Որոշումն ընդունվել է առանց նախարարության հետ համաձայնեցման․ «Ճերմակ հիվանդանոցի» շենքի ճակատագիրն այնքան էլ «ճերմակ» չէ

Որոշումն ընդունվել է առանց նախարարության հետ համաձայնեցման․ «Ճերմակ հիվանդանոցի» շենքի ճակատագիրն այնքան էլ «ճերմակ» չէ

Գրել էինք, որ Գյումրիի քաղաքապետարանն ավագանու հաստատմանն է ներկայացրել գյումրեցիներին հայտնի «Ճերմակ հիվանդանոցի» շենքն աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գին սահմանելու հարցը:

Ուշագրավ է, որ քաղաքապետարանն աճուրդ-վաճառքի է հանել Կումայրի արգելոց-թանգարանի պատմամշակութային արժեք հանդիսացող այդ շենքը՝ պատճառաբանելով, թե շենքը պահելը ծախսատար է: 

«Ճերմակ հիվանդանոց»-ն աճուրդի է հանվել, որպես մեկնարկային գին` սահմանվել է 1 մլրդ 100 մլն դրամը։ Այս առաջարկին հատկապես դեմ են ավագանու ընդդիմադիր անդամները։ Նախ այն պատճառով, որ օր-օրի շուկայում անշարժ գույքի գները բարձրանում են, իսկ նշված արժեքը սահմանվել է  շուրջ 6 ամիս առաջ, ինչը նշանակում է, որ սահմանված գինը չի համապատասխանում պատմամշակութային կառույցի ինքնարժեքին։ Իսկ երկրորդը, որն ամենակարևորն է՝ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի վաճառքը չի բխում համայնքի բարօրությունից ու առավել ևս` շահերից։

«Հաշվի չեն առել այն, որ շենքի մի հատվածը Կարմիր խաչ ընկերությանը վարձակալությամբ է տրված, որի պայմանագրի ժամկետի ավարտին դեռ տասը տարի կա։ Սա դատական գործընթացների պատճառ կդառնա, տարիներով դատական պրոցես կլինի»,- զգուշացնում է ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը ։

Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ դիմել է ԿԳՄՍ նախարարություն, որի պատասխանն արդեն իսկ ստացել է․
«Ճերմակ հիվանդանոցի մասին առնվազն 3 հարց դեռ անպատասխան է։
Նախարարությունը հաստատել է իմ մտահոգությունները և հայտնել, որ որոշումը ընդունվել է առանց նախարարության հետ համաձայնեցման և որի հիմքով համայնքի ղեկավարից պարզաբանում են պահանջել։ 

Միաժամանակ որոշակի թյուրըմբռումներից խուսափելու համար ուզում եմ փոքր անդրադարձ կատարել նախապատմությանը, որը կմտցնի որոշակի հստակեցումներ։ 
Ըստ էության, Ճերմակ հիվանդանոցի շենքը, հուշարձան-շենք լինելուց բացի, նաև պատմություն կերտած շենք է, որը բացառապես կապված է առողջապահության ոլորտի հետ և որը կարելի պահպանել և օգտագործել նույն նշանակությամբ։ Արդյունքում կունենանք մոտ 100 տարվա կենսագրություն ունեցող և ներկայումս գործող հիվանդանոցի շենք-թանգարան։
Այն, որ շենքը ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում և ունի վերանորոգման, վերակառուցման կարիք, փաստ է (դրանում առկա է նաև համայնքապետարանի մեղքը, բայց դա այլ թեմա է)։ 

Ստանձնելով ավագանու լիազորությունները՝ մենք` ընդիմադիր խմբակցությունների ղեկավարներս և ի պատիվ կառավարումը ստանձնած մյուս խմբակցությունների, հետաքրքրվել և հետամուտ ենք եղել շենքի ճակատագրով, որի արդյունքում շենքը նախկին վարձակալը վերադարձրել է համայնքին։ Դրանից հետո համայնքապետարանը շենքը վարձակալությամբ տրամադրելու առաջարկ-հայտարարություն է տարածել, որի հիմքով երեք կազմակերպություն ներկայացրել էին հայտեր և որի արդյունքում կազմակերպվել էր հանրային քննարկում։

Հանրային քննարկմամբ ներկայացվել էին առաջարկներ` կատարել ներդրում չորսհարյուր հազարից մեկ միլիարդ դրամի չափով, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հիմա են ուզում վաճառել, որի արդյունքում շենքը կվերանորոգվեր, կմնար համայնքի սեփականություն և վարձավճարի գումարներն էլ կհարստացնեին համայնքի բյուջեն։ Չտվեցին։ Եվ դրա պատճառը ոչ ոք չգիտի, միայն ենթադրություններ կան։ Եվ որ ոչ կարևոր էր, շահագործվելու էր որպես հիվանդանոց։ Մենք` ընդիմադիր խմբակցություններս, մշտապես հետևողական ենք եղել նշված խնդրի լուծման ուղղությամբ․ համացանցում առկա են բոլոր տեսանյութերը։ Սակայն ի զարմանս մեզ` կարող եմ նեղացնել շրջանակը, ի զարմանս ինձ, ավագանու նիստին ներկայացվում է շենքը աճուրդով օտարելու վերաբերյալ նախագիծ։ Մեր դիտարկումները, որ բացի նրանից, որ այն ներկայացվել է օրենքի խախտմամբ, առկա է նաև հանրային շահ, և պետք է հասարակության լայն շերտերը իրենց կարծիքը հայտնեն, չընդունվեցին մեր գործընկերների կողմից։ 

Հուսով եմ՝ նախարարությանը ուղղված պարզաբանումը կլինի համոզիչ, փաստարկված, միանշանակ կբխի օրենքից և հանրությունը կիրազեկվի ներկայացված պարզաբանման մասին։»,- նշում է ավագանին՝ ավելացնելով. «Կարծում եմ՝ վերը նշված փաստերը վերլուծելիս յուրաքանչյուրի մոտ կծագի առնվազն երեք հարց․

1) ինչու՞ 2022թ մայիսին շենքը չտրամադրվեց վարձակալության, որի արդյունքում և՛ շենքը կվերանորոգվեր, և՛ համայնքի բյուջեի մուտքերը կավելանային.

2) եթե ներկայացված հայտերը, ենթադրենք, չէին բավարարում համայնքապետարանի պահանջները (ի դեպ, համայնքապետարանի կողմից ոչ մի չափորոշիչ սահմանված չի եղել), ինչու՞ վարձակալությամբ տրամադրելու նոր առաջարկ-հայտարարություն չի հրապարակվել

3) ո՞րն է շենքը օտարելու իրական նպատակը»։