Մոսկվան պետք է իր մուսուլմաններով զբաղվի

Մոսկվան պետք է իր մուսուլմաններով զբաղվի

Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթավերջին Մոսկվային մերձակա ժամանցային վայրում՝ Crocus City Hall-ում, տեղի ունեցավ վայրագ ահաբեկչություն, որին զոհ գնաց հարյուրից ավելի խաղաղ եւ անմեղ մարդ, եւ 100-200-ի կարգի էլ վիրավորներ եղան։ Աշխարհում ահաբեկչությունները, դժբախտաբար, հազվադեպ երեւույթ չեն։ Ռադիկալ իսլամիստների ահաբեկչություններն անցյալ տասնամյակում այնքան ցնցեցին Արեւմտյան Եվրոպան՝ Փարիզից մինչեւ Մանչեստր, Բրյուսել, Բեռլին եւ այլն, իսկ դրանից էլ վաղ, համարյա մեկ տասնամյակ Ռուսաստանը՝ Նորդ-Օստից ու Բեսլանից սկսած, որ հերթական ահաբեկչությունը խորը ցավ է պատճառում, սակայն ոչինչ նոր աշխարհի համար չի նշանավորում։ 

Այլ հարց է Ռուսաստանի համար։ Ամբողջ մի տասնամյակ Եվրոպայում քարտեզ վերաձեւելու մարմանջով տարված, իսկ 2022-ից Ուկրաինայի վրա հարձակված ու Արեւմուտքի հետ հակամարտող Ռուսաստանում Crocus City Hall-ի գազանային սպանդն արյունալի հիշեցում էր այն մասին, թե որտեղ է Ռուսաստանի իրական թշնամին, եւ որն է Ռուսաստանի հարատեւ ու պատմական առաքելությունը։ Ռուսաստանի թշնամին երբեք էլ քրիստոնյա Եվրոպան չէ, հատկապես՝ ֆրանսիացիները կամ գերմանացիները, ովքեր ցարական արքունիքում երեւի ավելի մեծ թիվ են կազմել, քան ռուս ազնվականները։ Եվ որքան էլ Ռուսաստանը ներքին բարդույթներից Արեւմուտքին հակադրվի, ջանա իրեն «հին ու բարի Եվրոպայի», եվրոպական մշակույթի, քրիստոնեական արժեքների ժառանգորդ, կրող, համարյա պահապան ներկայացնել, իրականում եւ պատմականորեն Ռուսաստանի առաքելությունը բոլորովին այլ է։ 

Ռուսաստանի մեծագույն պատմական արժեքը եւ դերակատարումն այն է, որ ռուսները դեռ միջնադարում կարողացան, ի վերջո, կործանել Ոսկե Հորդան, թոթափել մոնղոլ-թաթարական լուծը եւ իշխանություն հաստատել Հյուսիսային Կովկասից մինչեւ Ալթայ ու Սիբիր սփռված ռազմատենչ, հետամնաց ու վայրագ թյուրք-սելջուկ-մոնղոլ-թաթարական զանգվածների վրա։ Հենց այդ մահմեդական ցեղերին հնազանդեցնելն ու դեպի Եվրոպա նրանց վարգն արգելակելն է եղել եւ մնում Ռուսաստանի մեծագույն ծառայությունն աշխարհին, քաղաքակրթությանը եւ պատմությանը։

Ռուսաստանն ինչպիսին էլ լինի, որքան էլ եվրոպական արժեքներից ու քաղաքակրթությունից հեռու լինի, միեւնույն է, Արեւմուտքի համար աներկբայորեն գերադասելի է, որ Ալթայից մինչեւ Սիբիր ու Հեռավոր Արեւելք տարածվի Ռուսաստանը, այդ տարածքները գտնվեն ռուսական իշխանության եւ իրավազորության ներքո։ Չէ՞ որ ռուսական իրավազորության եւ իշխանության այլընտրանքն այդտեղ Չինաստանն է կամ թյուրք-մահմեդական կազմավորումները։ 
Սակայն արի ու տես, որ այն, ինչ գիտակցում եւ հաշվի է առնում Եվրոպան, իրենց թույլ են տալիս մոռացության տալ կամ մատների արանքով նայել Պուտինը եւ Մոսկվան։ Ոչ միայն աշխարհում, այլեւ Ռուսաստանում, կարծում եմ, շատերին է հետաքրքրել այդ հարցը, եթե առանց լուրջ պատճառի, եղբայրական ու արյունակից ժողովրդի դեմ պատերազմ սանձազերծելով Վլադիմիր Պուտինը 350 հազարի կարգի մարդ է զոհում կամ վիրավոր դարձնում, ապա զինուժն այդպես թուլացնելուց հետո, Աստված մի արասցե, եթե թյուրք-թաթարական խլրտոցներ սկսվեն երկրում, ի՞նչ ուժերով են դրանք ճնշելու։ Crocus City Hall-ի ահաբեկչությունը, որքան էլ Պուտինը եւ իր շրջապատը փորձեն հրապարակավ Ուկրաինայի անվան հետ կապել, ամենքին է տեսանելի, եւ ISIS-ը չի էլ թաքցնում, որ ISIS-Khorasan կառույցի ձեռքի գործն է, եւ իրենք ահաբեկչությունն արել են՝ որպես մահմեդականների վրեժը Ռուսաստանից լուծելու մի քայլ։ Ենթադրաբար, այդ քայլը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ՝ վերջինը։ 

Թե ներքին լսարանի համար ինչ են դատարկախոսում Կրեմլից, իրենց խնդիրն է, բայց Crocus City Hall-ի ահաբեկչությունը խիստ ցավալի եւ արյունալի հիշեցում էր Կրեմլին, թե ովքեր են Ռուսաստանի իրական թշնամիները, եւ որտեղ են խարսխված վտանգները։ Դա Ռուսաստանում սփռված թյուրք-թաթարական մահմեդականությունն է, որ կարող է ծայրահեղ իսլամիստական տեռորիստներ ասպարեզ իջեցնել, կարող է խլրտոցներ սկսել, կարող է Չեչնիայի նման անջատողականության դրոշ պարզել, կարող է Թուրքիայի ձեռքին գործիք դառնալ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Ինչ ասես կարող է լինել։ Հետեւաբար, Մոսկվայում ոչ թե քաղաքակիրթ, խաղաղ ու արյունակից ուկրաինացիների դեմ պետք է պատերազմեն, այլ սեփական մուսուլմաններով զբաղվեն, որ աջուձախ Crocus City-ի ողբերգություններ չկրկնվեն, ու դրանից էլ մեծ աղետներ չպատուհասեն։ 

Եվ նույնկերպ էլ՝ Հարավային Կովկասի, Հայաստանի եւ Վրաստանի պարագայում։ Կրեմլից զախարովաների եւ մնացյալների սանձերը ձգեն, թե չձգեն, ինչ հիմարություններ էլ բառերով ասվեն, գործերում պետք է չափազանց աչալուրջ լինեն եւ իրենց որեւէ հիմարություն թույլ չտան։ Մոսկվան պետք է կարողացածն անի՝ Հայաստանի եվրաինտեգրումը դյուրացնելու եւ արագացնելու համար, քանի որ Հայաստանի եւ Վրաստանի տարածքում կանգնած Եվրամիությունն է Ռուսաստանի ամենահուսալի վահանը եւ պատվարը թուրքական խառնակչությունից եւ ներթափանցումից դեպի Ռուսաստանի մահմեդաբնակ շրջաններ։ Ռուսաստանը պետք է ողջունի ապրիլի 5-ի Բլինքեն-ֆոն դեր Լեյեն-Փաշինյան հանդիպումը Բրյուսելում եւ ոչ միայն չխոչընդոտի, այլեւ ուղիղ նպաստի Հայաստանի բոլոր քայլերին, որոնցով ամրապնդվում են ԵՄ դիրքերը Հարավային Կովկասում։ Հանուն իր սեփական, исконно ռուսական շահերի։