Չհայտնվենք կոտրած տաշտակի առջեւ

Չհայտնվենք կոտրած տաշտակի առջեւ

Երկրաշարժի կապակցությամբ հայ-թուրքական 30-ամյա փակ սահմանի (Մարգարայի կամրջի) բացվելը թարմացրեց Լաչինի փակ միջանցքի խնդիրը: Ավելի ճիշտ՝ դրա առնչությամբ հակառուսական քարոզչական արշավը: Այն է՝ Նիկոլը բացեց հայ-թուրքական փակ սահմանը, ռուսները չեն կարողանում բացել միջանցքը: Իհարկե, Նիկոլը բացել է թուրքական թույլտվությամբ, եւ, ինչն ավելի կարեւոր է, բացումը համապատասխանում է թուրքական քաղաքական շահերին: Քանի որ հայաստանյան մարդասիրական օգնությունը հսկայական Թուրքիայի համար՝ եղած-չեղած:

Եվ կրկին քարոզչական արշավում դրվել է հին ձայնապնակը՝ Լաչինի (կամ Բերձորի) միջանցքը փակել են ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ՝ ռուսները: Եվ՝ «ինչպե՞ս թե ռուսները» հարցին տրվում է կրկնակի պատասխան՝ իրենց զինվորներն են, չէ՞, արգելում երթեւեկությունը (1), եւ եթե իրենք չեն փակել, ապա ինչո՞ւ չեն բացում (2): Եվ մեկ մեկնաբանություն՝ 1000 անզեն ադրբեջանցին ի՞նչ է, որ չեն կարողանում քշել ճանապարհից: Այսքանով ավարտվում է հարցադրումը, ինչը վկայում է, թե որքան մակերեսային է այդ հարցում (եւ մնացած հարցերում եւս) հակառուսականության քարոզչության մակարդակը մեզանում:

Անցնենք վերը նշված հարցերի «ինքնաբուխ» պատասխաններին եւ վերջիններիս առումով տրամաբանական հարցադրմանը: Թեեւ, ինչ մեղքս թաքցնեմ, եթե տրամաբանությունը լիներ շնչավոր արարած, կարող էր վիրավորվել նման համատեքստում իրեն օգտագործելուց: Այսպիսով, հարց առաջին՝ եթե միջանցքը փակել են ռուսները, ինչո՞ւ էր պետք դա անելը: Դրան հետեւում է «ինքնաբուխ» պատասխանը՝ «որովհետեւ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին մեր տարածաշրջանում եւս դաշնակցել են թուրքերի հետ, եւ բնականաբար, ընդդեմ հայերի»:

Հարց երկրորդ՝ եթե դա է պատճառը, ապա ինչո՞ւ ռուսները չեն փակել միջանցքը մինչեւ դեկտեմբերի 12-ը: Էլ չեմ ասում այն մասին, որ նրանք երկու տարի շարունակ ապահովել են երկկողմանի անվտանգ երթեւեկությունը: Պատասխան (ենթադրյալ)՝ թուրքերն են ստիպել, ու ռուսները վերջիվերջո ենթարկվել են: Հարց երրորդ՝ եթե ստիպված են եղել, ապա որքանո՞վ է դա համապատասխանում իրենց պետական շահերին: Կարծում եմ, որ այստեղ չի կարող հնչել որեւէ պատասխան, քանի որ հայաստանյան մակարդակի հակառուսականությունը դժվար թե կարողանա ձեւակերպել Ռուսաստանի պետական շահերը, այն էլ՝ շրջված: 

Ինչ մնում է ադրբեջանցիներին, ապա պետք է հավելենք, որ միջանցքը մեկ ուղղությամբ կարող է բացվել՝ եթե արցախցիները համաձայնեն լքել իրենց բնակավայրերը: Բայց այստեղ է, որ վերջանում է հարցուպատասխանը, քանի որ միայն քաղաքականապես տհասները կարող են մտածել, որ արցախցիների հեռանալը համապատասխանում է Ռուսաստանի շահերին: Որովհետեւ եթե դա այդպես լիներ, ապա ՌԴ ղեկավարն ինչո՞ւ ստիպեց Նիկոլին ու Ալիեւին՝ դադարեցնել պատերազմը, եւ խաղաղապահ զորախումբ ուղարկեց Արցախ: Պարզ է, որ դա արվեց ադրբեջանցիների գլխավերեւը մահակ պահելու հնարավորություն ունենալու համար: Եվ ոչ թե, ինչպես ասվում է, մեր տարածաշրջանում հերթական ռազմական ներկայություն ունենալու նպատակով՝ հաշվի առնելով Գյումրիի նրանց ռազմաբազան:  

Ինչպես ասվեց, Իլհամը ձգտում է արցախցիներին հեռացնել, ինչից հետո, բնականաբար, նա պահանջելու է նաեւ ռուսների հեռացումը: Ինչը, ի դեպ, բարձրաձայնվել էր Ադրբեջանում դեռեւս անցյալ տարվա վերջերին: Ինչն էլ, չափազանց ծավալուն հոդվածով, արձանագրվել էր ռուսական «Ռեգնում» տեղեկատվական գործակալության կողմից: Իսկ դրանից հետո խնդիրներ ծագեցին «Ռեգնում»-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի համար: 

Եվ, ի վերջո, գործակալության հիմնադրին եւ երկարամյա գլխավոր խմբագրին պաշտոնանկ արեցին: Դա հերթական դրվագն էր ընդամենը, որը բացահայտեց ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում ռուսական կողմի ազդեցության ժամանակավոր թուլացումը մեր տարածաշրջանում: Ժամանակավոր, քանի որ եթե նույնիսկ Իլհամին (ու այդ թվում նաեւ Նիկոլին) հաջողվի ռուսներին հեռացնել այստեղից, ապա պատերազմի ավարտից հետո ՌԴ-ն կվերադառնա մեր տարածաշրջան: Եվ դա կարող է լինել ճիշտ այնպես, ինչպես կատարվեց 100 տարի առաջ: Մնում է՝ այս ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը չանի այնպիսի քայլեր, որ հետո ազգովի չհայտնվենք կոտրած տաշտակի առջեւ: Կամ, ավելի ճիշտ՝ հասցնենք նրան հեռացնել պաշտոնից, որպեսզի չունենա նման ճակատագրական քայլեր անելու հնարավորություն: