Գյումրու քաղաքապետարանը պատմամշակութային արժեքն է վաճառում․ ավագանու անդամները դեմ են

Գյումրու քաղաքապետարանը պատմամշակութային արժեքն է վաճառում․ ավագանու անդամները դեմ են

Նախօրեին Գյումրիի քաղաքապետարանն ավագանու հաստատմանն է ներկայացրել գյումրեցիներին հայտնի «Ճերմակ հիվանդանոցի» շենքն աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գին սահմանելու հարցը:

Ուշագրավ է, որ քաղաքապետարանն աճուրդ-վաճառքի է հանել Կումայրի արգելոց-թանգարանի պատմամշակութային արժեք հանդիսացող այդ շենքը՝ պատճառաբանելով, թե շենքը պահելը ծախսատար է:

Նկատենք, որ մինչ այս շենքը վարձակալությամբ էր տրված, որի ժամկետը լրացել է, եւ այժմ պատմական կառույցի ճակատագիրն անորոշ է․ քաղաքապետարանը մեկ որոշեց այն կրկին վարձակալության հանձնել, եւ դեռ անցած տարի Գյումրիի ավագանին այդ որոշումը կայացրեց: Անգամ հանրային լսումներ անցկացվեցին, քննարկվեց 3 հայտ։ Առաջարկվում էր շենքը որպես բուժհաստատություն շահագործել, իսկ մյուսի դեպքում՝ որպես հյուրանոց: Քաղաքապետարանը 3 հայտատուների առաջարկներն էլ քննարկեց, բայց գտավ, որ 3-ն էլ այնքան շահավետ չեն,  որոնց  հիմքում հանրային շահն է գերակա:

Ի վերջո, «Ճերմակ հիվանդանոց»-ն աճուրդի է հանվելու, որպես մեկնարկային գին` սահմանվել է 1 մլրդ 100 մլն դրամը։ Այս առաջարկին հատկապես դեմ են ավագանու ընդդիմադիր անդամները։ Նախ այն պատճառով, որ օր-օրի շուկայում անշարժ գույքի գները բարձրանում են, իսկ նշված արժեքը սահմանվել է  շուրջ 6 ամիս առաջ, ինչը նշանակում է, որ սահմանված գինը չի համապատասխանում պատմամշակութային կառույցի ինքնարժեքին։ Իսկ երկրորդը, որն ամենակարևորն է՝ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի վաճառքը չի բխում համայնքի բարօրությունից ու առավել ևս` շահերից։

«Հաշվի չեն առել այն, որ շենքի մի հատվածը Կարմիր խաչ ընկերությանը վարձակալությամբ է տրված, որի պայմանագրի ժամկետի ավարտին դեռ տասը տարի կա։ Սա դատական գործընթացների պատճառ կդառնա, տարիներով դատական պրոցես կլինի»,-զգուշացնում է ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը ։

«Շատ գնորդներ կան, բայց այս գույքի համար զուտ գնորդ գտնելով չէ, մենք առաջնահերթ նպատակային գնորդ պիտի գտնենք։ Չեմ ուզում ասել, բայց, Աստված մի արասցե, եթե երկրաշարժ լինի, հանկարծ չասեք՝ լավ բան չես խոսում։ Տեսաք, չէ՞, Թուրքիայում երկրաշարժն ինչ արեց, մենք չգիտենք` պատերազմներին ինչ կլինի։ Մենք մեր երեխեքի անվտանգությունը պիտի ապահովենք, մի հիվանդանոցի հույսին չենք կարող թողնել մեր քաղաքը, մենք մեր քաղաքի ֆանատն ենք», - ասում է Վարդևան Հակոբյանը։

Ուշագրավ է, որ այս շենքի հետ կապված՝ հետաքրքրությունները շատ են։ Բազմաթիվ ներդրողներ են հայտնվել, ովքեր մտադիր  են այն վարձակալել, անգամ վերանորոգել, սակայն քաղաքապետարանն այն համառորեն վաճառել է ուզում: