Բյուջեի հաշվին վոյաժների շրջանն սկսված է

Բյուջեի հաշվին վոյաժների շրջանն սկսված է

Երկու տարի շարունակ մեզ հանդիմանում են՝ «բա Սերժի վախտ խի՞ չէիք քննադատում»։ Որպեսզի հատ-հատ չպատասխանենք բոլորին, որոշել ենք ամեն օր մի հոդված ներկայացնել «Հրապարակի» արխիվից։ Այսօր հրապարակում ենք 2017 թ․ հունիսի 7-ի հոդվածը։ Հեղինակ՝ Վահե Մակարյան։

Մեր պաշտոնյաներն իրենց կարգավիճակից բխող գլխավոր առավելությունը համարում են գործուղումները։ Դա է պատճառը, որ կառավարության անդամները, պատգամավորներ, տարբեր պաշտոնյաներ ողջ տարին շրջագայում են, իսկ այդ գործուղումների արդյունավետությունը չի երեւում։ Իհարկե, ամեն մի «կամանդիրովկայից» հետո չինովնիկները լուրջ դեմքով ասուլիս են տալիս ու պատմում, թե որքան կարեւոր էր այդ այցը ինչ-որ մի չխմազ երկիր, եւ թե ինչ հերոսական արարքներ են գործել իրենք այնտեղ՝ հանուն երկրի։ Բայց այդ ամենից մեր երկրում որեւէ էական տեղաշարժ չի լինում, միակ դրական էֆեկտն այդ անձանց բնակարաններում սառնարանների վրա ավելացող հուշանվեր-մագնիսների տեսականու ընդլայնումն է լինում եւ սելֆիները՝ այդ երկրի տեսարժան վայրերից։

Նոր գումարման խորհրդարանի աշխատանքները դեռ նորմալ չմեկնարկած՝ պատգամավորներն արդեն մի քանի ուղղությամբ գործուղումների են մեկնել, որոնց մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը։ Օրինակ՝ Հայաստանից 8 հոգանոց կազմով պատվիրակություն է մեկնել Ռուսաստանի Դաշնության հեռավոր՝ Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզ՝ հունիսի 5-8-ը մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստին։ Մի անհասկանալի կարեւոր գործուղում, որին միայն «Ելք» խմբակցությունից մասնակցում է միանգամից երեք հոգի՝ արեւմտամետների համարում ունեցող Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանն ու Արարատ Միրզոյանը։ Այս հույժ կարեւոր նիստին մասնակցում են նաեւ մյուս խմբակցությունների ներկայացուցիչներ՝ ՀՀԿ-ից Հայկ Բաբուխանյանը, նորաթուխ պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանն ու Հերմինե Նաղդալյանը։ Վերջինս պատվիրակության ղեկավարն է։ «Ծառուկյան դաշինքից» մասնակցում են Տիգրան Ուրիխանյանն ու Տատյանա Միքայելյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը։ Հունիսի 13-16-ն էլ Դանիայի Թագավորության Բորնհոլմ քաղաք կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը՝ մասնակցելու ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին։ Ճամփորդությունների սիրահար Մարգարիտ Եսայանը նույնպես ամառը կանցկացնի վոյաժների մեջ։ ՀՀԿ-ական պատգամավորը հուլիսի 12-17-ն ընկած հատվածում կլինի Լյուքսեմբուրգում՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 43-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Ամառը գործուղումներով է սկսել ոչ միայն խորհրդարանը։ Կառավարությունում եւս բյուջեի հաշվին ճամփորդողները քիչ չեն։ Վարչապետի որոշմամբ, հունիսի 5-7-ը Ռուսաստանի Դաշնության Նոգինսկ քաղաք են գործուղվել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ու եւս երկու պաշտոնյա։ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն էլ հունիսի 4-5-ը գործուղմամբ եղել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանն ու մարզպետի օգնական Գեւորգ Ազատյանը հունիսի 6-8-ը հայ-ռումինական համագործակցության շրջանակներում գործուղվել են Ռումինիա (Տուլչայի նահանգ)։ Հունիսի 19-21-ն էլ Բելառուսի մայրաքաղաք Մինսկ կգործուղվի գյուղնախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

Ամենատպավորիչը, սակայն, Իտալիայի մայրաքաղաք Հռոմ կազմակերպվող գործուղումն է՝ պատվիրակության լայն կազմով։ Հունիսի 6-8-ը պետության հաշվին Հռոմ են մեկնել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխնախարար Կարեն Նազարյանը, ԱԳՆ աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, գյուղնախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման եւ համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը։

Մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանն էլ հուլիսի 5-9-ը կգործուղվի Լեհաստանի Հանրապետության Կրակով քաղաք։ Այս բոլոր գործուղումների վրա միլիոնավոր դրամներ են ծախսվում, որոնց բերած արդյունքը երկրի տնտեսության եւ մյուս ոլորտների զարգացման վրա այդպես էլ հանրությունը չի տեսնում։ Ստանդարտ ընթացակարգային այցեր են, որոնց մի մասը շատ հանգիստ կարող էր եւ չլինել։ Բայց մեր պետությունը դրանք բոլորը մշտապես գնահատում է «շատ կարեւոր», ժողովուրդն է, որ դրանց «կարեւորությունը» ոչ մի կերպ չի զգում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
07.06․2017