Հավայի խոսողները

Հավայի խոսողները

Խոսքի կուլտուրան, սեփական բառի հանդեպ պատասխանատվության զգացումը շատ կարեւոր որակներ են, մանավանդ` իշխանություն կրողների համար: Չէ՞ որ, եթե ձեր շենքի Վարդուշ տատին ասի՝ սիրտս վատ բան ա գուշակում․ պատերազմ է լինելու, դրան կարող եք ուշադրություն չդարձնել` դե, մեծ կնիկ է, գուցե վատ երազ է տեսել, կամ ծերունական հիվանդություններն են գլուխ բարձրացրել: Իսկ երբ պատերազմ են կանխատեսում քո երկրի դեսպանը եւ վարչապետը, չես կարող անլուրջ վերաբերվել:

Մտածում ես՝ ուրեմն, ինֆորմացիա ունեն: Ասենք` Քրիստինե Գրիգորյանի արտաքին հետախուզության ծառայությունը ստույգ տվյալներ է փոխանցել: Ի վերջո, հանրության շրջանում անհարկի խուճապ, հուսալքություն, վախի զգացում առաջացնելն այդքան անմեղ բան չէ, եթե չասենք` դատապարտելի, անգամ պատժի ենթակա արարք է:

Բայց այս իշխանությունը, ցավոք սրտի, 6 տարի շարունակ ապացուցում է, որ սեփական խոսքի նկատմամբ զրո պատասխանատվություն ունի եւ չի գիտակցում հետեւանքները: Եթե անգամ ենթադրենք, որ մոտալուտ պատերազմի մասին ահազանգելն ընդամենը պարզ շանտաժ է, որ Ալիեւի պահանջները կատարեն` Տավուշից հողեր զիջեն, բազում այլ փաստեր էլ կան՝ խոսքի հանդեպ այդ անպատասխանատու վերաբերմունքի մասին վկայող: Եվ դա արտահայտվում է ոչ միայն երկրի համար ճակատագրական հարցերում, այլեւ ցանկացած մանր բանում:

Թողնենք հայտնի հայտարարությունները` վնգստացողների, կոշիկ ու ասֆալտ լիզողների մասին: Ընդամենը վերջերս երկրի ղեկավարն իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ բոլոր բուհերը պետք է քաղաքից դուրս բերվեն` տեղափոխվեն Աշտարակի խճուղի: Միջպետական պայմանագրերով գործող, նաեւ մասնավոր բուհերի ռեկտորներն իրար էին անցել եւ նախարարից հանդիպում խնդրել, որ համոզվեն` իրենց է՞լ են քշելու Աշտարակ: