Բուսաբանական այգու հակառակ կողմը

Բուսաբանական այգու հակառակ կողմը

Երեւի հարյուր անգամ ասած կլինեմ, որ Տիգրան Ավինյանին չի կարելի քաղաքապետ դարձնել: Դարձրի՞ք, ավելի ճիշտ՝ մի կերպ բրթեցիք-գցեցի՞ք քաղաքապետի աթոռին: Իսկ հիմա այդ տղան սկսել է քանդել Երեւանի բուսաբանական այգին: Եկեք պատասխան տվեք, ՔՊ ընտրողներ, ՔՊ-ի համար քվորում ապահովողներ, սուտի ընդդիմադիր Հայկո, Ավինյանի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն»: Այգին քանդում են: Փոսեր են փորել, խողովակներ տնկել… Այգու պահակն ասում է՝ ավտոկայանատեղի են սարքում՝ այցելուների համար: Հարցնում եմ՝ կանաչապատ տարածքի հաշվի՞ն: Պահակը հակադարձում է՝ ո՞ւր ա ստեղ կանաչապատ տարածք, սաղ մացառ ա: Մացառը քո ղեկավարության մտածողության մեջ է, հարգելի պահակ: Ծառ տնկելու, այգին գեղեցկացնելու փոխարեն ավտոկայանատեղի՞ են սարքում:

Առավոտյան ժամը 6-ն է: Մութ: Ո՛չ շինարար կա, ո՛չ ղեկավար: Այցելու եմ, մտել եմ այգի ու… դըըըմփ՝ փոսի մեջ: Ոտքս ոլորեցի: Հեռախոսիս լույսը միացնելուց հետո միայն նկատեցի, որ այգու ներսում մեկ շարքի վրա էլի մի 10 այդպիսի փոս կա, որոնց մեջ մետաղյա խողովակներ են տնկելու, իսկ հետո այգու այդ հատվածն «օտարելու» են մեզնից՝ այցելուներից: Պարիսպը կքանդեն, ներս կտան, ու մի գեղեցիկ օր էլ կտեսնենք, որ Բուսաբանական այգին Ծարավ աղբյուրի փողոցի կողմից մի երկու հեկտար նիհարել է: Իսկ հետո կգան հարեւանությամբ սնկի պես աճած բարձրահարկերի բնակիչները, թե՝ թույլ կտա՞ք մեր մեքենաները գիշերը կայանենք ձեր կայանատեղիում… Փողին մուննաթ, ախպեր ջան, ինչո՞ւ ոչ, խնդրեմ: Ավելի ուշ «Աթենք» մսամթերքի կոմբինատի կողմից պարիսպը ներս կքաշեն եւ, խնդրեմ, էլի մի երկու բարձրահարկ շենք կառուցելու հրապարակ կազատեն: Ի դեպ՝ այդ կողմում էլ են մացառներ աճում: Մացառ ա… Մացա՞ռ ա՝ ծառ տնկեք: Ջուր չկա, որ ջրենք: Ջուր չկա՞, ջուր բերեք: «Գրանդ քենդին» ոռոգման համակարգ անցկացրեց՝ գործարկեք: Առավոտյան ժամը 6-ն է, պահակը գլուխն է քորում… Հետեւի կողմից:

Էն ե՞րբ էր, հեռուստատեսությամբ ներկայացնում էին Բուսաբանական այգու զարգացման ծրագիրը: Հատակագծին էիր նայում՝ խելքդ գնում էր, իրական այգուն ես նայում՝ խեղճանում, դառնում ես խաբված պողոս: 44-օրյա պատերազմի հերոսների պուրակ էին բացելու՝ չկա, արտասահմաններից հատուկ տնկիներ էին բերել, որ այգում տնկեն՝ 5 հազար հատ։ Չկան։ Տնկեցին մի մասը՝ գրեթե բոլորը չորացան: Թե բա՝ Նիկոլի կառավարությունը լիքը փող է տվել, որ այգին բարեկարգեն, գեղեցկացնեն, մեծացնեն, առավել տեղեկացվածներն էլ պատմում էին, որ Բուսաբանական այգին Մյասնիկյան պողոտայում կառուցվելիք հետիոտնային կամրջով կապվելու է Կենդանաբանական այգու հետ: Մտածեցինք՝ արաաաա, վարչապետ ունենք՝ աշխարհը չունի: Էս ոնց է մեզ սիրում, էս ոնց է խոնարհվում մեր առաջ, էս ոնց է ծնկի գալիս Բուսաբանական այգու ապագայի առաջ: Ի՞նչ իմանայինք, որ այդ վարչապետի բոլոր ծրագրերն ու խոստումներն են կատարվում հակառակ, այսինքն՝ հետեւի կողմից:

ՀՀ ԱԺ մեծարգո նախագահի աթոռին նստող Ալեն Սիմոնյան, հիմա գամ քեզ: 2018 թվին դու չէի՞ր, որ ներխուժել էիր Բուսաբանական այգի ու սելֆիներ էիր անում մացառների մեջ: Ասում էիր` էս ի՞նչ ա, էս ի՞նչ անտերություն ա: Դե վեր կաց ու արի Ծարավ աղբյուրի փողոց, որ սեփական աչքով տեսնես ձեր իշխանության իսկական դեմքը, որի վրա մորուքի տեղ մացառ է աճում: Բայց դու BMW-դ կքշե՞ս մինչեւ Ծարավ աղբյուր, զբաղված մարդ ես, եսիմ: Ի դեպ, ահագին ասֆալտի գործ է բացվել, տենդեր շահելու մոմենտ կա, պարապ ախպեր կա, բան կա: Ասում եմ՝ քանի կալի վրա ես, արի, քեզնով արա էդ գործը: Ավինյանի հետ էլ հո լավ ես արդեն, քաղաքապետարանի աստիճանների վրա գրկում, պաչում-մաչում ես…

Իսկ ինչ վերաբերում է Ավինյանին, ես նրա հետ առանձին խոսելու բան ունեմ: Բայց նախ՝ թրաշդ անուշ, պարոն Ավինյան: Հուսամ՝ մետրոն էլ ես սարքում այն նույն թափով, ինչ թափով քանդում ես Բուսաբանական այգին: Էն Աճառյան փողոցում մեկ հատիկ վերգետնյա հետիոտնային անցում կա, գիտե՞ս: Ձեր չնաշխարհիկ վարչապետն այդ կառույցի տակով է անցնում՝ Իջեւան ու Սեւան գնալիս, ինչու ոչ՝ նաեւ վերադառնալիս: Քանի՞ անգամ եմ ասել, որ հետիոտնային անցման աստիճանները քանդված են, քաղաքացիներն ընկնում, շան փայ են լինում: Ինչո՞ւ չես արձագանքում, Ավինյան Տիգրան: Կարող ա՞ մի հատ էլ քո մասին հաղորդում պատրաստենք ORT-ով, պարոն «գրադանաչալնիկ»:

Բուսաբանական այգու ՔՊ-ական ղեկավարությունը կապի դուրս չի գալիս: Ալո, բոտանիկ, ես պողոսն եմ, պատասխանեք, ես պողոսն եմ… Բոտանիկ, ալո… Պատասխանեք, թե չէ որ եկել եմ, ինչ է, էդ տրուբեքը հանելու եմ ու մտցնեեեեեեմ… Ո՞նց թե՝ մենք ինչ կապ ունենք, Ավինյանին ասա: Ավինյանին արդեն ասել եմ, իսկ տրուբե՞ն ինչ անեմ…

ՀԳ. Հայաստանի սիրելի բնապահպաններ, ի գործ: Փող է կպել, եկեք Լաչինի միջանցքը, ներողություն, Ծարավ աղբյուրի փողոցը փակեք: