Անհեթեթություն չէ՞ արդյոք

Անհեթեթություն չէ՞ արդյոք

ՀՀ վարչապետի պաշտոնին բազմած Փաշինյան Նիկոլը որոշել է նախորդ երեք տարիների տեղը հանել: Եվ ապրիլի 29-ին «գրանդիոզ» ձևով նշել իր կողմից հիմնադրված քաղաքացու օրը: Բանախոսություններ և մշակութային միջոցառումներ կազմակերպել ոչ միայն Երևանում (քաղաքի տարբեր մասերում), այլև մարզային 66 խոշորացված համայնքներում: Որպեսզի թե՛ հայաստանցին և թե՛ հատկապես ողջ աշխարհը տեսնեն, թե ինչ երջանիկ և ուրախ կյանք է մեզ պարգևել ինքը: Որպեսզի հատկապես հայաստանցին իր աչքով տեսնի ու հավատա, որ «թավշյա, ոչ բռնի (և այլն) հեղափոխությունն» իսկապես շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան առաջին հաղթական ազատամարտը: Իհարկե, այդ միտքն անհեթեթություն է՝ հատկապես այն առումով, որ դարերով հաղթանակ չէինք տարել թուրքի նկատմամբ: Սակայն մեր հասարակությանն ախտահարած «նիկոլիզմի» պարագայում ի՞նչը կարող է չլինել անհեթեթություն...

Անհեթեթություն չէ, արդյո՞ք, թեկուզ պաշտոնապես 4 հազար զոհի և երկրի չափերի առումով հսկայական տարածքներ թշնամուն հանձնելու պարագայում տոներ կազմակերպելը: Անհեթեթություն չէ, արդյո՞ք, հաղթական ազատամարտից հպարտ հայության ներուժի օգտագործմամբ իշխանություն զավթելն ու այդ հպարտությունը հողին հավասարեցնելը: Անհեթեթություն չէ, արդյո՞ք, ժողովրդավարության անվան ներքո դատական համակակարգը սեփական կամքի կատարածու դարձնելը: Անհեթեթություն չէ, արդյո՞ք, գայլի երախն ընկած գառան նմանվող վիճակում խաղաղության գաղափարն անընդհատ տարփողելը: Անհեթեթություն չէ, արդյո՞ք, Արցախը, չէ, կներեք, Լեռնային Ղարաբաղը վայրագ թշնամի պետության տարածք համարելը՝ դրա մասին բարձրաձայնելով, իսկ այնուհետև թշնամու կողմից էթնիկ զտման կամ ցեղասպանության քաղաքականությունից բողոքելը: Այն թշնամու, որի հետ անսասան կերպով ու հետևողականորեն ձգտում է խաղաղության: Անհեթեթություն չէ, արդյո՞ք, հայորդիների արյան գնով թշնամուց նվաճված հայկական տարածքները թշնամուն մաս առ մաս հանձնելն ու այնուհետև պատասխանատվությունն այլ երկրի վրա գցելը: Այն երկրի, որը նախկինների օրոք մեզ բարեկամ էր, իսկ ինքը դարձրեց համարյա թշնամի՝ առանց նոր բարեկամ գտնելու: Անհեթեթություն չէ, արդյո՞ք, 44-օրյա պատերազմից առաջ Սարդարապատում հայոց բանակ փառաբանելը, իսկ այնուհետև նույն այդ բանակը հայկական չհամարելը եվ այլն, և այլն... 

Երբեմնի ժողովրդի «փրկիչ» Նիկոլից անցնենք նրա կամակատարներին և մնացածներին, որ անտարբեր մնացին երկրի ճակատագրի նկատմամբ: Անհեթեթություն չէ, արդյո՞ք, ժողովրդավարության անվան ներքո երկրի Սահմանադրություն «բռնաբարելը», որին մասնակցեց նիկոլական «ազգընտիրների» խումբը: Անհեթեթություն չէ, արդյո՞ք, պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո շուրջ 80 հոգանոց պատգամավորական կորպուսից ընդամենը մի քանի հոգու հրաժարական ներկայացնելը: Անհեթեթություն չէ, արդյո՞ք, գիտակցված կամ ապաշնորհության պատճառով (կամ՝ երկուսը միասին) պարտված գլխավոր հրամանատարին ընտրությունների միջոցով կրկին իշխանության բերելը: Անհեթեթություն չէ, արդյո՞ք, մարդկային այդքան ողբերգություններից, թշնամու կողմից Արցախն ու ՀՀ տարածքները օկուպացնելուց հետո ոչ թե նրան Ազգային ժողովի կողմից անցնցում հրաժարական պարտադրելը, այլ նրա շուրջն ավելի համախմբվելը: Անհեթեթություն չէ, արդյո՞ք, խայտառակ պարտությունից հետո, հանուն պետության ու հասարակության անվտանգության ապահովման ոչ թե բանակն ու նրա ոգին վերականգնելը, այլ ճանապարհաշինությամբ մարդկանց զարմացնելը: Անհեթեթություն չէ, արդյո՞ք, գոնե խայտառակ պարտությունից հետո ոչ թե նվիրյալների վերածվելը, այլ գերբարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալն ու ճոխ կյանք վայելելը:

Ասացե՛ք, խնդրեմ, ինչն է մեր երկրում, որ անհեթեթություն չէ: