Գնա Արայիկ Հարությունյանի ճանապարհով

Գնա Արայիկ Հարությունյանի ճանապարհով

Փաշինյանին իշխանությունից հեռացնելը կարող է եւ դուրս գալ օրակարգից: Փաշինյանի հետեւից ընկնելու իմաստը ո՞րն է, երբ նա այլեւս համահայկական օրակարգի կետ չէ: Ինձ ճիշտ հասկացեք: Ես չեմ ասում՝ Փաշինյանը մնա: Ես ընդամենն ասում եմ, որ այլեւս չարժե նրան հեռացնելու վրա ջանք թափել: Արցախից օրինակ վերցնենք: Հիմա ո՞վ է Արցախում Արայիկ Հարությունյանի հրաժարական պահանջում: Այնքան չպահանջեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը, մինչեւ վերջինս գնաց ու մասնակցեց Արցախի փրկության բազմամարդ հանրահավաքին: Թե հիմա գլխիկոր էր մասնակցում` ներողություն խնդրողի տեսքով, թե այլ կերպ, էական չէ: Ընդհուպ Բակո Սահակյանի կողքին էր կանգնել:

Թող ինձ ներեն Հայրենիքի փրկության եւ Դիմադրության շարժման ղեկավարները, բայց պետք է ասեմ, որ Նիկոլի հետեւից ընկնելն այնքան էլ ճիշտ չէր: Ինչքան ընկանք հետեւից, նա այնքան ուռեց իր մեջ, կարեւորեց իր անձն ու պաշտոնը, ինչքան պահանջեցինք հրաժարականը, նա այնքան ամուր կառչեց իր աթոռից: Այսպես հասանք մի տեղ, որ Փաշինյանի համար միանշանակ դարձավ՝ կյանք կամ հրաժարական: Նա էլ, բնականաբար, ընտրեց կյանքը՝ դաչա, փող, վայելքներ, շրջագայություն, ամրացրեց իր ոստիկանությունն ու թիկնազորը, սեփական դատախազ նշանակեց, ԲԴԽ նախագահ, ՍԴ նոր դատավոր, լայն իրավունքներ տվեց յուրային օլիգարխներին եւ այլն, եւ այնքան լկտիացավ, որ մի օր էլ հայտարարեց, թե Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու այլընտրանք չունի:

Այսքանից հետո, երբ բանը բանից անցել է, ու ազգովի հասել ենք անդունդի եզրին, իմաստ ունի՞ պահանջել Փաշինյանի հրաժարականը: Արհամարհել նրան՝ ահա թե ինչ է պետք անել: Նրա անուն-ազգանունն այլեւս մեզ շեղում է մեր գործից՝ այս փոսից դուրս գալու ճանապարհ գտնելուց: Այո, 2 տարի ուշացած, բայց Արցախի օրինակով: Մեզ ուղղակի պետք չէ գլուխ դնել մի մարդու հետ, ով Սոչի գնալուց առաջ հայտարարեց, թե պատրաստ է ստորագրել Պուտինի ասածների տակ: Ինքը, իհարկե, մի փոքր այլ կերպ ասաց, բայց միտքը նույնն էր: Ավելին, դեռ մի բան էլ մուննաթ եկավ Պուտինի վրա․ հլա տեսնենք՝ ինքը մինչեւ վերջ իր խոսքի տե՞րն է լինելու, թե՞ չէ: Այ ընկեր, Պուտի՞նն է մեր ղեկավարը, թե՞ դու: Դու պարտավոր ես թուղթ ստորագրել քո պատկերացումներով, ոչ թե Պուտինի կամ մեկ ուրիշի: Գործընկերներիցս մեկը լավ էր ասել՝ Փաշինյանը Մոսկվայի առաջարկած խաղաղության պայմանագիրն ստորագրելուց հետո կստորագրի նաեւ Վաշինգտոնի առաջարկած պայմանագիրը: Եվ պատկերացրեք՝ կանի: Բավական է Վաշինգտոնից քամիներ փչեն, եւ Փաշինյանը նույն դուխով մուննաթ կգա Բայդենի վրա ու կստորագրի:

Ինչպե՞ս փրկվել՝ չպահանջելով Փաշինյանի հրաժարականը: Ընդդիմությունը հաճախ է ասում՝ անել այս, այս, այս բաները հնարավոր է միայն այս իշխանությունների հեռացումից հետո: Իսկ դուք փորձեք այդ բաներն անել Փաշինյանի հրաժարականն ու հեռացումը չպահանջելով: Արցախի ընդդիմությունը կարողացա՞վ դա անել` Դուք էլ կկարողանաք: Ես ավելի քան վստահ եմ, որ մի օր էլ Նիկոլն է գալու եւ կանգնի ոտքի ելած ժողովրդի հանրահավաքում: Նոյեմբերի 5-ին չկանգնի, 6-ին է կանգնելու, 7-ին, 8-ին, 9-ին… Այն օրն է գլխիկոր կանգնելու հանրության առաջ, երբ Արայիկ Հարությունյանի հանգույն ինքն էլ հասկանա, որ առանց ժողովրդի, առանց Հայաստան պետության, առանց պայքարի ապրելն իմաստ չունի:

Հուսամ՝ ընդդիմադիրները կարողացել են ստիպել իրենց ու լսել ՔՊ համագումարում Փաշինյանի ճառը: Ծայրից ծայր մանիպուլյացիա… Իր թիմի ինչ-որ երեւակայական հաջողություններից էր խոսում. է՛լ հակակոռուպցիոն պայքար, է՛լ ժողովրդավարություն, է՛լ տնտեսական առաջընթաց, է՛լ բանակ, է՛լ պաշտպանություն… ամեն ինչ խառնել էր իրար ու բարձրաձայնում էր լեզվին եկածը: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ ժողովրդից ընդամենը 6 ամիս էր խնդրել` վերականգնելու 44-օրյա պատերազմում կրած վնասն ու շտկելու իրավիճակը: Ու մեկ էլ՝ այսպիսի ելույթ, ասես ոչինչ չի եղել:

Ցինիզմի գագաթնակետ, ոչ պակաս ցինիկ միջոցառում, քան համահայկական հորջորջված «գագաթնաժողովը»: Եվ ի՞նչ` մենք մեր գործը թողած՝ պիտի Փաշինյանի հրաժարակա՞նը պահանջենք: Թքած: Թող մնա իր տեղում, իրեն վարչապետ երեւակայի, իսկ մենք մեր անելիքն անենք, մեր անհնազանդությունը ցույց տանք ու ողջ աշխարհին հասկացնենք, որ Նիկոլը եղած-չեղած մի հաշիվ է, որ նրա հայտարարություններն ու ստորագրություններն այլեւս «ասնավանի» չեն մեզ համար: Ո՞վ պետք է կամ ո՞վ կարող է փողոցում ծովացած հայ ժողովրդին պարտադրել՝ Նիկոլի հետ գնալ կործանման: Շատ է ուզում՝ թող վերցնի իր թիմն ու ցած նետվի որեւէ կամրջից: Աննան է ասել՝ դիակներն անթաղ չի կարելի թողնել: Մեծ սիրով կթաղենք բոլորին: Բայց կա նաեւ Արայիկ Հարությունյանի հանգույն ժողովրդի հանրահավաքին ու պայքարին միանալու տարբերակը:
Շատ էլ հույս չունեմ, որ Փաշինյանը կգա Ֆրանսիայի կամ Ազատության հրապարակ: Նա ավելի շուտ կընտրի երկրից հեռանալու տարբերակը: Նոյեմբերի 5-ին չհեռանա՝ 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին է հեռանալու: Երկու տարի կապիտուլացված ապրելը, ուժերի գերլարումով աթոռ պահելը հեշտ գործ չէ: Հոգեբանորեն հյուծված, բարոյապես ոչնչացված, հիմա էլ արդեն արհամարհված ինչքա՞ն կարելի է ձգել: Նիկոլի պատալոկն այս իրավիճակում ՔՊ վարչության անդամ ընտրվելն էր, ինչի համար կարելի է նույնիսկ շնորհավորել նրան:
Մի հատ լավ երգ կար՝ «դավայ, դասվիդանիյա»:

Բարի ճանապարհ, Նիկոլ: Կներես, որ չեմ կարող ուղեկցել, որովհետեւ ստորագրություն եմ տվել՝ երկրից չբացակայելու: