Օպերացիա «փոխանո՞րդ»

Օպերացիա «փոխանո՞րդ»

Մամուլից տեղեկացանք, որ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը պետական բյուջեի հաշվին կես ամսով՝ փետրվարի 17-ից մինչեւ մարտի 2-ը, կգործուղվի ԱՄՆ։ Նա կլինի Դալասում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Նյու Յորքում եւ Վաշինգտոնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից պարզ է դառնում, որ «Սինանյանն ԱՄՆ կմեկնի պետական եւ համայնքային կառույցների, երիտասարդական, մշակութային, գիտական, կրոնական կազմակերպությունների, բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու եւ համագործակցության համար հետագա ուղիները քննարկելու նպատակով»: Ընդ որում՝ նա գործուղվում է միայնակ: Նաեւ տեղեկություններ են շրջանառվում, թե իբր Սինանյանին ԱՄՆ գործուղելու հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է կամ գոնե խոստումներ ստանալը:

Համաձայնեք, որ Սինանյանի պես սկանդալային պաշտոնյան ամենահաջող թեկնածուն չէ՝ նման առաքելության համար: Շատերը կհիշեն, թե անցած տարի հարազատ Գլենդելում նա ինչպիսի անփառունակ ընդունելության արժանացավ: Մեր հայրենակիցները Սինանյանի հետ հանդիպումը վերածեցին միտինգի եւ նրան մինչեւ անգամ դավաճան անվանեցին։ Սինանյանն անգամ հանգիստ ճաշել կամ ընթրել չի կարողանում դրսի հայահոծ շրջանների ռեստորաններում, էլ ուր մնաց կարողանա Հայաստան ներդրումներ բերելու բանակցություններ վարել «բիզնես-լանչերի» ճանապարհով: Մի խոսքով՝ հավատս չի գալիս, որ Սինանյանը հենց այդ նպատակով է մեկնում ԱՄՆ:

Սինանյանի ամերիկյան այցի տակ ուրիշ նպատակներ են թաքնված՝ ասում է ներքին ձայնս, իսկ այդ ձայնն ինձ խաբելու հատուկ պատճառներ, վստահ եմ, չունի: Բայց եթե նույնիսկ ներքին հուշարարս էլ չլիներ, միեւնույն է, Փաշինյանի վերջին շրջանի ջղաձիգ գործողությունները, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական զարգացումներն ու դաշնակից շրջանակներից ՀՀ իշխանությունների հասցեին ստեպ-ստեպ հնչող քննադատությունները հուշում են, որ շուտով Հայաստանում ինչ-որ բան, այնուամենայնիվ, տեղի է ունենալու: Հասկանալի է, չէ՞, որ Նիկոլն այնքան «աննորմալ» չէ, որ մեր դժնդակ ժամանակներում ջրային ու օդային պարեկություն ստեղծելու մասին մտածի: Նա Զելենսկու օրինակով շատ լավ տեսնում է, որ օղակը նաեւ իր շուրջ է սեղմվում, ու իրեն հատկացված ժամանակն է այլեւս սպառվում: Շտապ պետք է լուծել փոխանորդի հարցը, իսկ թեկնածուներ ՔՊ-շնիկների մեջ նա չունի: Եվ, ահա, չի բացառվում, որ Փաշինյանի աղքատիկ ընտրությունը կանգ է առել Զարեհ Սինանյանի վրա, եւ հենց Զարեհ Սինանյանին է գործուղում ԱՄՆ, այն էլ՝ ինչպիսի առաջադրանքով՝ ներդրումներ, աշխատատեղեր, սոցիալական բեռի թեթեւացում…  Մեր պողոսներն այսպիսի բաներ շատ են սիրում… Սինանյանը հեսա ԱՄՆ-ում մի երկու «փքված հնդկահավ» կբռնի ու կհամոզի, որ փողով լողացնեն իրենց:

Եվ, ուրեմն, Սինանյանի գործուղման հետ կապված փաշինյանական «տրակտովկային» ես չեմ հավատում: Ես նույնիսկ կասկածում եմ, որ Սինանյանը Փաշինյանի որոշումով է կես ամսով մեկնում ԱՄՆ: Ավելին, ես չեմ բացառում, որ հենց ամերիկյան կողմն է պահանջել Սինանյանին՝ վերաորակավորման եւ նոր առաքելությամբ Հայաստան վերադարձնելու համար: Կես ամիսը քիչ ժամանակ չէ՝ որեւէ երկրի իշխանական վերին էշելոններում տեղակայած սեփական գործակալից տվյալ երկրի ղեկավարի պաշտոնի թեկնածու ստանալու համար, մանավանդ եթե այդ երկրի ձախողված ղեկավարն էլ դեմ չէ դրան: Դիցուք՝ մեր պարագայում Նիկոլը ոչ միայն դեմ չէ Սինանյանին տեսնել իր փոխանորդի կարգավիճակում, այլեւ ուրախ կլինի, եթե հենց Սինանյանը փոխարինի իրեն: Փաշինյանին եւ իր թիմին շուտով անվտանգության երաշխիքներ են պետք գալու, իսկ այսօր վստահելի երաշխիքներ կարող է տալ միայն ԱՄՆ-ն՝ Փաշինյանին ինչ-որ տեղ պատսպարելու եւ իր նոր գործակալին Հայաստանի ղեկավար կարգելու եղանակով:

Ես չեմ զարմանա, եթե կես ամսից թերթերը գրեն, որ Զարեհ Սինանյանը խիստ արժեքավոր հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ազդեցիկ շրջանակների հետ եւ Հայաստան է վերադառնում կլորիկ գումարներ «կպցրած»: Ու կսկսվի՝ բա եկեք Սինանյանին նշանակենք առաջին փոխվարչապետ՝ պետնախարարի իրավունքներով… Արցախ, Արցախ… Այ, թե ինչ պետք է սովորել Արցախից, ոչ մի ընտրություն, այլ իշխանության սահուն փոխանցում: Ընտրությունը շառ ա, ի՞նչ իմանաս, թե ինչ կգա գլխիդ, եթե պողոսները խելքի գան ու թքեն երեսիդ: