Նազիկ Ամիրյանի գործարանը գնել է Կարապետ Գուլոյանը, գործարանն աշխատում է

Նազիկ Ամիրյանի գործարանը գնել է Կարապետ Գուլոյանը, գործարանն աշխատում է

Երեկ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Այդ գործը, հիշեցնենք, կապված էր Բյուրեղավանի ապակու գործարանի հետ, որը սնանկ էր ճանաչվել։ «Նազիկ Ամիրյանի վերոնշյալ գործողությունների հետեւանքով ընկերությունում կանխամտածված կերպով ստեղծվել եւ ավելացել են անվճարունակության հատկանիշներ, ընկերությունն ի վիճակի չի եղել կատարել պարտավորությունները եւ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հայցի հիման վրա՝ դատարանի 2003թ. դեկտեմբերի 29-ի վճռով ճանաչվել է անվճարունակ, եւ ընկերության գործունեությունը դադարեցվել է՝ պարտապանին՝ «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ին պատճառելով խոշոր չափի՝ 213,103,620 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, պետությունը զրկվել է իրեն պատկանող 80% բաժնեմասն արդյունավետ տնօրինելու հնարավորությունից, որի հետեւանքով բաց է թողել ընդհանուր 205,700,000 ՀՀ դրամ ներդրման ձեւով արտահայտված օգուտը՝ կրելով խոշոր չափի վնաս»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ։ 

Մենք տեղեկացանք, որ գործարանը գնել է Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, ներդրումներ կատարել, եւ գործարանն այժմ կոչվում է «Բելգլաս», զբաղվում է ապակյա շշերի արտադրությամբ։ Մեզ հետ զրույցում Գուլոյանը հաստատեց լուրը․ հարցին, թե ճի՞շտ է, որ Բյուրեղավանի ապակու գործարանն ինքն է գնել, Գուլոյանը պատասխանեց․ «Այո, ճիշտ է: Գործարանի գնման որոշումը կայացրել է իմ ընտանիքը: Հավանաբար տեղյակ եք, որ ընտանիքս բիզնեսով է զբաղվում երկար տարիներ, եւ այս որոշումն էլ կայացվեց քննարկման արդյունքում: Մենք մեր առաջ խնդիր դրեցինք՝ վերականգնել երբեմնի մեծ համբավ ունեցող գործարանի հեղինակությունը: Բացի դա, հարկ եմ համարում նշել, որ մեր ընտանիքը խոշոր ներդրումներ արել ու անելու է բացառապես Հայաստանում, որովհետեւ սա մեր հայրենիքն է, եւ մեր սերունդների ապագան տեսնում ենք Հայաստանում»: 

- Հիմա գործարանն ի՞նչ ծավալով է աշխատում, քանի՞ աշխատող ունի:

- Գործարանն աշխատում է իր հնարավորությունների ողջ ծավալով: Մշտական աշխատանքով է ապահովված 250 հոգի՝ միջինը 150 հազար դրամ աշխատավարձով: Հաջող ընթացքը թույլ է տալիս հայտարարելու, որ առաջիկայում աշխատատեղերը կկրկնապատկվեն:

-  Գործարանը նախկինում պատկանում էր Նազիկ Ամիրյանին, քրեական գործ կա՝ կապված գործարանի հետ, ձեզ այդ պատմությունները չվախեցրի՞ն:

- Գործարանն ունեցել է տարբեր սեփականատերեր, ներքաշվել է դատական գործընթացների մեջ, ճանաչվել է սնանկ: Մինչ մեր կողմից գնվելն այն ավելի քան հինգ տարի այլեւս չէր աշխատում:

- Ի՞նչ եղանակով եւ ումի՞ց եք գնել գործարանը, ի՞նչ ծավալի ներդրում եք կատարել։

- Գնել ենք աճուրդով, ինչպես կարգն է: Կատարել ենք մի քանի միլիարդ դրամի ներդրում: Ներդրման ծավալները չեմ կարող հստակեցնել, որովհետեւ այն լինում է պարբերաբար: Գործարանը պատվերներ է ընդունում Հայաստանում եւ Վրաստանում գործող ամենախոշոր ձեռնարկություններից: Քայլեր ենք ձեռնարկում արտահանման ծավալներն ընդլայնելու եւ նոր գործընկերներ ձեռք բերելու համար: Մենք հավատում ենք գործարանի հաջողությանը: