամ Մանուկյանի: Ինչու՞ հատկապես նրանց: Մեկի նախաձեռնությունն իշխող ՀՀԿ-ին է, մյուսինը՝ ՀՅԴ-ին: Ազատագրական պայքարի հավաքական հուշարձանը Սարդարապատն է՝ խորհրդային շրջանի այդ սիմվոիլկան, որ ամեն ինչ ասում է: Եւ, երեւի, այնտեղ պիտի ամփոփվեին Դրոյի, Անդրանիկի, Նժդեհի մասունքները: Իսկ Հուշարձան պիտի ունենան ոչ թե առաձին անհատներ, այլ՝ մեր ազատամարտի բոլոր մասնակիցները: Դա պիտի սիմվոլիկա լինի, ինչ-որ տեղ՝ Երկրի, հայկական Սահմանի այցեքարտ: Որտե՞ղ: Երկրի արեւելյան սահմանին: Արեւմուտքում Սարդարապատ ունենք: Արեւելքում պետք է Հաղթակամար կառուցվի: Եւ Ստեփանակերտն արժանանա Հերոս քաղաք կոչման: Եւ Հաղթակամարով պիտի վերջնագծվի Հայոց երկրի արեւելյան սահմանը: