Ինչ ապագա են մեզ հուշում Արեւմուտքից

Ինչ ապագա են մեզ հուշում Արեւմուտքից

Ֆրանսիացին ուկրաինացու նկատմամբ, իմ կարծիքով, ունի նույն վերաբերմունքը, ինչ մենք, օրինակ, աֆղանների նկատմամբ: Չեմ կարծում, թե այդ ժողովրդին որեւէ ձեւով աջակցելու հարցը հետաքրքրի միջին վիճակագրական հայաստանցուն կամ ֆրանսիացուն եւ նույնիսկ՝ ամերիկացուն, չնայած 20 տարում ԱՄՆ-ն, ըստ հեղինակավար մասնավոր համալսարաններից մեկի (Բրաունի) հաշվարկների, այդ երկրի վրա ծախսել է 2,3 տրիլիոն դոլար: Այսինքն՝ օրական ծախսվել է 300 միլիոն դոլար Աֆղանստանում ժողովրդավարական կարգեր հաստատելու վրա: Բայց մի «գեղեցիկ» օր ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թամփը որոշեց ամերիկյան զորքերը հանել այդ երկրից: Իսկ այդ որոշումն իրականացրեց նրա հաջորդը՝ Ջո Բայդենը: Արդյունքում տարեկան 115 միլիարդ դոլարը գցվեց ջուրը: Պատկերացնո՞ւմ եք՝ տարեկան 115 միլիարդ, ինչն ավելի քան 20 անգամ գերազանցում է մեր երկրի տարեկան բյուջեն:

Աֆղանստանի ռազմական թատերաբեմից ԱՄՆ-ն անցում կատարեց դեպի Արեւելյան Եվրոպա՝ Ուկրաինա: Եվ եթե մեկի դեպքում պատերազմը քաղաքացիական էր, այս դեպքում՝ միջպետական, սակայն՝ եղբայրասպան: Ռուս-ուկրաինական պատերազմի 8 ամսվա ընթացքում ԱՄՆ-ն, որպես ռազմական, հումանիտար եւ ֆինանսական օգնություն, ծախսել է 65 միլիարդ դոլար (արեւմտյան այլ երկրների ծախսերը չհաշված): Կամ ամսական 8 միլիարդ դոլար, ինչն ավելին է, քան մեր երկրի տարեկան բյուջեն: Իհարկե, արցախյան առաջին պատերազմի թիկունքի «ցրտի ու մթան» ծանր տարիներին Հայաստանը ստացել է ավելի քան 2 միլիարդ դոլարի հումանիտար օգնություն ԱՄՆ-ից, ինչի համար շնորհակալ ենք ամերիկացիներին: Սակայն ներկայացված թվերի համեմատությունը ցույց է տալիս, թե ինչ տեղ է զբաղեցրել Հայաստանն ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններում: Իսկ եթե մենք հրաժարվենք «պատմական կաղապարներից», այսինքն՝ վերածվենք հիշողությունը կորցրած մանկուրտների, ինչպես խորհուրդ էր տալիս ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, կստանանք ամերիկյան հովանավորություն կամ նույնիսկ ավելին՝ ամերիկյան զենք ստանալու համար «գնանք Ուկրաինայի ճանապարհով եւ հակահարված տանք Ռուսաստանին», ինչպես առաջարկել էր մայրական կողմից հայկական արմատներով ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ջեքի Սփիրը, որ մեկ ամիս առաջ պատվիրակության կազմում այցելել էր Երեւան:

Բայց Հայաստանի բախտից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Փաշինյան Նիկոլը որոշակի դասեր է քաղել ուկրաինական իրադարձություններից: Հիշեցնեմ. կիեւյան 2-րդ «Մայդանից» հետո երկրի նախագահ ընտրվեց դերասան Վոլոդիմիր Զելենսկին՝ ուկրաինացիներին խոստանալով արեւմտյան առատ բարիքներ: Բայց այդ բարիքները (ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու տեսլականն արդեն առկա էր պետության Սահմանադրությունում) ձեռք բերելու համար անհրաժեշտ էր թշնամանալ սլավոն մեկ այլ ժողովրդի հետ: Այն ժողովրդի, որի հետ իրենք նույն պատմական արմատներն ունեն: Չնայած թշնամանքն այնքան էր խորացել, որ ուկրաինացիները ժխտում էին նաեւ դա (եւ շարունակում են ժխտել), որ Կիեւյան Ռուսիայի ժառանգներ են նաեւ ռուսները: Սակայն որքան էլ տհաճ լինի իրենց համար՝ առաջին հերթին հենց ռուսներն են շարունակել ռուսական պետականության ավանդույթը եւ ոչ թե իրենք: Հիշեցնեմ․ որպես առանձին՝ թեկուզ կախյալ պետություն, Ուկրաինան ձեւավորվել է 1-ին համաշխարհային պատերազմի վերջում ռուսական հեղափոխությունների շնորհիվ՝ դրան գումարած այն հանգամանքը, որ դա տեղի է ունեցել գերմանացիների ձեռքով, հիմնականում բոլշեւիկներից գրավված՝ նախկին կայսրության արեւմտյան տարածքների վրա:  

Հիմա անցնենք նրան, թե ինչ ապագա է մեզ հուշում հայկական արմատներով տիկին կոնգրեսականը: 2014-ին Ղրիմի միացումից (ռուսատյացների կարծիքով` բռնակցումից) 4 տարի անց Կերչի նեղուցով կառուցվեց 18,1 կիլոմետրանոց Ղրիմյան կամուրջ, որն ապահովում է ավտոմոբիլային եւ երկաթուղային զուգահեռ ուղիներով տրանսպորտային անցումը: Այն Ռուսաստանի, ինչպես նաեւ, ըստ որոշ աղբյուրների, Եվրոպայի ամենաերկար կամուրջն է: Որպեսզի պարզ լինի այդ կառույցի նշանակությունն անձամբ ՌԴ նախագահի համար, ասեմ, որ կամրջով անցած առաջին բեռնատարի ղեկին եղել է հենց ինքը: Իմանալով հանդերձ, որ այդ կամրջի պահպանությունը Վլ. Պուտինի համար պատվի ու հեղինակության հարց է, Զելենսկին պայթեցնել տվեց այն՝ մինչ այդ անընդհատ զգուշացնում էր, որ պայթեցնելու է, իսկ հետո էլ գլուխ գովելով, թե արեց իր խոստացածը: Ուրիշ հարց, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների՝ արդեն ուշացած զգուշացումներից հետո փորձեց հեռացնել դա իրենից, բայց արդեն ուշ էր (փակագծում ասեմ, որ թերեւս նույն սխեման է գործել նաեւ ռուս լրագրող Դարյա Դուգինայի սպանության դեպքում): 

Ուշ էր ոչ միայն զուտ քաղաքական, այլեւ շատ հստակ նյութական առումով: Որպես պատասխան ստացավ (արդեն մեկ ամիս, ժամանակ առ ժամանակ) շարունակվող ուկրաինական էներգետիկական ենթակառուցվածքի հրթիռակոծումներ: Ինչպես ռուսական տելեգրամյան ալիքներն են հաղորդում, շարքից դուրս է եկել համակարգի 30-40%-ը: Դա մոտավորապես մեր ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի չափով է: Ինչը նշանակում է ողջ երկրով մեկ հոսանքի, ջեռուցման ու ջրամատակարարումների անջատումներ: Իսկ դիմացը ձմեռ է՝ շատ ավելի խիստ, քան լինում է Հայաստանում: Ահա, այդպիսի նախաամանորյա «նվեր» ստացան ուկրաինացիներն իրենց ընտրած նախագահի կողմից: