Հնարավոր առնետների մասին

Հնարավոր առնետների մասին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որն արդեն երկու տարի իրեն նսեմացնելով՝ վսեմացնում է Նիկոլ Փաշինյանին, Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից հետո հայտնվել է երկու քարի արանքում: Նրա համար վրա է հասել ճշմարտության պահը՝ պետք է առուն թռնի: Բայց ո՞ր կողմ՝ Նիկոլի՞, թե՞ Միշիկի: Երրորդ կողմում Ռոբերտ Քոչարյանն է՝ իր կողմնակիցներով, որտեղ Արման Բաբաջանյանը, մեղմ ասած, անելիք չունի:
Գաղտնիք չէ, որ Արման Բաբաջանյանն ու իր լրատվամիջոցները Միքայել Մինասյանի «քաղաքական ձիանոցի» ատրիբուտներ են: Ինքը՝ Արման Բաբաջանյանը, մեծապես երախտապարտ է Միքայել Մինասյանի աներոջը՝ բանտից ազատվելուց հետո լրատվամիջոցների եւ մեծ ինչքի տեր դառնալու համար: Նաեւ չմոռանանք, թե ում ավտոբուսով Արման Բաբաջանյանը, ստանալով ընդամենը 300 քվե, հայտնվեց խորհրդարանում: Դա «Լուսավոր Հայաստանի» ավտոբուսն էր՝ Էդմոն Մարուքյանի վարորդությամբ, եւս մեկը, որ տարիներ շարունակ, որպես քաղաքական գործիչ, թրծվում էր մեդիամագնատ Միքայել Մինասյանի հոլդինգում: Եվ որպեսզի շատ չխորանան խոսակցությունները, որ Արման Բաբաջանյանն ու Էդմոն Մարուքյանը նույն «կերակրատաշտից» են սնվում, ԱԺ-ում խաղարկվեց Արման Բաբաջանյանին անկախ պատգամավոր դարձնելու տեսարանը: Եթե այս առնչությամբ կան այլ մեկնաբանություններ, խոստանում եմ համբերատար լսել եւ նույնիսկ հավատալ մեկնաբանողին: Իսկ մինչ այդ եւս մի «արտառոց» բան ասեմ, որի մասին ժամանակին խոսել եմ: Արման Բաբաջանյանը պետք է վերահսկեր պայքարի «հակաքոչարյանական ուղղությունը», իսկ Էդմոն Մարուքյանն ավելի շատ կենտրոնանար «Իմ քայլի» եւ Նիկոլի վրա, եթե վերջինս դառնար անկառավարելի: Այսօր արդեն բոլորին է հայտնի, որ այդպես էլ եղել է: Ի վերջո՝ Արման Բաբաջանյանը ծեծ կերավ ԲՀԿ-ից, իսկ Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլից»: Ուրիշ ապացույց պե՞տք է...
Գնանք առաջ: Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից հետո, որով նա ՀՀ իշխանություններին կոչ էր անում հեռացնել Նիկոլ Փաշինյանին, Արման Բաբաջանյանն ու նրա լրատվամիջոցները հայտնվել են շատ ծիծաղելի իրավիճակում: Միքայել Մինասյանն ազդանշանը տվել է, իսկ Արման Բաբաջանյանի «նիկոլապաշտական» արգելակները դժվարությամբ են ենթարկվում նրան: Ի՞նչ անել, իներցիայով թռչել Նիկոլի գի՞րկը, թե՞ մի կերպ արգելակել ու մնալ Միքայել Մինասյանի «քաղաքական փարախում»:
Ավելորդ է ասելը, որ Արման Բաբաջանյանին արդեն տեւական ժամանակ է, ինչ չեն հետաքրքրում Արթուր Վանեցյանի գործերը, մինչդեռ նա մի ժամանակ լրատվության ասպարեզի առաջատարն էր Արթուր Վանեցյանին «քլնգելու» անշնորհակալ գործում: Եվ, ուրեմ,ն ի՞նչ պատահեց Արմանին, որ նախապես պահանջում էր ողջ ԱԱԾ-ն մաքրել վանեցյաններից: Անկե՞ղծ էր, արդյոք, Արման Բաբաջանյանն այդ պահանջի մեջ, եւ եթե այո, ապա ինչո՞ւ այսօր չի քննադատում Վանեցյանին, որ գրեթե բառացիորեն կրկնել է Միքայել Մինասյանի խոսքերը՝ նշելով, որ երկրին պետք է ճգնաժամային իրավիճակի կառավարություն:
Արման Բաբաջանյանը լրագրողական աշխարհին հայտնի է որպես բազմապրոֆիլ լրագրող, որ գրում է լրագրային բոլոր ժանրերով եւ թեմաներով: Մեզ հայտնի է նաեւ նրա կեղծանուններից մեկը՝ Արամ Ամատունի: Այսօր 1in.am-ում ստեղծագործում է գրեթե միայնակ, համախոհներ եւ լրագրողական թիմ չունի: Եվ, ահա, մայիսի 21-ին այս Արամ Ամատունին անդրադառնում է ծխախոտի հայտնի գործին, իր խոսքով՝ «ծխախոտգեյթին», եւ գրում խիստ տարօրինակ մի նախադասություն. «Բանն այստեղ վարչապետ Փաշինյանի մերձավոր շրջապատին վերագրվող «մեղսակցությունը» կամ դրա հերքումը չէ: Ի վերջո, պետք է դուրս գալ ինտրիգային այդ շրջանակից եւ լրջորեն հարց բարձրացնել իրավապահների առաջ ոչ միայն մեղադրանքների սուտ կամ իրական լինելու, այլեւ ընդհանրապես «ծխախոտգեյթի» առնչությամբ»: Հասկանալի է, չէ՞, ինչ է ասում Արմանը: Նա իրավապահների առաջ խնդիր է դնում՝ զբաղվել «ծխախոտգեյթի» բացահայտմամբ՝ անկախ այդ գործում Փաշինյանի մերձավոր շրջապատի ներգրավվածությունից:
Իր մեկ այլ հոդվածում Արման Բաբաջանյանը Փաշինյանին անուղղակի կերպով հանցավոր է համարում՝ մինչ այդ հռետորական հարց հնչեցնելով՝ ո՞վ է պատասխանատու կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար: Այս օրերին Փաշինյանին հաճախ են քննադատում ձեռքերը լվանալու եւ վարակի տարածման մեղքը ժողովրդի վրա գցելու պատճառով: Բաբաջանյանը, պարզվում է, կողմ է այդ քննադատություններին. «... Հանցավոր կլինի որեւէ բանի պատասխանատվությունը հանրության վրա թողնելը: Հայաստանյան հանրությունը սկզբունքորեն լավ կամ վատ չէ որեւէ հանրությունից, ըստ այդմ՝ պատասխանատվությունը սեփական հանրության հետ աշխատելու կառավարության դաշտում է»:
ՀԳ. Միքայել Մինասյանի եւ Արթուր Վանեցյանի հետ ես լիովին համաձայն եմ եւ կիսում եմ նրանց այն մտահոգությունը, որ Նիկոլ Փաշինյանը տապալել է գրեթե ամեն ինչ եւ պետք է հեռանա: Միայն մի խնդրանք ունեմ այդ գործի կազմակերպիչներին եւ հնարավոր իրագործողներին: Ասում եմ՝ մի փոքր ժամանակ տանք Նիկոլ Փաշինյանին՝ իր ոճով լուծելու արմանբաբաջանյանների ու սծյոպիկսաֆարյանների հարցը: Հիմա դա կլինի ասֆալտին փռելու, թե պատերին ծեփելու տարբերակով, շատ էական չէ: Կլյաուզնիկների այդ զույգն այնքան բան է արել ժողովրդական հեղափոխությունն ու հեղափոխականներին այլասերելու հարցում, որ արժանի է պատժի: Այդ դեպքում ես հանգիստ կլինեմ, որ ճգնաժամային կառավարության մեջ Արմանի ու Սծյոպիկի նման վնասատուներ չեն լինի: