Իրանցի գեներալներ են սպանվել․ Թեհրանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է պահանջում

Իրանցի գեներալներ են սպանվել․ Թեհրանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է պահանջում

Առնվազն 11 մարդ է զոհվել իսրայելական օդուժի հրթիռային հարձակման հետևանքով՝ Սիրիայի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Մեզզե թաղամասում, որտեղ գտնվում է Իրանի դեսպանատունը։ Այդ մասին հաղորդել է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը, օդային հարձակման զոհերի թիվն աճել է այն բանից հետո, երբ մաքրվել են հարձակման հետևանքով ավերված շենքի բեկորները, որտեղ գտնվում էր Իրանի հյուպատոսությունը։ Աղբյուրի տեղեկությամբ, զոհվածներից 7-ը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) իրանցի ռազմական խորհրդականներ են, այդ թվում՝գեներալներ, երեքը՝ Սիրիայի քաղաքացիներ, եւս մեկը՝ լիբանանցի։

ԻՀՊԿ-ն իր հերթին հայտնել է, որ իսրայելական ռեժիմի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակման հետևանքով սպանվածների թվում են գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին, ինչպես նաև հինգ սպաներ։ 

«Այս հանցագործության արդյունքում նահատակվել են բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և բրիգադային գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին՝ Սիրիայում Իրանի բարձրագույն ռազմական խորհրդականները, ինչպես նաև նրանց ուղեկցող հինգ սպաներ»,- ասվում է ԻՀՊԿ հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում կոչ է արել դատապարտել Իսրայելին Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակման համար, հայտնում է IRNA-ն։ Մշտական ​​առաքելությունը Իսրայելի գործողություններն անվանել է «ահաբեկչական հարձակում» և ընդգծել, որ հարվածը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Նամակում նաեւ նշվում է, որ Իրանը իրեն իրավունք է վերապահում խիստ պատասխան տալու։
Իրանի դիվանագիտական ​​առաքելությունը նաև խնդրել է այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի խնդրանքով բաց նիստ կանցկացնի՝ կապված ապրիլի 2-ին Սիրիայում Իրանի դիվանագիտական ​​հաստատության վրա Իսրայելի հարձակման հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։