Սոչիում պայմանավորվածությունները ձեռքբերված են, մտածում են` ինչպես դա մատուցել հասարակությանը

Սոչիում պայմանավորվածությունները ձեռքբերված են, մտածում են` ինչպես դա մատուցել հասարակությանը

Սոչիում Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի ու Վլադիմիր Պուտինի հերթական եռակողմ հայտարարությունը խնդրեցինք մեկնաբանել Հնդկաստանում եւ Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանին։ Հարցրինք՝ արդյոք այս հայտարարությունը նախորդների կրկնությունը չէ՞, նոր միտք կա՞ այստեղ։

«Այդ հայտարարությունն ամբողջությամբ ընկալելու եւ վերլուծելու համար անհրաժեշտ է նախ անդրադառնալ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, որ հեռավար տարբերակով տեղի ունեցավ, եւ, իհարկե, առավել հետաքրքիր էին Լուկաշենկոյի արտահայտությունները, մտքերը, գնահատականները, եւ, իհարկե, մեր լռությունը։ Դրան անմիջապես հետեւեց Սոչիի եռակողմ հանդիպումը։ Ես չգիտեմ՝ ՀԱՊԿ-ի այդ միջոցառումը հատուկ նախապատրաստել էին Սոչիից առա՞ջ, թե՞ դա պարզապես համընկել էր, այսինքն՝ մենք ենթադրո՞ւմ էինք, որ մեր դիրքերը կկարողանանք ամրացնել Սոչիից առաջ՝ որպես ՀԱՊԿ անդամի, եւ Սոչիում կզարգացնենք հաջողությունը, թե՞ դա պատահականություն էր։ Իմ կարծիքով՝ ՀԱՊԿ-ի հանդիպումը, մեղմ ասած, անարդյունավետ էր։ Ես ակնկալիքներ չեմ ունեցել, որ Սոչիի հայտարարությունում լինելու են որակապես նոր բաներ։ Եթե դեռ տեքստին չանդրադառնամ ու կոնցեպտուալ առումով ասեմ, ապա իմ անձնական մոտեցումը հետեւյալն է` կողմերի համար խնդիրներն արդեն քիչ թե շատ պարզ են, եւ խոսքն ավելի շատ ոչ թե քաղաքականության մասին է՝ հատկապես Հայաստանի պարագայում, այլ ավելի շատ վերաբերում է քաղաքական տեխնոլոգիաներին։ Այսինքն՝ հարցը, թե ինչպես ներկայացնել հանրությանն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում 3 երկրների առաջնորդների միջեւ, ինչպես դա իրականացնել։ Այսինքն՝ ավելի շատ քաղտեխնոլոգիա է, քան թե քաղաքականություն։ Բազմիցս նշվել է տարբեր փորձագետների եւ քաղաքական գործիչների, անգամ իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից, որ մենք որեւէ լծակ չունենք՝ գործընթացների վրա ազդելու համար։ Եթե դու լծակ չունես, նշանակում է հնարավորություն չունես քաղաքականությանը մասնակցելու, մշակելու, էլ չեմ ասում՝ իրականացնելու համար։ Այսինքն՝ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան մեծ է Ալիեւի ախորժակը, եւ որքան է Ռուսաստանը պատրաստ, իր շահերից ելնելով, զսպել թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը Հարավային Կովկասում։ Մենք այստեղ լավագույն դեպքում խնդրողի դերում ենք, սա ակնհայտ է, հետեւաբար՝ սպասել, որ Սոչիում պետք է լիներ ինչ-որ լուրջ, բովանդակային հայտարարություն, դժվար է»,- պատասխանեց Մարտիրոսյանը։

Մեր զրուցակցին հարցրինք՝ տպավորություն չունի՞, որ տեքստը խմբագրված էր, ասում են` նախնական տեքստը փոխվել է։ «Իմ 25 տարվա դիվանագիտական փորձից կարող եմ ասել, որ կողմերը ներկայացնում են իրենց գաղափարները, եւ ինչ-որ մեկը դա խմբագրելն իր վրա է վերցնում։ Տվյալ դեպքում, ենթադրում եմ, դա կատարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։ Ադրբեջանցիները տվել են իրենցը, մենք՝ մերը, հետո Պուտինի հետ առանձին մենք ենք քննարկել, ադրբեջանցիներն են քննարկել, ապա իրար հետ են քննարկել։ Սա մեկքայլանոց կոմբինացիա չէ, ամեն անգամ ֆիլտրվում է եւ բերվում է ինչ-որ մի փաստաթղթի, ընդհանուր հայտարարի։ Հիմա՝ 3 կողմին բերել ընդհանուր հայտարարի, դա հնարավոր է միայն մի դեպքում, երբ բովանդակությունն աղքատացվում, քամվում է, որ բոլորն էլ համաձայնեն, եւ ամեն կողմը մեկնաբանի այնպես, ինչպես ինքը ցանկանում է, թե իրեն հաջողվեց այսինչ բանն առաջ տանել, կոտրել հակառակորդին եւ այլն։ Սա բազմակողմ դիվանագիտության բնականոն գործընթաց է, այն դեպքում, երբ երեք կողմերից երկուսը թշնամական վերաբերմունք ունեն միմյանց հանդեպ։ Որպեսզի հայտարարությունը լինի բոլորի համար ընդունելի, այն պետք է ունենա մինիմալ կոնկրետություն։ Սա նոր բան չէ, դա ինձ չի զարմացնում, սակայն որոշ բաներ կան, որոնք մտահոգում են, կամ ավելի մեծ ակնկալիքներ կարող էինք ունենալ։ Դրանք մասնավորապես հումանիտար հարցերն են, որոնք շատ ընտանիքների համար կարեւոր նշանակություն ունեն։ Հումանիտար հարցերի հետ կապված՝ հետեւյալ միտքն է․ «cогласились приложить дополнительные усилия, направленные на безотлагательное решение остающихся задач, включая блок гуманитарных вопросов»: Հումանիտար հարցերից առաջնայինը մեզ համար մեր ռազմագերիներին է վերաբերում։ Ադրբեջանը ոչ թե պարտավորվում է այս խնդիրները լուծել, այլ «համաձայնեցին նոր ջանքեր ներդնել՝ ուղղված խնդիրների լուծմանը»։ Այսպես շատ լղոզված է։ Սա հանդիպման մթնոլորտի մասին է խոսում․ եթե համաձայնության հիմքերը շատ լինեին, գոնե հումանիտար խնդիրների հետ կապված մի փոքր ավելի պարտավորեցնող ձեւակերպումներ կարող էին լինել, որոնք չկան»։

Իսկ ռուս խաղաղապահներին վերաբերող մտքից ի՞նչ կարելի է ենթադրել` որ Արցախում նրանց ծառայությունը երկարաձգվելո՞ւ է։

«Դիվանագիտության մեջ, ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է։ Իրենք այս նույն պարագրաֆում ասում են․ «Aкцентировали востребованность миротворческого контингента  по стабилизации обстановки в регионе: Հիմա՝ «aкцентировали»-ն ո՞րն է, այսինքն՝ ի՞նչ, ընդունե՞լ են, նշե՞լ են, համաձայնե՞լ են։ Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում «aкцентировали»-ն: Քանի որ մինչեւ հանդիպումը հայկական կողմն ասաց, որ 20 տարի էլ ենք պատրաստ եւ այլն, բնական է, փորձել են հնարավորինս այս թեզն ամրագրել, բայց ես չգիտեմ, թե ինչ է նշանակում այդ անհասկանալի բառը՝ «aкцентировали»: Ամենակարեւորը հետեւյալ միտքն է. «Договорились воздерживаться от применения силы или угрозы ее применения, обсуждать и решать все проблемные вопросы исключительно на основе взаимного признания суверенитета, территориальной целостности и нерушимости границ в соответствии с Уставом ООН и Алма-Атинской декларацией 1991 г.»։ Այստեղ կարեւորագույն սկզբունք է ամրագրվել` որ բոլոր վիճահարույց հարցերը, որոնք կարող են լինել, պետք է լուծվեն կողմերի տարածքային ամբողջականության եւ սուվերենության ճանաչման սկզբունքի վրա։ Այս փաստաթղթի ամենից կարեւոր թեզը սա է, իսկ մյուս հետաքրքիր բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարց ընդհանրապես չկա։ Այսինքն՝ Ալիեւին հաջողվել է ամրագրել իր ասածը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել է, եւ այդպիսի խնդիր այսօր գոյություն չունի։ Նույնիսկ «կոնֆլիկտ» բառը չկա տեքստում։ Այսինքն՝ եթե ինչ-որ անտեղյակ մարդ կարդա այս հայտարարությունը, կենթադրի, որ Ղարաբաղ ընդհանրապես չկա, եւ խոսքը վերաբերում է նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԽՍՀՄ փլուզումից հետո չեն կարողանում իրար մեջ սահմանազատում անել։ Ամենակարեւոր հարցը, սակայն, մնում է այն, թե ինչ են պայմանավորվել, որից մենք տեղեկություն չունենք, ընդամենը 3 մարդ գիտի։ Հաշվի առնելով նաեւ այլ աղբյուրներից իմ տեղեկությունները՝ ինձ մոտ տպավորությունն այն է, որ պայմանավորվածությունները ձեռքբերված են, եւ հերթը հիմա քաղաքական տեխնոլոգիաներինն է, թե ինչպես դա մատուցել հասարակությանը։