Իսկ եթե խա՞յծ է

Իսկ եթե խա՞յծ է

Վերջերս  Ադրբեջանը վրացական ուղղությամբ տեղեկատվական ակտիվություն է ցուցաբերում: Մերթ խոսվում է Կախեթում վրաց-ադրբեջանական լարվածություն «սադրելու փորձերի» մասին, մերթ՝ Մառնեուլիում Նարիմանովի արձանի վերականգնման շուրջ իրավիճակի: Վրաց-ադրբեջանական հարաբերություններն, իհարկե, անամպ չեն:

Բայց թեմայի ադրբեջանական գեներացիան մտահոգիչ է: Այն իմաստով, որ Ադրբեջանը բացառիկ ազդեցություն ունի հատկապես Մառնեուլիի տեղաշրջանում: Իսկ դա հանգուցակետ է, որով անցնում է Հայաստանը Վրաստանին եւ Ռուսաստանին կապող միակ ճանապարհը:  Այս իմաստով ոգեւորության ոչ մի իմաստ չկա, ինչպես հայկական որոշ լրատվամիջոցներ են վարվում: Ադրբեջանը Վրաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունենալու համար չափազանց խոցելի է, բայց կարող է խառնակություն սադրել Մառնեուլիում: Վրաց-ադրբեջանական դիմակայությունը նվազ հավանական է, համագործակցությունը՝ իրականություն:

Բացառված չէ, որ Արցախի դեմ ագրեսիայի ադրբեջւանական կանխածրագրավորումներում տեղ ունի նաեւ Ռուսաստան-Հայաստան ցամաքային կապի խաթարումը: Դա կարող է տեղի ունենալ Մառնեուլիում «ազգամիջյան իրավիճակի սրման» պատրվակով:  Սցենարը կարելի է պատկերացնել, Բաքուն դավագրգռում է տեղաշրջանի էթնիկ ադրբեջանցիներին, որպեսզի բարձրացնեն «ոտնահարված իրավունքների» հարցը, ի պատասխան վրացական իշխանությունները հայտարարում են արտակարգ դրություն, եւ Ռուսաստան-Հայաստան երթեւեկությունը դադարում է: Որքա՞ն ժամանակով՝ կարող է լինել վրաց-ադրբեջանական պայմանավորվածության առարկա: Կարեւորը հայկական կողմի վրա հոգեբանական ազդեցությունն է: Մանավանդ՝ Արցախի դեմ պատերազմ սկսելու պարագայում: Այնպես որ, վրաց-ադրբեջանական դիմակայության թեմայով ադրբեջանական կողմի գեներացիան կարող է լինել Հայաստանի դեմ տեղեկատվական խայծ: