Աշխատում ենք՝ մեզ չխնայելով

Աշխատում ենք՝ մեզ չխնայելով

Առաջիկա օրերին դրսից կորոնային ցիկլոնների ներթափանցումներ չեն սպասվում, փոխարենը կպահպանվի վիրուսի տարածման ներքին դինամիկան: Դա նշանակում է, որ, չնայած խստացումներին, քաղաքացիները Երևանում և հանրապետության խոշոր քաղաքներում կշարունակեն երթևեկել միմյանց գրկած կամ միմյանց գրկի, կփռշտան, կհազան և կզրուցեն դիմակների տակից, սուպերմարկետներում ասեղ գցելու, իսկ փողոցներում ավտոմեքենա կանգնեցնելու տեղ չի լինի: Կպահպանվի նաև տեղաշարժման թերթիկի կիրառությունը՝ յուրաքանչյուր 1000 հոգուց մեկի մոտ համամասնությամբ:

ՀՀ արտակարգ առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրուսի տարածման ամենացածր արագություն է գրանցել Վայոց ձորի մարզում՝ ընդամենը 1 մարդ: Կորոնավիրուսը «իգնոր է արել» (բանի տեղ չի դրել) նաև տավուշցիներին՝ ըստերևույթին հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հանգամանքը: Տավուշում կա ընդամենը 2 վարակված պացիենտ: Դբա լավը գնացող Լոռիում ունենք վարակվածության 4, իսկ խոսքաշեն Շիրակում 6 դեպք: Զարմանալի է, որ վիրուսի հանդեպ որոշակի հետաքրքրություն են դրսևորել նույնիսկ քաջ սյունեցիները՝ տալով 8 պացիենտ: Ասենք նաև, որ ոչ մի ապարանցու, թու, թու, թու, վիրուս չի կպել, թեև Արագածոտնում արդեն կա 10 դեպք:

Վիրուսի տարածման դինամիկան անհամեմատ կայուն-աճող է մայրաքաղաքում և հարակից՝ Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում: Մասնագետները դա բացատրում են Երևանի քաղաքապետի և համապատասխան մարզպետների լավ աշխատանքով: Արմավիրցիների վարակվածության 51 դեպք ունենք, Կոտայքում ձգել են 88-ի, բայց այն, ինչ արել է Արարատի մարզպետը, վեր է ամեն տեսակի երևակայությունից: Նրա ղեկավարած մարզում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության 113 դեպք այն դեպքում, երբ կոկորդիլոսավիրուսով վարակվածների թիվը նկատելիորեն իջել է և ձգտում է զրոյի: Դե իսկ Երևանի քաղաքապետի տիտանական ջանքերի մասին էլ դժվար է որևէ բան ասել: Բավական է նշել, որ այս հարցում մեր մայրաքաղաքը մրցում է այնպիսի մեգապոլիսների հետ, ինչպիսիք են Նյու Յորքը, Փարիզը, Պեկինը, Թեհրանը և այլն: Երևանում այս պահի դրությամբ կա 219 վիրուսակիր:

Առողջություն բոլորիդ:

Ձեզ հետ էր արտակարգ ռեժիմի TAVISH-18 թեժ գիծը: