Նորմալ է, որ Հակոբ Արշակյանը տվյալ պահին այդպես է վարվել․ սկանդալային փոխթաղապետ

Նորմալ է, որ Հակոբ Արշակյանը տվյալ պահին այդպես է վարվել․ սկանդալային փոխթաղապետ

Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը, որ նոր էր «մարսել» վերջին սկանդալը իր գրառման հետ կապված, նոր գրառում է կատարել` այս անգամ վիրավորական գրառում կատարելով ՄԻՊ Արման Թաթոյանի հասցեին: Նա, ըստ էության, արդարացրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կատարած բռնությունը լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ։

«Հրապարակի» հետ զրույցում պաշտոնյան ասաց՝ իր համար նորմալ է, որ Հակոբ Արշակյանը տվյալ պահին այդպես է վարվել․ «Եթե կարողանում են մտնել ու սադրել՝ խախտելով էթիկայի նորմերը, իհարկե, եկեք չմոռանանք, որ հայ ենք եւ մեր մենթալիտետը չմոռանանք»։

-Մեր մենթալիտետը բռնությո՞ւնն է։

-Ոչ, բռնությանը դեմ եմ։

-Եթե Դուք լինեիք նրա փոխարեն, ապա նույն կերպ կվարվեի՞ք։

-Դե չեմ կարող ասել՝ ինչպես կվարվեի՝ նրա փոխարեն լինեի։ Կարող ա ուրիշ ձև վարվեի, կարող ա ավելի վատ ձևով վարվեի։

-Կսպանեի՞ք։

-Չէ,չէի սպանի, Դուք մանիպուլացնում եք։ Բայց ես սպանելու անուն չտվեցի։

-Ես հարցնում եմ, եթե ավելի վատ ձեւով պատրաստ եք վարվելու, մյուսն արդեն սպանությունն է գալիս։

-Դաստիարակչական ապտակ է տվել։

-Ձեզ համար նորմա՞լ է, որ աշխատանքային ժամին կնոջ հետ ժամանակ անցկացնի պաշտոնյան։

-Եթե հիշում եք՝ Հակոբ Արշակյանը նախարար է, նա կարա կիրակի օրն էլ աշխատի, կարա գիշերը ժամը 3-ին էլ աշխատի։

-Կան ընդունված ժամեր, եւ չենք տեսել, որ այդ նախարարը գիշերվա 3-ին աշխատի։

-Հազար ու մի բան կարա լինի, մեր հետ էլ է եղել, որ ընդմիջում ընդհանրապես չենք արել։ Հակոբ Արշակյանին ճանաչում եմ 2007-2008 թվերից, նա շատ համեստ, հավասարակշռված տղա է, ու պատկերացրեք՝ ինչ ձև է սադրել Փայլակը, որ Արշակյանը հունից դուրս է եկել։

-Ընդամենը հարց է տվել։

-Հարց տալուց Արշակյանը նման վարքագիծ չէր դրսեւորի, ես ձեզ վստահ ասում եմ։ 

-Դուք անընդհատ սկանդալային գրառումներ եք անում ․․․

-Իմ գրառումն ուղղակի քաղաքական գրառում է, սկանդալային գրառում չէ։

-Այդ դեպքում ինչո՞ւ եք ՄԻՊ-ին անդրադառնում՝ վատ կոնտեքստով։

-Ինձ կարո՞ղ եք մի անգամ ցույց տալ, որ ՄԻՊ-ը դատապարտել է 17+-ին, որոնց գլավարները եղել են նախկին պաշտոնյաներ։ Որ մի օր դատապարտած լինի նրանց։ Գիտեք ինչ կա, չի կարելի մարդուն ասել սպանելու եմ, վատ բաներ գրել, չի կարելի վարչապետի երեխաներին ներքաշել քաղաքական թեմաների մեջ։ 

-Երբ ընդդիմադիրների հարթակից բռնության կոչեր են հնչել, ՄԻՊ-ը ֆեյսբուքյան դատապարտող գրառմամբ է հանդես եկել։

-Բոլոր կոչերը սպանության կոչեր են եղել, ոչ միայն բռնության, այլ նաեւ սպանություն։

-Հարգելի փոխթաղապետ, Դուք գիտակցո՞ւմ եք, որ պաշտոն եք զբաղեցնում եւ պետք է քաղաքական զսպվածություն դրսեւորեք։

-Ես իմ վրա դրված պարտականությունները կատարում եմ, իմ գրառումներն անում եմ իմ էջով, այսօր շաբաթ է, ես ստացել եմ նկատողություն աշխատանքային ժամերին նմանատիպ գրառումներ անելու համար, այսօր շաբաթ է, հարկատուների հաշվին չեմ հանգստանում։

-Եթե շաբաթ-կիրակի է, ապա պաշտոնյան ինչ ուզում է, կարո՞ղ է գրել։

-Իսկ կներեք, դուք անդրադարձե՞լ եք մոդել Անիտայի գրածներին՝ Հակոբ Արշակյանին։

-Նա մոդել է,Դուք՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ։

-Ես Ձեզ կխնդրեի 17+-ի գրառուներին անդրադառնալ․․․նրանք էլ նախկին պաշտոնյաներ են, Արմեն Աշոտյանը զբաղեցրել է Կրթության, գիտության նախարարի պաշտոնը, մանկապարտեզներ է վերահսկել, որոնք մեր երկրի ապագան են։

-Այլեւս ոչ պաշտոնյաներից եք խոսում այն դեպքում, երբ երկրի առաջին դեմքը «լայվ» է մտնում է եւ խոսում է ժարգոնով։

-Ես վարչապետի ոչ մի լայվի մեջ չեմ տեսել փողոցային ժարգոն։

-Հայտնի շարժումները չե՞ք հիշում «լայվի» ընթացքում։

-Կարել է նախադասությունից մի բառ հանել, ինչպես իմ գրածից։