Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, կկորցնի նաեւ Սյունիքը. Արեւմտյան կողմնորոշման գինը նոր կորուստներն են 

Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, կկորցնի նաեւ Սյունիքը. Արեւմտյան կողմնորոշման գինը նոր կորուստներն են 

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ կայանալիք հանդիպումը չեղարկվել է, հետաձգման մասին խոսակցությունը տեղին չէ, քանի որ հստակ չէ, թե այն ընդհանրապես կկայանա՞, թե՞ ոչ` նոր ժամկետ չի նշվում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել է մեկնել Բրյուսել, քանի որ նա ԵՄ-ից եւ նրա միջնորդությունից ստացավ այն, ինչ պետք է իրեն` Արցախի հայաթափման եւ զավթման հարցում Եվրոպայի լռությունն ու համաձայնությունը: Հիմա Ալիեւին պետք է միջանցք բացել Հայաստանի տարածքով, այդ հարցում Եվրամիությունն Ադրբեջանին կարծես թե չի պատրաստվում աջակցել, ընդհակառակը՝ դեմ է նման միջանցքի գոյությանը: Դրա փոխարեն միջանցքի գաղափարին կողմ է Ռուսաստանը, եւ դրա համար Ալիեւն ուզում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման միջնորդությունը ստանձնի Ռուսաստանը, որ ինքը կարողանա նրա աջակցությամբ Հայաստանից միջանցք պոկել:

Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան հարաբերությունների իրական պատկերը բացահայտեց Անդրեյ Կլինցեւիչը, ով եռակողմ բանակցային խմբի անդամ է եղել մինչեւ 2022 թվականը: Ռուսական Առաջին ալիքով հեռարձակված «Տուտտի թագաժառանգի տիկնիկները» հաղորդման ժամանակ նա բացում է փակագծերը եւ պատմում, որ Ադրբեջանը համաձայն էր պահպանել Ղարաբաղն այն սահմաններով, որը մնացել էր 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, Լաչինի միջանցքով` պայմանով, որ Հայաստանը կապաշրջափակի Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիները: Փաստացի Ադրբեջանն առաջարկել է Զանգեզուրի միջանցքը փոխանակել Լաչինի միջանցքի եւ Արցախի հայկական մնացած հատվածի հետ, իհարկե, Արցախի չճշտված կարգավիճակով: Ռուսաստանն աջակցել է այս ծրագրին, քանի որ, ըստ Կլինցեւիչի, Ռուսաստանը պատրաստ էր կառուցել Մեղրիով անցնող 45 կիլոմետրանոց երկաթուղին, քանի որ Արեւմուտքը կտրել էր ռուսական ապրանքների մատակարարումն իր տարածքով, եւ Ռուսաստանն իր ապրանքաշրջանառությունը հյուսիսից վերաինտեգրել էր Հարավ՝ կարիք ունենալով Հարավի հետ հաղորդակցության ուղիների: Կլինցեւիչը բացատրում է, որ Նախիջեւանը շատ կարեւոր երկաթուղային հանգույց է` այնտեղից երկաթուղի կա ե՛ւ դեպի Իրան, ե՛ւ դեպի Թուրքիա, եւ եթե Ռուսաստանին հաջողվեր հասնել այդ երկաթուղու վերագործարկմանը, ապա հնարավորություն էր ստանալու երկաթուղային հասանելիություն ունենալ ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Իրանի հետ:

Կլինցեւիչն ասում է նաեւ, որ Հայաստանն անընդհատ խոչընդոտում էր այդ ծրագրի իրականացմանը, քանի որ դրան դեմ էր Արեւմուտքը, որն իբրեւ թե դեմ էր, որ այդ տարածքը` Մեղրին, տնտեսական զարգացում ապրի:
Սակայն Արեւմուտքը դեմ է եղել այդ ծրագրի իրականացմանը՝ ոչ թե Մեղրիի կամ տարածաշրջանի զարգացմանը դեմ լինելու պատճառով, այլ՝ այն, որ չի ցանկացել, որ Ռուսաստանը հնարավորություն ունենա վերաուղղորդել իր ապրանքաշրջանառությունն Արեւմուտքից դեպի Հարավ: Իսկ որպեսզի այդ ծրագիրը վերջնականապես խափանվի, պետք էր, որ Արցախը հայաթափվեր եւ անցներ Ադրբեջանի հսկողության տակ: Դրա համար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը 2022 թ. հոկտեմբերի 6-ին համոզեցին Նիկոլ Փաշինյանին՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվել Արցախից, ինչի արդյունքը եղավ Արցախի շրջափակումը եւ վերջնական հայաթափումը: Եվրոպացիները Փաշինյանին համոզել էին, որ եթե Հայաստանը հրաժարվի Արցախից ու այն հանձնի Ադրբեջանի հոշոտմանը, ապա Ադրբեջանն այլեւս որեւէ լեգիտիմ հիմք չի ունենա՝ Հայաստանից պահանջել Զանգեզուրի միջանցք, իսկ Ռուսաստանն էլ այլեւս չի կարողանա պնդել, որ ինքը պետք է վերահսկողություն հաստատի այդ միջանցքի նկատմամբ: Ալիեւին եւս նման գործարքը բավարարում էր, քանի որ նա ստանում էր Արցախը հայաթափելու եւ գրավելու Արեւմուտքի համաձայնությունը՝ դրա դիմաց չստանձնելով որեւէ պարտավորություն: Հիմա, երբ Ալիեւը, Արեւմուտքի լուռ համաձայնությամբ, գրավեց եւ հայաթափեց Արցախը, նա կարող է արհամարհել Շառլ Միշելի հրավերը: Ալիեւը հասկանում է, որ ԵՄ նախագահը փորձելու է իրեն դեմ տալ մի պայմանագրի ստորագրում, որով Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հավակնություններ չունենա ՀՀ տարածքի նկատմամբ: Ալիեւը, հրաժարվելով մեկնել Բրյուսել, հասկացրեց, որ անգամ Արցախը ոչնչացնելուց հետո ինքը շարունակում է պնդել Զանգեզուրի միջանցքի բացման հարցում, որում իր դաշնակիցները Թուրքիան ու Ռուսաստանն են:

Հայաստանն Արցախի հայաթափման դիմաց, ըստ էության, չստացավ ոչինչ, Ալիեւը հերթական անգամ խաբեց Փաշինյանին՝ ցույց տալով, որ, ի տարբերություն նրա, Արեւմուտքի առաջնորդներն իր համար վերադաս չեն եւ չեն կարող իրեն կարգադրություններ իջեցնել, որոնք ինքը հնազանդորեն կկատարի: Ինքը նրանց օգտագործում է իր եւ իր երկրի շահերին համապատասխան եւ գիտի, թե ինչ արժեք ունեն ԵՄ առաջնորդների տված խոստումները կամ երաշխիքները: 

Անդրեյ Կլինցեւիչն այդ հաղորդման ժամանակ մեկ այլ ուշագրավ կանխատեսում, ավելի ճիշտ` զգուշացում արեց: Նա հայտարարեց, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար Զանգեզուրի միջանցքի բացման հարցը փակված չէ, եւ եթե Հայաստանը ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսի, ապա հնարավոր է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի: Թվում է` ի՞նչ կապ կա Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցության եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների միջեւ. չէ՞ որ Ադրբեջանը մի անգամ չէ, որ համոզվել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ռազմական աջակցություն չպետք է ակնկալի, եւ կարող է ցանկացած պահի ռազմական գործողություն սկսել Հայաստանի դեմ, անգամ եթե Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Իհարկե, Ռուսաստանը թույլ է տվել, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնի եւ որոշ տարածքներ գրավի, բայց դրանք եղել են սահմանափակ հարձակումներ, հիմա զգուշացնում է, որ Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ բացահայտորեն բռնի Արեւմուտք տանող ճանապարհը, ապա իրենք կարող են Ադրբեջանին Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու եւ Սյունիքը գրավելու հարցում աջակցել, որովհետեւ ավելի լավ է այդ տարածքը լինի Ադրբեջանի հսկողության տակ, եւ իրենք կարողանան օգտագործել այն, քան լինի Արեւմուտքի աջակից Հայաստանի հսկողության տակ, որը շրջափակելու է Ռուսաստանի հասանելիությունն Իրանի եւ Թուրքիայի շուկաներ: 

Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, իսկ Ադրբեջանը հարձակում կսկսի Հայաստանի դեմ, այդ ժամանակ թող Էմանուել Մակրոնն ու Շառլ Միշելն ավտոմատը ձեռքներին գան եւ պաշտպանեն Սյունիքը: Չնայած Ֆրանսիայի նախագահը կարող է ասել, որ իրենք զենք են վաճառել Հայաստանին, թող պաշտպանվի, իսկ եթե չի կարող` իրենք ոչնչով չեն կարող օգնել: Շառլ Միշելն էլ կհայտարարի, որ իրենք դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան, բայց պատժամիջոցների հարց առայժմ չեն քննարկի, որովհետեւ ադրբեջանական գազն իրենց համար ավելի կարեւոր է, քան Սյունիքի մարզը:

Ավետիս Բաբաջանյան