Ժողովուրդը մեզ չի սիրում, բայց իրանց էլ չի սիրում 

Ժողովուրդը մեզ չի սիրում, բայց իրանց էլ չի սիրում 

Նախօրեին Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ու հատկապես դրանից հետո հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն անակնկալ են եղել նաեւ ԲՀԿ-ական որոշ պատգամավորների համար։ Պատգամավոր Հրանտ Մադաթյանը, ով առաջին օրվանից մասնակցել է պատերազմին եւ չորս ամիս է, ինչպես ինքն է ասում, փողոցում պայքարում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, չթաքցրեց, որ որոշումը չի համաձայնեցվել, «մի թեթեւ» քննարկվել է իրենց հետ։ Մեր զրույցը Մադաթյանի հետ։

- Ինչո՞ւ ԲՀԿ-ն դավաճանեց Հայրենիքի փրկության շարժման օրակարգին, հնարավոր չէ՞ր փողոցով հասնել ձեր պահանջների կատարմանը։

- Հնարավոր էր, բայց․․․ չգիտեմ, կերեւա, էլի։ Պիտի ընտրության գնայինք ամեն դեպքում, թող ժողովուրդը որոշի։

- Չկա՞ տարբերություն՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությա՞մբ ենք գնում, թե՞ առանց նրա, ՀՓՇ-ն երկրորդ տարբերակն էր առաջ տանում, բայց Ծառուկյանը համաձայնեց գնալ Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունների, ինչո՞ւ։

- Առանց իրա եւ իր հետ, իհարկե, շատ մեծ տարբերություն կա, բայց հույս կա, որ արդար ընտրություն կիրականացնեն։

- Իշխանություններին քննադատում են, որ անգամ արդար հանրահավաք չեն կազմակերպում, դուք ի՞նչ հույս ունեք, որ արդար ընտրություն պիտի կազմակերպեն։

- Դե, չգիտեմ։

- Այդ դեպքում չի՞ ստացվում, որ ԲՀԿ-ն աջակցում է Նիկոլ Փաշինյանին, էլ ի՜նչ հայրենիքի փրկություն, ի՜նչ բան։

- Գիտեք, ես էս ժողովրդից գլուխ չհանեցի, ինձ թվում էր, թե ժողովուրդը ոտքի կկանգնի՝ հանուն հայրենիքի փրկության, հանուն այդքան զոհված մեր տղաների, գերիների, ես գիտեի՝ մեր ժողովուրդը կհասկանա, ես՝ ինքս էլ մարզերում էդ ուղղությամբ աշխատանքներ եմ տարել, բայց էդ զոմբիացած մասսայի հետ դժվար էր, ահավոր դժվար։

- Նոյեմբերի 9-ից հետո առաջին հանրահավաքներին, ցույցերին տասնյակ հազարավոր մարդիկ էին փողոց դուրս գալիս, այդքան մարդ, կառույց հրաժարականի պահանջ ներկայացրեց, եւ հետո դուք՝ ընդդիմադիրներդ էիք ասում, որ ազգը սգում է, ամեն մեկը մի պատճառ ունի փողոց դուրս չգալու, գուցե խնդիրը ձեր կուսակցության, շարժման մեջ է, այնքան էլ ակտիվ չէիք փողոցային պայքարում։

- Ես տեղյակ չեմ, թե շարժման լիդերներն ինչ են որոշել, ինչ խոսակցություններ են իրենց մեջ կայացել, բայց բոլոր դեպքերում ժողովուրդը պիտի կանգներ, մենակ դրանից եմ հիասթափված, իմ կարծիքը չի փոխվել, ես գտնում եմ, որ օր առաջ, ժամ առաջ էս իշխանությունը պիտի հեռանա։

- 2018-ին ԲՀԿ-ի օգտին հարյուր հազարից ավելի մարդ է քվեարկել, ստացվում է՝ այդ էլեկտորատը զարտուղի ճանապարհով է ձեւավորվել, ի դեպ, իշխանություններն էլ ձեզ մեղադրում են, որ անցյալում ընտրակեղծարարության եք գնացել։

- Բայց դե գիտեք, որ անցած ընտրությունները «բոլեե-մենեե» արդար ընտրություններ են եղել։

- Եվ ի՞նչ է ստացվում, որ դուք ընտրությունների արդյունքներով ունեք հարյուր հազարից ավելի գաղափարակից, բայց հիմա բողոքում եք, որ փողոց դուրս չեկա՞ն, գուցե դուք չե՞ք ուզել, որ դուրս գան։

- Չգիտեմ, ես չհասկացա, էդ հարցը մինչեւ էսօր իմ համար մութ մնաց։ Միգուցե Դուք իրավացի եք՝ ինչ-որ մի տեղ մենք էլ մեղք ունենք, ես իմ փայով կարամ ասեմ, որ միգուցե լավ բացատրական աշխատանք չեմ տարել, բայց բացատրական աշխատանք պետք էլ չէր, բոլորի աչքի առաջ տեղի ունեցավ ամեն ինչ, 5 հազարից ավել զոհ, 10 հազար վիրավոր, գերիներ, հայրենիքի սահմանները, պատերազմը Ղարաբաղի հետ էր, հիմա Հայաստանում է։

- Բայց փոխարենը դուք համաձայնում եք, այ, այսպիսի իշխանությանը շանս տալ՝ նորից վերարտադրվելու։

- Բայց մենակ մենք չենք հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, Վանեցյանը հայտարարեց, Հայրենիքի շարժումը, Քոչարյանը դեռ մեկ ամիս առաջ էր ասել, որ մասնակցելու է։

- Ձեր եւ նրանց տարբերությունն այն է, որ ԲՀԿ-ի հետ է պայմանավորվածությունը կայացել, դուք եք համաձայնել գնալ Փաշինյանի օրակարգով։ Ծառուկյանը ձեր հետ քննարկե՞լ է այդ որոշումը։

- Չէ, չի քննարկել, մի թեթեւ խոսակցություն ենք ունեցել ոտի վրա, ասել են, որ պիտի պայքարենք, բայց դե հիմա չեմ կարող ասել։ Ես ասել եմ, որ իշխանությունները պիտի գնան, եւ մինչեւ վերջ էլ պայքարելու եմ դրա համար։

- Արտահերթ ընտրությունները կհաղթահարե՞ն ստեղծված ճգնաժամը։

- Եթե արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպեն, կարող է ինչ-որ մի տեղ ժողովուրդը հասկանա, ընդունի, բայց եթե մաքուր չեղավ, ուրեմն թող իմանան, որ ժողովուրդը նորից ըմբոստանալու է։ Ես որ հաստատ պայքարելու եմ, չնայած չեմ էլ հավատում, որ ընտրություններ են լինելու, ներքին ձայնն ինձ ասում է, որ ընտրություններ չեն լինելու։

- Որ ասում եք՝ շարունակելու եք պայքարել, որտե՞ղ՝ փողոցո՞ւմ, ՀՓՇ-ի հե՞տ։ ՀՀԿ-ն, օրինակ, հակված է բոյկոտի, ասում են՝ «դավաճանի» հետ ընտրություն չի կարող լինել։

- Դե, ՀՀԿ-ն իր կարծիքն է հայտնում, չեմ ուզում բացվել, շատ բան ասել, բայց ճիշտը խոսենք, ժողովուրդը պիտի իր խոսքն ասեր։ Միգուցե ժողովուրդը ճիշտ է, որ էս վիճակն է։ Չգիտեմ, բայց պայքարելու եմ, իմ պայքարի մոտեցման ձեւերը կերեւա, ես հիմա անորոշ վիճակի մեջ եմ, չեմ հասկանում։

- Ինչո՞ւ ընտրողը պիտի ձեզ ձայն տա եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանին, ում, փաստորեն, աջակցեցիք իր օրակարգն առաջ տանելու հարցում։

- Չէ, չէ, նման բան չկա, մենք չենք աջակցում, մենք մեր օրակարգն ենք տանում։ Հիմա ի՞նչ անեինք՝ ինչքան կարացինք, արեցինք, գնայինք արյո՞ւն թափեինք, մի ձեւ իրավիճակից դուրս պիտի գայինք։ Ես վստահեցնում եմ՝ Նիկոլի հետ չեմ լինելու, իր իշխանության հետ ես անձամբ չեմ լինելու։ Դա մեր օրակարգն էր, մենք դա վաղուց ենք առաջարկել, Ծառուկյանի առաջին հանդիպման ժամանակ, դեռ հունիսի 9-ին ենք ասել, որ դուք պիտի հեռանաք։

- Բայց դուք ՀՓՇ-ի կազմում էիք։

- Շարժումն արդեն հանգել էր, չէր պրծել, բայց հանգել էր, ընենց չի, որ ես էն կարծիքին եմ, որ չէր կարելի ակտիվացնել, էդ կարծիքին էլ չեմ, բայց իրոք չգիտեմ, թե շարժման ղեկավարների միջեւ ինչ տարաձայնություններ կային, որ սենց եղավ։

- Գուցե ոմանք սկսեցին իշխանության հետ խաղեր տալ։

- Ես չեմ ասի, որ մենք խաղ ենք տվել, բայց չգիտեմ։

- Փաստորեն, Ձեր ասածից կարելի է եզրակացնել, որ մարդիկ փողոց դուրս չեն գալիս, սիրում են իշխանություններին, մարզերում ձեր շփումների ժամանակ են ասել, եւ նրանք էլ վերընտրվելու են։

- Չէ, չէ։ Ժողովուրդը մեզ չի սիրում, բայց իրանց էլ չի սիրում։